Հրեական մարտական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեական մարտական կազմակերպություն
Նկարագրություն
Տեսակկազմակերպություն և Լեհական դիմադրության շարժում (Երկրորդ համաշխարհային պատերազմ)
Երկիր Գեներալ-նահանգապետություն
Կառուցվածհուլիսի 28, 1942
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Հրեական մարտական կազմակերպության պաստառ
Կազմակերպության տարբերանշանը

Հրեական մարտական կազմակերպություն (լեհ.՝ ŻOB, Żydowska Organizacja Bojowa, իդիշ՝ ייִדישע קאַמף אָרגאַניזאַציע), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանի հրեաների կողմից ձևավորված ընդհատակյա զինված կազմակերպություն, որը հրեական դիմադրության ամենահայտնի ռազմականացված կազմակերպությունն էր և հիմնականում գործում էր Վարշավայի գետտոյի տարածքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական մարտական կազմակերպության ջոկատները ձևավորվել են 1942 թվականի հուլիսի 28-ին Վարշավայի գետտոյում՝ սոցիալիստական ռազմական Հակաֆաշիստական դաշինք կազմակերպության, սիոնիստական «Խա-շոմեր խա-ցաիր», «Դրոր», «Ցուկունֆտ» կազմակերպությունների և «Բունդ» երիտասարդական կազմակերպության անդամների կողմից։ Վերջինս միացել է 1942 թվականի հոկտեմբերի 15-ին։ Հրեական մարտական կազմակերպության կազմում չեն եղել «Բեյթար» կազմակերպության անդամները, որոնք ունեին աջ հայացքներ։ «Բեյթարի» անդամները անդամակցում էին այլընտրանքային կազմակերպություններից մեկին՝ Հրեական զինվորական միությանը, որը ձևավորվել էր հրեական բանակի զինվորականների կողմից։ Հրեական մարտական կազմակերպության հրամանատարը եղել է Մորդեխայ Անելևիչը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական մարտական կազմակերպությունը սպառազինություն կուտակում էր Կրայովի բանակի ու Լյուդովի գվարդիայի ընդհատակյա ստորաբաժանումների օգնությամբ և Հայրենիքում կառավարության ներկայացուցչության ու Լեհական աշխատավորական կուսակցության կողմից ճանաչվել որպես հրեական ռազմական իրավասու կազմակերպություն։ Քաղաքական տեսանկյունից Հրեական մարտական կազմակերպությունը ենթարկվում էր Հրեական ազգային կոմիտեին ու այդ կազմակերպության միջոցով՝ Հայրենիքում կառավարության ներկայացուցչությանը։

Ի սկզբանե Հրեական մարտական կազմակերպությունն զբաղվում էր գետտոյի տարածքում, այսպես կոչված, «բունկերների» կառուցման և կահավորման գործով։ Սպառազինության ձեռքբերման համար Հրեական մարտական կազմակերպությունը զբաղվում էր սեփականազրկմամբ՝ հարձակումներ գործելով Յուդենրատի և Բանկ գետտոյի վրա։ Կազմակերպությունը զբաղվում էր քարոզչությամբ, կռվում Ժագև և 13-ի խումբ կազմակերպություններից հրեա կոլաբորացիոնիստների դեմ, մահապատժի ենթարկում նացիստների հետ համագործակցող անձանց ու տեղեկատվություն տրամադրողներին։ 1942 թվականի հոկտեմբերի 29-ին կազմակերպությունն իրականացրել է իր առաջին մահապատիժը՝ մահվան դատապարտելով հրեական ոստիկանության փոխհրամանատար Յակուբ Լեյկինին։

Հրեական մարտական կազմակերպության ոչ մեծ լոկալ մասնաճյուղեր են գործել Կրակովում, Չեստոխովայում, Սոսնովեցում և Բենձինում։ Այս մասնաճյուղերը հիմք հանդիսացան ապագա զինված դիմադրության համար՝ իրենց քաղաքներում գետտոները ոչնչացնելու համար։

1942 թվականի դեկտեմբերի 22-ին, Իցհակ Ցուկերմանի գլխավորությամբ, Հրեական մարտական կազմակերպության Կրակովի մասնաճյուղը, Լյուդովի գվարդիա մարտական կազմակերպության հետ համատեղ, Կրակովում մասնակցել է «սուրբծննդյան ակցիային»։ Գործողության պլանը ենթադրում էր Nur für Deutsche կատեգորիայից երեք օբյեկտների վրա հարձակում, որտեղ տոնական արարողություններ էին կայանում գերմանացիների համար («Քեներների տուն», «Բիզանկ» ռեստորաններ և «Ժայռ» կինոթատրոն)։ Գործնականում այդ առաջադրանքը հաջողվեց իրագործել երկու խմբերի. նռնակներ նետվեցին «Քեներների տուն» (այստեղ գործում էր «Կայծ» հրեական մարտական խումբը, որը ղեկավարում էր Իդեկ Լիբերան) և «Բիզանկ» ռեստորանների վրա։ Միևնույն ժամանակ քաղաքի կենտրոնում լեհ ընդհատակյա գործիչները ծաղկեփնջեր էին դնում գերմանացիների կողմից ավերված հուշարձանների պատվանդանների վրա։ Այդ հուշարձանների թվում էին Ադամ Միցկևիչի հուշարձանը Գլխավոր շուկայում, Յագայլոյի հուշարձանը Մատեյկայի անվան հրապարակում և Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձանը Վավելում (ծաղկեփնջերի ժապավենների վրա գրված է եղել «այն, ինչին դու երդում տվեցիր, մենք կիրագործենք»)։ իսկ Բատորիայի փողոցում կախել էին ազգային սպիտակ-կարմիր դրոշը[2]։

Ապստամբություն Վարշավայի գետտոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավայի գետտոյում ապստամբության ժամանակ Հրեական մարտական կազմակերպությունը բաղկացած էր 22 զինված ջոկատներից, որոնց թվում եղել են «Դրորի» 5 ջոկատ, «Խա-շոմեր խա-ցաիրի» չորս ջոկատ, GL-PPR-ից չորս ջոկատ (Լյուդովի գվարդիա-Լեհական աշխատավորական կուսակցություն), չորս ջոկատ «Բունդից» և մեկական «Պոալեյ Ցիոն-Լևիցա», «Պոալեյ Ցիոն-Պրավիցա», «Ակիվա» «Գորդոնիա» և «խա-Նոար խա-Ցիոնի» կազմակերպություններից։ Ընդհանուր թիվը կազմել է մինչև 600 զինված մարտիկ։ Հրամանատարական շտաբը տեղակայված է եղել Միլեյի փողոց 18 հասցեում (շենքը սկսել էր կոչվել Անելևիչի բունկեր)։ Մարտական վատ պատրաստվածությունը և թույլ զինված ջոկատները կարողացան դիմադրել գրեթե մեկ ամիս։

Գետտոյում ապստամբության ժամանակ Հրեական մարտական կազմակերպության անդամների մեծամասնությունը զոհվել են։ Ոմանց հաջողվել է դուրս պրծնել գետտոյից Սիմհա Ռաթայզեր Ռոթեմի օգնությամբ և թաքնվել Վիշկուվի անտառներում, որտեղ նրանք ձևավորել են պարտիզանական ջոկատներ և կռվել Իցհակ Ցուկերմանի հրամանատարության ներքո։ 1944 թվականի օգոստոսին Վարշավայի ապստամբության ժամանակջոկատը Մարեկ Էդելմանի հրամանատարությամբ մարտնչել է Վարշավայի հին քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jewish Fighting Organization - Polish history». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. Юзеф Зайонц. Шли бои. М., Воениздат, 1968. стр.28-30

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jewish Resistance in Nazi-Occupied Eastern Europe, London, 1974
  • Ziviah Lubetkin: Die letzten Tage des Warschauer Gettos (sic), in «Neue Auslese». Hg. Alliierter Informationsdienst, 3. Jg. Heft 1, 1948, S. 1 — 13; wieder als eigenes TB: VVN-Verlag, Berlin 1949

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]