Ղալամքարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղալամքարի (պարս. قلمکاری), կտորը նկարազարդելու իրանական արվեստ։ Իրականացվում է ինչպես ձեռքով, այնպես էլ հատուկ նկարազարդված տպագրական շտամպներով։ Ղալամքարիի կենտրոնը համարվում է Իրանի Սպահան նահանգը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղալամքարին պարսկերենից թարգմանաբար նշանակում է «աշխատանք ղալամով»։ Ղալամը հատուկ գործիք է, որը պատրաստված է բամբուկից կամ խուրմայի ծառի ճյուղից, որն ունի սուր ծայր։ Մյուս ծայրի վրա ամրացված է փոքրիկ մազափունջ, որն օգտագործվում է որպես վրձին։ Սակայն ղալամքարին իրականացվում է ոչ միայն ձեռքով ու ղալամի միջոցով, այլ նաև հատուկ տպագրական շտամպներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի տարածված կարծիք, որ Սպահանի արհեստավորները ղալամքարին հայտնագործել են մոնղոլական արշավանքներից հետո։ Մոնղոլների գրավումից հետո իրանական շուկաներում հայտնվեցին չինական ու մոնղոլական սփռոցներ։ Դա իրանցի արհեստավորներին ստիպեց ստեղծել կտորը նկարազարդելու սեփական ձևը։ Եվ այսպես հայտնվեց ղալամքարին։ Որոշ հետազոտողնր կարծում են, որ ղալամքարին հայտնվել է 16-րդ դարում Սեֆևյանների ժամանակաշրջանում։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղալամքարիում օգտագործվող հիմնական մոտիվները պատմական տեսարժան վայրեր են, տնային ու վայրի կենդանիներ, երաժիշտներ, ծաղիկներ, արաբեսկներ, գրություններ, մեջբերումներ պարսիկ պոետների ստեղծագործություններից, պատմական իրադարձություններ։ Ներկայումս շատ տարածված են ծաղկային նախշերը, արաբեսկները և բուտա նախշը։ Իրանական ղալամքարիում կա երկու հիմնական գունային գամմա` կրեմագույն կտորի վրա արված կարմիր, կապույտ, դեղին և ձյունաճերմակ կտորի վրա` սև, սպիտակ ու կապույտ գույներով արված նախշեր։

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղալամքարիի ժամանակ արհեստավորներն օգտվում են միայն մետաղական օքսիդներից և բնական նյութերից ստացված գույներից։ Ղալամքարիի համար օգտագործվում է հիմնականում բամբակ, մետաքս և կտավ։ Ղալամքարին ամենից շատ արվում է սփռոցների վրա։ Մետաքսից հիմնականում կարում էին հագուստ, իսկ նկարազարդումն արվում էր ձեռքով։ Ղալամքարին թույլ է տալիս օգտագործել մեկից 17 գույն, որոնք պետք է կիրառվեն խիստ հերթականությամբ։ Երբեմն այս տեխնիկայի վարպետներն օգտագործում են նաև ոսկե և արծաթե թելեր։

Գույնի ամրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղալամքարիի համար օգտագործվում են տարբեր արմատներից ու տերևներից, ինչպես նաև մետաղական օքսիդներից ստացված ներկեր։ Երբեմն օգտագործվում են նաև ծաղկների սերմեր և թերթիկներ։ Գոմեշի կաթից բացի, կտորը մշակելու համար օգտագործվում է նաև միրոբալան բույսը։ Արդյունքում ներկերն ավելի հատատուն են դառնում։ Կա նաև ներկերը կտորի վրա պահելու համար մշակման մեկ այլ մեթոդ. կտորը երկար ժամանակ եռացնում են նռան կճեպի թուրմի մեջ, այնուհետև միանգամից տեղափոխում սառը ջրի մեջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]