Հրեշտակապետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որպես հրեշտակապետեր՝ Սուրբ Գրքում հիշատակված են երեքի անունները՝ Գաբրիել, Միքայել, Ռաֆայել։ Եզրասի Գ գրքում, որը բացակայում է հայ Եկեղեցու աստվածաշնչական կանոնից, հիշատակվում են նաև Երեմիելը և Ուրիելը։ Ընդհանրապես մեզ հայտնի հրեշտակապետերի թիվը հասնում է 11-ի, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր անունը, ինչը բնորոշում է նրա ծառայությունը և դիրքը Աստծո առաջ (յուրաքանչյուր անվան վերջում առկա է «Էլ» վերջավորությունը, որը եբրայերենում Աստծո անվան կարճ տարբերակն է)։ Հրեշտակապետերի անուններն են՝

  • Գաբրիել – Աստծո պատկեր
    Միքայել Հրեշտակապետ:
    Միքայել Հրեշտակապետ:
  • Միքայել – Աստծո նման, Աստծո հզոր
  • Ռաֆայել – Աստծո բժշկություն
  • Անայել – Աստծո լրում
  • Ուրիել – Աստծո տեսում
  • Դակուել – Ինքն աստվածային
  • Բարաքիել – Աստվածային սկիզբ
  • Ադոնիել – իմ տերն Աստված է
  • Փանուել – Աստծո հայտնություն
  • Երեմիել
  • Սաղաթիել

Հրեշտակպետերից առավել մանրամասն տեղեկություններ կարելի է իմանալ միայն Գաբրիելի, Միքայելի և Ռաֆայելի մասին, քանզի միակներն են, որ բացահայտված են մեր կանոնական Աստվածաշնչում։ Չնայած սուրբ Գրիգոր Տաթևացին Գաբրիելի անունը թարգմանում է որպես Աստծո պատկեր, սակայն ընդունված է այն թարգմանել «Աստծո մարդ» (Այր Աստծոյ) կամ «Աստծո զորություն», ինչը Տաթևացին վերագրում է նաև Միքայել հրեշտակապետին։

Եբրայական գրականության մեջ Գաբրիելը միշտ կանգնած է աստծո գահի առաջ, օրհնում է մարդկանց և բարեխոսում է մարդկանց համար։ Ենոքի պարականոն գրքում նա հատուկ պատասխանատվություն է կրում դրախտի համար։ Նա մյուս հրեշտակապետերի հետ պիտի մասնակցի վերջին դատաստանին, ինչն արտաահյտվել է նաև Նոր կտակարանում (Հայտն. 8։2)։ Նա վերջին դատաստանի ժամանակ պետք է հնչեցնի մեռյալների հարության փողը. «Գաբրիելեան փողն գոչէ սուրբք ամենայն անդր հաւաքին» (Սուրբ Ներսես Շնորհալի)։ Սբ. Գրքում Գաբրիելի մասին առաջինը կարդում ենք Դանիելի գրքում (Դան. 8։16, 9։21), ինչից բացահայտում ենք, որ որպես հրեշտակ Գաբրիելը նույնպես արագաշարժ է ու «թռչում է» (Դան. 9։21) և ստացել է մարդկային տեսք, որից, սակայն, մարգարեն ապշում է (Դան. 8։17), ինչպես Զաքարիա քահանան խնկերի սեղանի մոտ (Ղուկ. 1։11-13)։ Զաքարիային հրեշտակը բացահայտում է իր ով լինելը՝ ասելով. «Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ և այդ բանը ավետելու» (Ղուկ. 1։19)։ Սա, ինչպես նաև Աստվածածնի ավետումը (Ղուկ. 1։26-35) ցույց են տալիս, որ Գաբրիելը Աստծո անձնական և անմիջական պաշտոնյան է, որը կատարում է Նրա կարևորագույն հրամանները, որոշումները, տնօրինումները։

Գաբրիելը ավետում է Մարիամին Քրիստոսի ծնունդը

Գաբրիելը հաճախ պատկերներում ներկայացվում է փողը ձեռքիմ կամ շուրթերին, իսկ ավետման դրվագներում՝ ձեռքին ճերմակ ծաղիկ (բրաբիոն)։ Միքայել հրեշտակապետի անունն առավելապես ունի հարցական կառուցվածք՝ «Ո՞վ է Աստծո նման»։ Ըստ ավանդության՝ ա՛յս է եղել նրա մարտական աղաղակն այն ժամանկ, երբ սադրիչ Արուսյակը ապստամբել և ինքն իրեն դրել էր Աստծո տեղ։ Միաքայելն էլ առաջին անգամ Սբ. Գրքում հանդիպում է Դանիելի մարգարեության մեջ, ուր ներկայացվում է որպես «ավագ իշխան» (10։13, 21, 12։1)։ Նրա մասին ակնարկ կա նաև Հուդա Տյառնեղբոր (Հուդա 9) և Հայտնության գրքերում (Հայտն. 12։7)։ Այս վերջինում որպես «Տիրոջ զորքի զորավար» (տե՛ս Հեսու 5։13-16) պայքարում է բարու և ճշմարտության համար՝ ընդդեմ վիշապի և նրա զորքերի։ Հեսուի գրքի հատվածի վրա հիմնվելով (5։13) և զորավարի պատկերը ամբողջացնելու համար Միքայելի ձեռքին հաճախ պատկերում են մերկացրած սուր, իսկ ոտքերի տակ կրնկակոխ եղած վիշապ։ Երբեմն պատկերում են նաև կշեռքը ձեռքին, ինչը ցույց է տալիս արդարներին և մեղավորներին դատելու իրավունքը։ Առավել քիչ են տեղեկությունները Ռաֆայել հրեշտակապետի մասին։ Դրան հանդիպում ենք միայն Տոբիթի երկրորդականոն գրքում (Տոբ. 5։5-6), ուր հայտնվում է ծպտված կերպով, բժշկում է Տոբիթին և Տուբիի ապագա կնոջը՝ Սառային (Տոբ. 6։18-21, 11։13-15), ինչպես իր՝ «Աստծո բժշկություն» կամ «Աստված բժշկում է» անունն էլ է վկայում։ Ռաֆայելը ներկայացվում է նաև որպես աղոթքներն առ Աստված հասցնող հրեշտակ (Տոբ. 12։12)։

Երկնային զորությունները, համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի, մասն են կազմում Սուրբ Եկեղեցու` զբաղեցնելով Անդրանկաց կամ Հաղթանակած եկեղեցու դասը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի տոն նվիրված հրեշտակապետներին և բոլոր հրեշտակներին`«Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի և Միքայելի ու բոլոր երկնային զորքերի տոնը»։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002թ
  3. Գրիգոր Տաթևացի, Գիրք Հարցմանց, Երուսաղեմ։
  4. Շնորհք արք. Գալուստեան, Հայազգի Սուրբեր, Երևան, 1997թ.։
  5. Ժամագիրք ատենի, Երուսաղեմ, 1986թ։
  6. Толковая Библия, Том 3, Стокгольм, 1987г.
  7. Новый библейский словапь, часть 1, Санкт-Петербург, 1999г.