Ձմեռային ճանապարհ
| Ստեղծում | 1827 | |
|---|---|---|
| Հիման վրա | Winter Journey | |
| Արվեստի ձև | song cycle | |
| Ժանր | ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն | |
| Թարգմանիչ | Otakar Zielecki | |
| Թողարկման ամսաթիվ | 1828 | |
| Լեզու | գերմաներեն | |
| Կոմպոզիտոր | Ֆրանց Շուբերտ | |
| Խոսքերի հեղինակ | Wilhelm Müller | |
| Instrumentation | տենոր, դաշնամուր | |
| Number of parts of this work | 24 movement | |
| Opus number | 89 | |
«Ձմեռային ճանապարհ» (գերմ.՝ Winterreise), ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի վոկալ-դաշնամուրային երգաշար (D. 911, հրատարակվել է որպես Op. 89, 1828 թ-ին), որը հիմնված է գերմանացի բանաստեղծ Վիլհելմ Մյուլլերի 24 բանաստեղծությունների վրա։ Սա Շուբերտի երկրորդ երգաշարն է Մյուլլերի ստեղծագործությունների հիման վրա, հաջորդում է «Չքնաղ ջրաղացպանուհին» երգաշարին (D. 795, Op. 25, 1823)։
Երգաշարը թափառող հերոսի ներաշխարհը ներկայացնող յուրօրինակ մոնոդրամա է։ Սյուժեն գծային չէ. հերոսը, կորցնելով սիրեցյալին, գիշերով լքում է քաղաքը, հետևում գետակին ու լեռնային արահետներին, հանգստանում է ածխագործի խրճիթում, ապա անցնում գյուղով, խաչմերուկով և վերջապես հասնում գերեզմանոց, բայց նրան թվում է, որ նույնիսկ այնտեղ նա հանգիստ չունի։ Անգամ մահից զրկված, նա մերժում է Աստծուն և փորձում է հաշտվել իր հոգեվիճակի հետ։ Վերջում հանդիպում է թափառող փողոցային երաժշտի, որը երգաշարի միակ այլ կերպարն է։ Այդ խորհրդավոր ու երկյուղ ներշնչող կերպարը, ինչպես նաև վերջին տողերում հնչող անպատասխան հարցերը, թողնում են հերոսի ճակատագիրը անորոշ։
Շուբերտը «Ձմեռային ճանապարհը» գրել է երկու մասով՝ յուրաքանչյուրը բաղկացած 12 երգից. առաջին մասը՝ 1827 թ. փետրվարին, երկրորդը՝ 1827 թ. հոկտեմբերին[1]։ Երկու մասերն էլ առանձին հրատարակել է Տոբիաս Հազլինգերը՝ առաջինը՝ 1828 թ. հունվարի 14-ին, երկրորդը՝ 1828 թ. դեկտեմբերի 30-ին (Շուբերտն ինքը սրբագրել դրա շարվածքը նոյեմբերի 19-ին իր մահվանից օրեր առաջ) [2]։
Երգաշարի առանձին երգերը
[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Gute Nacht / Բարի գիշեր
- «Օտար եկա, օտար էլ հեռանում եմ»։ Մայիսին հերոսը նվաճեց աղջկա սերը և հույս ուներ ամուսնանալ նրա հետ։ Բայց այժմ աշխարհը մռայլ է հերոսի համար, և նա պետք է հեռանա՝ ձմռանը, ուշ գիշեր, իր ճանապարհը գտնելով անշարժ ձյան մեջ։ «Սերը սիրում է շրջել մեկից մյուսը»։ Անցնելիս նա սիրելի աղջկա տան դարպասին գրում է «Բարի գիշեր»` ցույց տալու համար, որ մտածել է նրա մասին։
"Gute Nacht" (կատարող` Հանս Դուհան, 1928)
2. Die Wetterfahne / Հողմացույցը
- Տան կտուրին դրված հողմացույցը այս ու այն կողմ է շրջվում փոթորկալի քամիների ներքո՝ ծաղրելով հերոսին և խորհրդանելով տան բնակիչների անկայուն սրտերը։ «Ինչո՞ւ պետք է նրանք հոգ տանեն իմ տառապանքի մասին։ Նրանց աղջիկը հարուստ հարսնացու է»։
"Die Wetterfahne"
3. Gefror’ne Thränen / Սառած արցունքներ
- Հերոսը նկատում է, որ արտասվել է, և հանդիմանում է իր արցունքներին, որոնք այնքան գոլ են, որ արագ սառչում են։ Բայց չէ՞ որ դրանք բխում են բոցավառ սրտից, որը պետք է հալեցնի ձմռան ամբողջ սառույցը։
"Gefror'ne Tränen"
4. Erstarrung / Սառցապատում
- Հերոսն ապարդյուն փնտրում է սիրելի աղջկա ոտնահետքերը ձյան տակ, որտեղ նրանք միասին քայլել են գարնան կանաչին։ Նա ուզում է իր արցունքներով հալեցնել ձյունն ու սառույցը։ Նրան ոչինչ չի մնացել որպես սիրելիից հիշողություն, բացի հրաժեշտի ցավից։ Հերոսի սիրտը սառած է` կրելով սիրելիի պատկերի դրոշմը։ Եթե սրտի սառույցը հալվի, ապա սիրելիի պատկերն էլ կանհետանա։
"Erstarrung"
5. Der Lindenbaum / Լորենին
- Երջանիկ օրերի վկա լորենին, կարծես, կանչում է հերոսին, խոստանալով նրան հանգիստ պարգևել, երբ նա գիշերն անցնում է ծառի կողքով։ Սակայն հերոսը շրջվում ու քայլում է դեպի մթություն և սառնամանիք։ Եվ հիմա, մղոններ հեռու, նա դեռ լսում է լորենու կանչը․ «Այստեղ դու կգտնեիր խաղաղություն»։
"Der Lindenbaum"
6. Wasserfluth / Ջրի տարափ
- Սառած ձյունը ծարավորեն կլանում է հերոսի արցունքները։ Երբ տաք քամիները փչեն, ձյունն ու սառույցը կհալվեն, և փոքրիկ գետակը կտանի դրանք դեպի քաղաք` անցնելով այն տեղով, որտեղ ապրում է նրա սիրելին։
7. Auf dem Flusse / Առվակի մոտ
- Երբեմն ուրախ հոսող առվակը այժմ լռել է՝ ծածկված հաստ սառույցի շերտով։ Սառույցի վրա հերոսը փորագրում է իր սիրելիի անունը։ Գետը խորհրդանշում է հերոսի երբեմն ջերմ ու առատ սիրտը, որն այժմ պատված է սառույցով։
8. Rückblick / Հետադարձ հայացք
- Հերոսը պատմելով, թե ինչպես ձմռան գիշեր հապճեպ գնաց քաղաքից, նաև վերհիշում է դրան նախորդած գարնանն այդ «փոփոխական» քաղաք գալը, և այնտեղ նրան գերած գեղեցկուհու աչքերը։ Երբ նա հիշում է այդ օրերը, նրա մոտ ցանկություն է առաջանում վերադառնալ և լուռ կանգնել սիրելի աղջկա տան առաջ։
9. Irrlicht / Խաբուսիկ լույս
- Խաբուսիկ լույսը մոլորեցրել է հերոսին, բայց նա արդեն սովոր է դրան։ Ամեն ճանապարհ տանում է նույն հանգուցալուծմանը։ Մեր ուրախություններն ու վշտերը լոկ լույսի խաղ են։ Ամեն հոսանք հասնում է ծովին, ամեն վիշտ՝ իր գերեզմանին։
10. Rast / Հանգիստ
- Միայն այժմ, երբ հերոսը կանգ է առել հանգստի, նա գիտակցում է, թե որքան հոգնած ու ցավերով լցված է։ Եվ լռության մեջ առաջին անգամ զգում է այն :«որդին», որը հյուծում է նրան ներսից։
11. Frühlingstraum / Գարնան երազանք
- Հերոսը երազում է գարնան և սիրո մասին, սակայն արթնանում է ցրտի ու խավարի մեջ՝ ագռավների կռռոցի ներքո։ Նա տեսնում է սառցե եղյամի տերևեներ` նկարված պատուհանին։ Ե՞րբ դրանք կանաչ կդառնան։ Ե՞րբ կրկին կգրկի իր սիրելիին։
12. Einsamkeit / Մենություն
- Հերոսը թափառում է, ինչպես տխուր ու մենավոր ամպ` շրջապատված լուսավոր և ուրախ կյանքի հոսանքով։ «Նույնիսկ այն ժամանակ, երբ փոթորիկներն էին սաստիկ մոլեգնում, ես այսքան դժբախտ չէի»։
13. Die Post / Փոստը
- Հերոսը փոստային եղջերափողի ձայն է լսում։ «Ինչո՞ւ է իմ սիրտը այսպես բաբախում։ Քո համար նամակ չկա՛։ Բայց գուցե սիրելի աղջկա մասին որևէ լո՞ւր ստանամ»։
14. Der greise Kopf / Ալեհեր գլուխը
- Սառնամանիքը սպիտակ եղյամ է դրել հերոսի մազերի վրա, և նա ուրախանում է, որ ծերացել է։ Բայց երբ սառույցը հալվում է, սարսափում է նորից իրեն երիտասարդ տեսնելուց․ «Ինչքա՜ն հեռու է դեռ գերեզմանը»։
15. Die Krähe / Ագռավը
- Ճանապարհ ընկած հերոսին ագռավ է հետևում` երբեք նրան չլքելով և սպասելով նրա մահվանը, որպեսզի դիակը ճարակ դարձնել։ «Արդեն շատ չի մնացել։ Ագռա՛վ, եղիր ինձ հավատարիմ մինչև մահ»։
16. Letzte Hoffnung / Վերջին հույս
- Հերոսը նայում է ծառին քամուց դողացող տերևի վրա։ Եթե այն ընկնի, նրա բոլոր հույսերը ևս կփոշիանան։ «Ես ինքս կընկնեմ գետնին և արցունքներ կթափեմ իմ հույսերի «գերեզմանի» վրա», - ասում է հերոսը։
17. Im Dorfe / Գյուղում
- Գյուղում բոլոր մարդիկ իրենց անկողիններում քնած են, միայն շներն են արթուն հաչում։ Մարդիկ երազում ունենալ ինչ չունեն, մխիթարվում լավ ու վատ բաներով։ Հերոսի համար բոլոր երազներն ու երազանքները ավարտվել են և նա այլևս քնածների մեջ մնալու պետք չունի։
18. Der stürmische Morgen / Փոթորկալից առավոտ
- Փոթորիկը հերոսի սրտի պատկերն է՝ վայրագ ու սառն ինչպես ձմեռը։
19. Täuschung / Խաբկանք
- Պարող մի լույս փորձում է շեղել հերոսին ճանապարհից, և նա ուրախությամբ հետևում է։ «Սառույցի, գիշերվա ու սարսափի ետևում» այն ցույց է տալիս նրան մի ջերմ, լուսավոր տուն և ներսում նրան սպասող սիրելի կին։ Բայց դա միայն մոլորություն ու խաբկանք է։
20. Der Wegweiser / Ճանապարհացույցը
- «Ինչո՞ւ եմ քայլում զարտուղի ճամփաներով և խուսափում մյուս ճամփորդներից։ Մի՞ թե որևէ հանցանք եմ գործել։ Ի՞նչ անմիտ ցանկություն է մղում ինձ մենություն փնտրել»։ Հերոսն անվերջ ճամփորդում է՝ փնտրելով խաղաղություն, բայց այն չի գտնում։ Նա նկատում է ճանապարհացույցը. «Պետք է գնամ այն ճանապարհով, որից դեռ ոչ ոք չի վերադարձել»։
21. Das Wirtshaus / Պանդոկը
- Հերոսը հասնում է գերեզմանատուն և ցանկանում է ներս մտնել։ Բայց այս «հյուրանոցում» բոլոր սենյակները զբաղված են։ Նա վճռում է շարունակել իր ճանապարհը՝ հենվելով իր հավատարիմ ցուպի վրա։
22. Muth / Խիզա՛խ
- Հերոսը թափ տալիս է ձյունը դեմքից ու զվարթ երգում՝ լռեցնելու սրտի ալեկոծումները, քայլում է աշխարհով մեկ՝ քամին ու եղանակն անտեսելով: «Եթե երկրի վրա Աստված չկա, ուրեմն մենք ինքներս ենք աստվածներ»։
23. Die Nebensonnen / Կեղծ արևներ
- Հերոսը տեսնում է երեք արև՝ երկնքից իրեն նայող։ «Դուք իմ արևները չեք։ Ես էլ մի ժամանակ երեք արև ունեի, բայց լավագույն երկուսը արդեն մայր են մտել։ Եթե երրորդն էլ հետևի նրանց, մթության մեջ ես ավելի երջանիկ կլինեմ»։
24. Der Leiermann / Քնարահարը
- Գյուղի ետնամասում կանգնած է մի քնարահար երաժիշտ՝ սառած մատներով նվագում է իր գործիքը։ Նրա ամանը միշտ դատարկ է. ոչ ոք չի լսում նրան, շները գռմռում են։ Բայց նրա նվագը երբեք չի դադարում։ «Տարօրինակ ծերուկ։ Գնամ քեզ հետ՞։ Կնվագե՞ս քո գործիքը՝ նվագակցելու իմ երգերին»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Reed, 1985, էջ 441
- ↑ Giarusso, 2008
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blom, Eric (1933). «Foreword and analytical notes». Schubert's "Winterreise". London: The "Winterreise" Society, Gramophone Company.
- Bostridge, Ian (2014). Schubert's Winter Journey: Anatomy of an Obsession. London: Faber & Faber.
- Capell, Richard (1928). Schubert's Song. London: Ernest Benn.
- Giarusso, Richard (2008). «Beyond the Leiermann». In Barbara M. Reul; Lorraine Byrne Bodley (eds.). The Unknown Schubert. Ashgate. ISBN 978-0-7546-6192-4.
- Haywood, Ernest (1939 թ․ հունվարի 20). «Terrifying Songs». Radio Times.
- Mann, William (1955). Schubert Winterreise (Sleeve notes His Master's Voice ASD 552). Gramophone.
- Osborne, Charles (1955). Schubert Winterreise (Sleeve notes His Master's Voice ALPS 1298/9 (Gramophone)).
- Reed, John (1985). The Schubert Song Companion. New York: Universe Books. ISBN 0-87663-477-3.
- Rehberg, Walter; Rehberg, Paula (1946). Schubert: Sein Leben und Werk. Zurich: Artemis-Verlag.
- Robertson, Alec (1965). Schubert, Winterreise (Brochure accompanying Decca SET 270-271). London: Decca Records.
- Youens, Susan (1991). Retracing a Winter's Journey: Schubert's Winterreise. Ithaca, New York: Cornell University Press.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային ճանապարհ» հոդվածին։ |
| ||||||||||||||||