Ձայնավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ձայնավոր հնչյուններից)
Ձայնավորներ
Ենթադասphone?
 Vowels Վիքիպահեստում

Ձայնավորներ, վանկարար հատկություն ունեցող հնչյուններ, որոնց արտասանությունը կատարվում է ձայնալարերի թրթռումով և տեղայնացված չէ։ Ձայնավորներն ամբողջապես կազմված են երաժշտական ձայնից, ունեն նաև արտասանական առանձնահատկություններ (օդի թույլ հոսանք, առանց արգելքի արտաբերություն, լարվածության չտեղայնացում), որոնցով նրանք տարբերվում են բաղաձայններից։

Ժամանակակից գրական հայերենն ունի 6 ձայնավոր հնչյուններ՝ ա, է, ը, ի, օ, ու։ Նույնքան ձայնավորներ ուներ նաև գրաբարը։ Բարբառներում հանդիպում են նաև այլ ձայնավորներ (օրինակ՝ քմայնացած)։

Հայերենում գործածության հաճախականությամբ առաջին տեղում ա ձայնավորն է, ապա՝ է-ն, հետո մյուսները։ Հայերենի բոլոր ձայնավորներն էլ վանկարար են, կազմում են վանկաբուն։ Հնչյունափոխության նկատմամբ առավել զգայուն են է, ի, ու հնչյունները, շեշտադրությանմբ, հնչեղությամբ ետին տեղում է ը ձայնավորը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնավորները միմյանցից տարբերվում են արտասանական խոռոչում եղած շարժուն օրգանների (լեզու, շրթունքներ, փափուկ քիմք) գրաված դիրքով, արձագանքարանի ձևով, չափսով, ձայնի այլևայլ հատկություններով։ Այսպես՝ ըստ և նրա տարբեր մասերի դիրքի զանազանում են առաջնային շարքի, միջին շարքի, ետին շարքի ձայնավորներ, ապա և՝ ստորին բարձրացման, միջին բարձրացման, վերին բարձրացման ձայնավորներ։

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի գրաված դիրքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնալեզվային ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն իր ողջ զանգվածով մղվում է առաջ, լեզվի ծայրը կպչում է ստորին ատամնաշարին և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր միջին մասով, ընդ որում բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը՝ այն վերածելով առաջնային և ետին խոռոչների՝ այս դեպքում առաջնային փոքրացումով։

Հայերենում առաջնային շարքի են գրական հայերենի է (ե), ի ձայնավորները։

Ետնալեզվային ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետին շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն ամբողջությամբ ետ է մղվում, լեզվի ծայրը հեռանում է ստորին ատամնաշարից, և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր ետևի մասով։ Այս դեպքում էլ բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը՝ առաջնային խոռոչի մեծացումով (ետնայինի փոքրացումով)։

Հայերենում ետնալեզվային ձայնավորներ են ա, օ, ու հնչյունները։

Միջնալեզվային ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին շարքի ձայնավորների արտասանության ժամանակ լեզուն մի տեսակ միջին դիրք է բռնում առաջնային ու ետին շարքերի հանդեպ, և լեզվամեջքը դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում հարթությամբ։

Հայերենի ձայնավորներից միջնալեզվային է ը հնչյունը։

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի բարձրացման տարբեր աստիճանների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին բարձրացման ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է ամենացած դիրքում։ Այսպես արտաբերվում է գրական հայերենի ա ձայնավորը։

Վերին բարձրացման ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է համեմատաբար առավել մոտ դիրքում։ Այսպես արտաբերվում են հայերենի ի, ու ձայնավորները։

Միջին բարձրացման ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը միջին դիրք է գրավում ստորին և վերին բարձրացումների հանդեպ։ Այսպես արտաբերվում են է, ը, օ ձայնավորները։

Շրթնային ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրթնային ձայնավորներն արտաբերվում են շրթունքների կորացումով և մի փոքր առաջ ձգված դիրքով. դրանք են՝ օ, ու։ Ոչ շրթնային ձայնավորներն արտասանվում են շրթունքների չեզոք դիրքով, այսպիսիք են՝ ա, է, ի, ը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Արամյան, Ժամանակակից հայերենի ձայնավորները, Երևան, 1962։
  • А. Хачатрян, Спектральный рентгенологический анализ гласных армянского и английского языков, Ереван, 1963։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձայնավորներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 692