Ձեռնամուշտակով տիկինը (Գուստավ Կլիմտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռնամուշտակով տիկինը
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կլիմտ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
Ծանոթագրություններ

Ձեռնամուշտակով տիկինը (գերմ.՝ Dame mit Muff), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի ստեղծագործություն։ Նկարը պատկանում է նկարչի ստեղծագործության ուշ շրջանին և ստեղծվել է Առաջին աշխարհամարտի տարիներին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձեռնամուշտակով տիկինը» նկարը պատկանում է նկարչի ստեղծագործության ուշ շրջանին և ստեղծվել է Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ նա անդրադարձել է գեղեցիկ ավստրուհիների թեմային և ստեղծել է գեղեցիկ անծանոթուհիների դիմանկարների մի ամբողջ շարք, որոնք անվանվել են գեղեցկուհիների կրած նորաձև աքսեսուարին համապատասխան[1]։ Ասիական մոտիվներով նկարի ծաղկազարդ ֆոնին պատկերված սեթևեթ գեղեցկուհու դեմքի ստորին հատվածը կիսով չափ ծածկված է մուգ գույնի ձեռնամուշտակով։ «Ձեռնամուշտակով տիկինը» որոշ ընդհանրություններ ունի Կլիմտի «Գլխարկով և փետրավոր թիկնոցով տիկինը» նկարի[2] և «Ժանտաքիսենու մուշտակով» նկարի հետ[3]։ Նկարի ճշգրիտ չափերը որևէ աղբյուրում չի հիշատակվում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շարքից մի քանի կանացի դիմանկարներ նկարիչն ստեղծել է առանց պատվերի և առձեռն վաճառել է իր արվեստանոցից։ Որոշ նկարներ վաճառվել են ցուցահանդեսներում, որոնք կայացել են նկարչի մահից հետո։ Կլիմտի ֆոնդի ուսումնասիրությունների համաձայն՝ «Ձեռնամուշտակով տիկինը» ամենայն հավանականությամբ նկարվել է Աշներ ընտանիքի անդամներից մեկի պատվերով։ Վիեննայում կայացած Կլիմտի ստեղծագործությունների ցուցահանդեսի կազմակերպչի և «Ձեռնամուշտակով տիկինը» կտավի սեփականատիրոջ նամակագրությունից պարզ է դառնում, որ 1926 թվականին նկարը պատկանել է Ռիխարդ Աշներին։ Նկարի ստեղծման ընթացքում՝ 1917 թվականին Ռիխարդ Աշները նշանադրված է եղել Էլիս Ցիմբլերի հետ և հավանաբար Աշները նկարը նվիրել է հարսնացուին։ Ըստ մեկ այլ վարկածի՝ նկարը կարող է լինել Աշներ ընտանիքից Էմիլի պատվերը, քանի որ նրա հարսնացուի՝ Լիլի Ֆենխելի և «Ձեռնամուշտակով տիկինը» կտավի կնոջ դիմագծերը նման են։ Նկարի պատվիրված լինելու փաստը հաստատվում է նաև Աշներ ընտանիքի մոտ պահպանված գծանկարի առկայությամբ։ 1940-ական թվականներին Աշներները հրեական ծագում ունենալու պատճառով Ավստրիայից հեռանում են դեպի Պրահա, որտեղից հայտնվում են համակենտրոնացման ճամբարում և այնտեղ էլ մահանում են[1]։

«Ձեռնամուշտակով տիկինը» 2014-15 թվականներին ցուցադրվել է Պրահայի ազգային պատկերասրում[2]։ Պրահայի ազգային պատկերասրահի զեկույցի համաձայն՝ մասնավոր կոլեկցիոները նկարը ձեռք է բերել 1920-ականների վերջերին կամ 1930-ականների սկզբին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]