Հրթիռ «օդ-մակերևույթ»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
AGM-65 հրթիռի արձակումը A-10 գրոհիչի կողմից։

Հրթիռ «օդ-մակերևույթ» («օդ-երկիր»)՝ կառավարվող ավիացիոն հրթիռ, որը նախատեսված է երկրի, ջրի մակերևույթի վրա գտնվող թիրախը խոցելու համար։ Համարվում է հրթիռային զենքի ավիացիոն համալիրի մի մասը։ Անգլալեզու գրականության մեջ «օդ-մակերևույթ» հրթիռները նշվում են «ASM» («air-surface missile») կամ «AGM» («air-ground missile»), ֆրանսերենում՝ «AS» («air-sol»)։

«Օդ-մակերևույթ» հրթիռները տարբերում են իրենց նշանակությամբ, հեռահարությամբ, թռիչքի բնույթով, ուղղորդման համակարգերով, շարժիչային համակարգերով և այլ չափանիշներով։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օդ-մակերևույթ» առաջին Hs 293 հրթիռը

Առաջին «օդ-մակերևույթ» հրթիռները մշակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում՝ Գերմանիայում։ Հաճախ առաջինն են համարում գերմանական Fritz X սավառնող ավիառումբը, սակայն այն կառավարվող հրթիռից ուներ էական տարբերություն՝ նրա վրա բացակայում էր ուժասարքը, այսպիսով այն համարվում է ժամանակակից կառավարվող ավիառումբերի, այլ ոչ թե հրթիռների նախահայրը։ «Օդ-մակերևույթ» առաջին հրթիռը համարվում է Hs 293 հրթիռը՝ հրթիռային շարժիչով գերմանական սավառնող ռումբը։

Ամերիկացիները պատերազմի տարիներին ստեղծել են «օդ-մակերևույթ» ղեկավարվող զենքի մի քանի տեսակ՝ ներառյալ McDonnell LBD Gargoyle կառավարվող հրթիռը, սակայն մարտական գործողությունների ժամանակ հասցրին կիրառել միայն դրանց մի քանի տեսակը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակտիկական
Х-25 խորհրդային տակտիկական հրթիռը

Նախատեսված են հակառակորդի տակտիկական գոտու սահմաններում գտնվող թիրախները խոցելու համար։ Մտնում են կործանիչ-ռմբակոծիչ, ռազմաճակատային ռմբակոծիչ, հարձակողական և բանակային ավիացիայի սպառազինության մեջ։ Տակտիկական հրթիռների հեռահարությունը մոտ 100 կիլոմետր է, զանգվածը՝ մի քանի տասնյակից մինչև հարյուր կիլոգրամ։ Խորհրդային ավիացիայում այս տերմինը, որպես կանոն, չի օգտագործվել «տակտիկական ավիացիայի» բացակայության պատճառով, նրա խնդիրները կատարում էր «ռազմաճակատային ավիացիան»։

Օպերատիվ-տակտիկական

Նախատեսված է հակառակորդի տարածքի օպերատիվ խորքերում գտնվող թիրախները խոցելու համար, սակայն կարող են օգտագործվել նաև տակտիկական գոտում կարևոր օբյեկտները խոցելու համար։ Կիրառվում է ինչպես ռազմաճակատային (տակտիկական) ավիացիայի կողմից, այնպես էլ ստրատեգիական և հեռահար ռմբակոծիչների կողմից։ Ի համեմատ տակտիկական հրթիռների, ունեն մեծ զանգված և հեռահարություն։ Օպերատիվ-տակտիկական հրթիռների հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր է, զանգվածը՝ մեկ-երկու տոննա։ Կառավարման համար օգտագործվում են կառավարման համակարգի գրեթե բոլոր տեսակները։ Օպերատիվ-տակտիկական հրթիռների դասին են պատկանում նաև հականավային հեռահար հրթիռները։

Ստրատեգիական

Նախատեսված են հակառակորդի խորը թիկունքում տեղակայված թիրախները խոցելու համար։ Որպես կանոն, ունեն մեծ հեռահարություն և ինքնանշանառության իներցիալ համակարգեր։ Ստրատեգիական հրթիռների հեռահարությունը 1000 կմ է, զանգվածը՝ մեկ տոննայից ավել։ Ի սկզբանե ստրատեգիական հրթիռներում որպես մարտական մաս օգտագործվում էր միջուկային լիցք, ինչը դարձրել է դրանք միջուկային զսպման կարևոր բաղադրիչը։ Ժամանակակից ստրատեգիական հրթիռները միջուկայինների հետ հավասար զինված են նաև սովորական մարտական մասերով։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օդ-մակերևույթ» հրթիռները համարվում են ունիվերսալ զենք և կարող են խոցել տարբեր տեսակի թիրախներ։ Սակայն դրանց թվում առանձնացնում են խմբեր, որոնք նախատեսված են որոշակի օբյեկտների ոչնչացման համար։ Որպես կանոն, նրանք տարբերվում են որոշակի մարտական մասի և/կամ նշանառության համակարգի առկայությամբ։

AGM-84 հականավային հրթիռը F-18 կործանիչի թևի տակ
Հականավային

Նախատեսված են հակառակորդի նավերը խոցելու համար։ Որպես կանոն, ունենում են հարաբերականորեն մեծ զանգված և հեռահարություն, ֆուգասային մարտական մաս և նշանառության ռադիոլակացիոն համակարգ։

Հակառադիոլակացիոն

Նախատեսված են հակառակորդի ռադիոլակացիոն համակարգերի խոցման համար։ Որպես կանոն, ունեն ֆուգասային մարտական մաս և նշանառության պասիվ ռադիոլակացիոն համակարգ։

Հակատանկային

Նախատեսված է հակառակորդի զրահապատ տեխնիկան խոցելու համար։ Որպես կանոն, ունեն հարաբերականորեն փոքր զանգված և հեռահարություն, կումուլյատիվ մարտական մաս, այդ թվում նաև տանդեմային։

Հեռահարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հեռահարության «օդ-մակերևույթ» դասի հրթիռների դասակարգման համընդհանուր սահմաններ գոյություն չունեն, այդ պատճառով էլ տարբեր աղբյուրներում նույն հրթիռները կարող են կրել տարբեր անվանումներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Журналы

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրթիռ «օդ-մակերևույթ»» հոդվածին։