Ձույլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձույլ, հնամենի գյուղատեղի Վանա լճի հարավարևմտյան ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության Ձույլը մեծ բնակավայր է եղել դեռևս Հայկ Նահապետի ժամանակներում։ Այստեղ գտնվել է ոսկու միակտոր մի ձույլ, որ կշռում էր չորս ձիաբեռ։ Այդ պատճառով էլ գյուղը կոչվել է Ձույլ։ Ոսկու այդ կտորը նման է եղել Ձույլից ոչ շատ հեռու գտնվող Նեմրութ լեռանը։ Սկզբում շինականները որոշում են մանրատել ոսկին և բաժանել միմյանց միջև, սակայն գեղջավագը կանխում է նրանց և ասում․

«Երազում ես տեսա Հայկ Նահապետին։ Նա ասաց, որ այս ոսկին պատկանում է համայն Հայքին։ Ոչ ոք իրավունք չունի մանրատել այն։ Աստվածները կպատժեն այն մարդուն, ով փորձի թեկուզ մի եղունգի չափ ոսկի պոկել նրանից։ Այս ձույլին մենք կարող ենք ձեռք տալ միայն այն ժամանակ, երբ պետք լինի զենք կռել և հայրենի հողը պաշտպանել օտար ասպատակողներից։ Դա պարտավոր են իմանալ բոլոր հայերը և փոխանցել միմյանց որդոց-որդի»։

Ավանդությունն այդ ձույլ ոսկու մասին ուրիշ բան չի հաղորդում։ Սակայն Ձույլը հայտնի է եղել ոչ միայն իր նշանավոր ոսկու կտորով։ Այս գյուղում պատրաստել են հայկական ընտիր նետ ու աղեղ։ Մ․թ․ա․ առաջին դարում գյուղը ասպատակել է հռոմեական զորավար Լուկուլլոսը։ Նա փորձել է տիրանալ ոսկե ձույլին։ Սակայն Ձույլի բնակիչները չեն հայտնել ոսկու տեղը։ Լուկուլլոսն ավերել է գյուղը և սրի քաշել նրա բնակիչներին։ Այն ժամանակվանից էլ գյուղի և նրա միակտոր ոսկու մասին ոչ մի տեղեկություն չկա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։