Ձմեռային բնապատկեր (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային բնապատկեր
տեսակգեղանկար
նկարիչՎարդան Մախոխյան
ժանրգեղանկարչություն
հիմնական թեմագյուղական ձմեռային բնապատկեր
Ծանոթագրություններ

Ձմեռային բնապատկեր, Վարդան Մախոխյանի նկարներից է, բնապատկեր, որին բնորոշ է սպիտակ և կապույտ գույների նոր երանգավորումը, այսինքն` սպիտակն ավելի տաք է, իսկ կապույտը հակված է դեպի մանուշակագույնը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևոտ դաշտում միմյանցից հեռու տեղավորված են փայտյա միհարկանի տնակներ` անսովոր բարձրության թեք կտուրներով, որոնցից մեկը մեծ չափերով առանձնացված է առջևի բնագծի վրա։ Նրա կողքին կան նաև հարակից կառույցներ՝ տնտեսական կարիքների համար։ Հասարակ, աղքատիկ տան տեսքը մոռացության է տրվում՝ շնորհիվ գեղանկարի հմայիչ ներգործության։ Տնակների կտուրներին նստած ձյունը պատկերված է նրբանկատ դիտողականությամբ։ Ձյունը լուսավոր մասերում կաթնագույն սպիտակ է, ստվերոտ մասերում` կապույտ, որոնք, միասին վերցրած, ներդաշնակվում են տնակների փայտյա պատերի սրճագույն երանգների հետ, իսկ դրանք իրենց հերթին գեղանկարչորեն շաղկապված են գետնին գոյացած կապույտ ստվերների հետ։

Պատկերի կոմպոզիցիան լրացվում և իմաստավորվում է մեծ ճաշակով ընտրված մանրամասներով։

Բակի ամբողջ համալիրը, պատկերացում տալով գյուղական այդ աղքատիկ տան բնակիչների մասին, միաժամանակ դիտվում է նաև որպես գեղանկարչորեն հարուստ պատկեր։ Անզուգական է բնապատկերի միջին բնագիծը՝ կաթնագույն ձյան ֆոնի վրա մեղմ կապտամանուշակավունով գեղանկարված խոտի դեզով, ավելի հեռուն կանգնած տնակով, նորատունկ ծառերով, մացառուտներով, գետնին ընկած կապտավուն ստվերներով, որոնք և' նկարչական են, և' գեղեցիկ։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մախոխյանի ձմեռային տեսարանները հիացրել են նաև եվրոպացի քննադատներին։ Ֆիլիպ Պերկեզը գրել է. «Դաշտագետիններու ձյունապատ անտառներեն տիեզերքի մեծությունն ու խորությունը դիտողին կը թափանցե ու զայն կը ցնցե։ Սկզբնական ներգործության գաղտնիքը, որ արվեստեն կը ծագի, արվեստագետի անսանձելի ավյունն է»։

Ջերմ է արտահայտվել նաև Ադոլֆ Սքարսելլին.«Մախոխյանը տարբեր երկրներ կատարած այցելություններով կը փնտրե բնության զանազան տպավորություններ, սակայն իր կորովի խառնվածքը չի փոխվիր, այլ իր բարեշրջումին կը հետևի ու կսուզվի ձմեռային տեսարանին մեջ, ինչպես ծովին։ Ու ծովին պես մեր առջև կը պատկերացնե ձյունը։ Միայն անիկա կարող է գնահատել անոր բարձր արժանիքները, ով տեսած է ձմեռային տեսարանները, այն արագ զննությունները, զոր մարդ կրնա ընել տենդային անձկության վայրկյանին մեջ` միջոցներու սովորական պարզությունով, արվեստի զգացումի սովորական լայնամիտ տեսությունովը»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղիշե Մարտկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987