Ձիու թաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձիու թաթ

Ձիու թաթ (լատ.՝ pes equinus), սրունք թաթային հոդի այլաձևություն։ Լինում է բնածին (առաջնային պոլիոմիելիտի պատճառով) և ձեռքբերովի, որը սովորաբար զարգանում է մանկական պարալիչի, ոտնաթաթի հոդերի բորբոքային պրոցեսների, վնասվածքների հետևանքով։ Հաճախ ձիու թաթ. համակցվում է ոտնաթաթի ներսադարձության (pes equinovarus) կամ դրսադարձության (pes equinovalgus) հետ։ Ձիու թաթի դեպքում ներբանը լինում է դեպի վեր բարձրացած, վնասված վերջույթը՝ կարճ, հյուսվածքները՝ ապաճած։

Ներբանի հենման մակերևույթը, որը համապատասխանում է նախագարշապարֆալանգային հոդերին, կոշտացած է, իսկ չհենման շրջանը հարթ է, նուրբ ու փափուկ։ խախտվում է ոտնաթաթի ոսկրերի բնականոն փոխհարաբերությունը, կրունկների ետին մասը բարձրանում է վեր, ոսկրը դուրս է գալիս վեգակրունկոսկրային հոդից ու պտտվում իր երկարաձիգ և ուղղաձիգ առանցքների շուրջը։ Առավել ծռվածքի ժամանակ հենարան է ծառայում նույնիսկ ոտնաթաթի առաջային հատվածի թիկնային մակերևույթը։

Բնածին ձիու թաթի դեպքում կիրառվում է պահպանողական բուժում՝ երեխայի կյանքի առաջին իսկ շաբաթներից սկսած։ Եթե բուժումը դրական արդյունք չի տալիս, վիրահատում են (Զացեպինի մեթոդով)։ Ձեռքբերովի ձիու թաթ. բուժելու համար վիրահատում են թաթի փափուկ հյուսվածքները, ոսկրահոդային ապարատը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 706 CC-BY-SA-icon-80x15.png