Ճագարաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էքսփոյնթեր ցեղի ճագար

Ճագարաբուծություն, անասնապահության ճյուղ, զրաղվում է ճագարների բուծմամբ՝ միս, մորթի և աղվամազ ստանալու համար։ Ճագարի միսը դյուրամարս, դիետիկ սննդամթերք է (շատ է սպիտակուցի և ավելի քիչ ճարպի՝ հատկապես խոլեսթերինի պարունակությունը)։ Մորթին արժեքավոր հումք է մորթեղենի արդյունաբերության համար։ Աղվամազը թեթև է, փափուկ, տաք, օգտագործվում է տրիկոտաժ պատրաստելու համար։ Կաշվից պատրաստում են թեթև կոշիկներն կաշվե իրեր։ Ճագարները նաև լաբորատորային (կենսաբանական, բժշկական, անասնաբուժական փորձերի համար) կենդանիներ են։ Ճագարները պատկանում են կրծողների կարգի նապաստակների ընտանիքին։ Ծագել են վայրի ճագարներից։ Ընտանիները վաղահաս են և բնութագրվում են ինտենսիվ աճով։ Կարող են բազմանալ ամբողջ տարին։ Սեռահասուն են դառնում 3-4 ամսականում։ Հղիության տևողությունը 28-32 օր է։ Մեկ մայր ճագարը տարեկան կարող է պտղաբերել 3-6 անգամ (յուրաքանչյուր ծնից ստացվում է 6-8, երբեմն՝ մինչև 15 և ավելի ձագ)։ Նորածին ճագարի կենդանի զանգվածը 60-70 գրամ է, այն կրկնապատկվում է 6-րդ օրը, իսկ 30 օրականում ավելանում 9-10 անգամ։ Կյանքի տևողությունը 7-10, իսկ տնտեսական օգտագործման ժամանակաշրջանը 2-3 տարի է։ Հիմնական կերերն են․ կանաչ խոտաբույսերը, կերային արմատապտուղները, գազար-կաղամբային սիլոսը, մանրացողուն խոտը, հացահատիկը, համակցված կերը և այլն։ Օժանդակ տնտեսություններում կարելի է օգտագործել նաև սննդի թարմ մնացորդները։ Լավագույն մորթի ստացվում է աշնանը և ձմռանը։ Աշխարհում բուծվում է մոտ 60 ցեղ, որոնք ըստ մազածածկի բնույթի բաժանվում են մորթատու և աղվամազատու խմբերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 56 CC-BY-SA-icon-80x15.png