Հրդեհ Խոսրովի անտառ արգելոցում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրդեհ Խոսրովի անտառ արգելոցում
Խոսրովի արգելոց 2.jpg
ԹվականՕգոստոսի 12, 2017 (2017-08-12)-ից
ՎայրՀայաստան Խոսրովի անտառ արգելոց, Հայաստան

Հրդեհ Խոսրովի անտառ արգելոցում, էկոլոգիական խոշոր աղետ, որը սկսվել է 2017 թվականի օգոստոսի 12-ին Հայաստանի Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում[1]։ Հրդեհի առաջացման ստույգ պատճառը հայտնի չէ, և շրջանառվում են հակասական կարծիքներ։

Իրադարձությունների զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 12[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, ՀՀ Արարատի մարզի Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այսպես կոչված «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում[1][2]։ Նույն օրը դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 14 հրշեջ-փրկարարով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 4 հրշեջ-փրկարար, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 3, Մասիսի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերից 6-ական և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից՝ 8 հրշեջ-փրկարար[1][3]։

Օգոստոսի 12-ին հրդեհը չի մարվել կամ չի տեղայնացվել և շարունակել է ընդգրկել նոր ընդարձակ տարածքներ՝ ոչնչացնելով պետական արգելոցի անտառապատ տարածքները[4]։

Օգոստոսի 13[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 13-ին հրդեհը չի մարվել կամ չի տեղայնացվել և շարունակել է ընդգրկել նոր ընդարձակ տարածքներ՝ ոչնչացնելով պետական արգելոցի անտառապատ տարածքները[4]։

Օգոստոսի 14[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ ԱԻՆ ԻԼ-76 հրշեջ ինքնաթիռը

2017 թվականի օգոստոսի 14-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ Խոսրովի անտառ արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար[5]։ Ժամեր անց հայտնի է դարձել, որ ՌԴ ԱԻՆ-ը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը[6]։

Օգոստոսի 15[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո օգոստոսի 15-ի լուսաբացից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների բնակիչներ, ՀՀ ում միջազգային բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ[7]։

Օգոստոսի 15-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունը հրապարակում է «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի պատճառած վնասի նախնական չափը։ ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը հայտնել է, որ նախնական հաշվարկների համաձայն` հրդեհի տարածքը ընդգրկել է 2,5-3 հազար հա, որի 8-10 տոկոսը՝ անտառածածկ։ Օդային օպերացիաներից հետո հրդեհի հիմնական օջախները մարված են։ Հիմնականում կրակի ճիրաններում հայտնվել է գիհի ծառատեսակը, որը շուտ բռնկվող տեսակ է ՝ շուրջ 200 հա տարածքով[8][9]։

Համաձայն ՀՀ ԱԻՆ-ի, ըստ թռիչքների նախնական արդյունքների ամփոփման՝ երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել զգալի չափով կանխել կրակի տարածումը։ Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ[10]։

Օգոստոսի 16[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 16-ի ժամը 08:33-ի դրությամբ Խոսրովի անտառ արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցող ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, իսկ 13:53-ին՝ ութերորդ թռիչքը։ Համաձայն ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվության, օգոստոսի 16-ի ժամը 13:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 75 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից[11]։

Օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» միության նախագահ Կարինե Դանիելյանը ասել է, որ արգելոցում «հրդեհը բռնկվել է, ամենայն հավանականությամբ, մարդկային գործոնի, ոչ թե բարձր ջերմային ֆոնի պատճառով»[12]։ Դանիելյանի խոսքով, Խոսրովի անտառում, ի տարբերություն Կենտրոնական Սիբիրի, տորֆաճահիճներ չկան, որոնք կարող էի ինքնահրկիզման պատճառ դառնալ։ Դանիելյանի խոսքով՝ հրդեհի պատճառը հայ հասարակությունում էկոմշակույթի թույլ զարգացումն է։ Դանիելյանի պնդմամբ, այժմ Հայաստանում բնապահպանության մշակույթը այնպիսին է, որ մարդը անտառում կարող է նետել չհանգցրած ծխախոտը։ Այդ իսկ պատճառով «Պետք է սովորեցնել և բացատրել, որ նման բան անել չի կարելի։ Բացի այդ՝ այժմ անտառներում կամ այլ վայրերում խարույկ վառելու, իսկ հետո ինչպես հարկն է հանգցնելը մոռանալու ժամանակը չէ»։ Դրան ավելանում է այն փաստը, ըստ Դանիելյանի, որ Հայաստանում խոտը հնձելուց հետո այրելու ավանդույթ գոյություն ունի, ինչը եւս սպառնալիք է պարունակում եւ շատ վտանգավոր է, քանի որ կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել[12]։

Օգոստոսի 16-ի օրվա ավարտին ԶԼՄ-ները հայտնեցին, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի փոխանցմամբ՝ Խոսրովի արգելոցում հրդեհի հիմնական օջախները մարված են, հրդեհը մեկուսացված է, վերցված է վերահսկողության տակ[13]։

Քրեական գործի հարուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին (անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում) մասի և 186-րդ հոդվածի 2-րդ (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) մասի հատկանիշներով[2]։

Ազդեցությունը էկոլոգիայի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքով, նախնական տվյալների համաձայն արգելոցում հրդեհի հետևանքով տուժել են հիմնականում չթռչող միջատները , սողուններն ու կրծողները, քանի որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ այլ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:
  2. 2,0 2,1 «Խոսրովի անտառում» հրդեհի դեպքով հարուցվել է քրեական գործ
  3. Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
  4. 4,0 4,1 Հայաստանը դիմել է ՌԴ-ին` Խոսրովի անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:
  5. «Խոսրովի անտառ»-ում հրդեհի մարմանն աջակցելու համար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի գործընկերոջը
  6. Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքների համար Ռուսաստանը «ԻԼ-76» ինքնաթիռ է ուղարկել
  7. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
  8. ««Խոսրովի անտառ»-ում օդային օպերացիաներից հետո հրդեհի հիմնական օջախները մարված են»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-16-ին։ Վերցված է 2017-08-15 
  9. ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում 14.08.2017թ. իրականացրած հակահրդեհային միջոցառումների վերաբերյալ
  10. րկնքից հրդեհաշիջման շնորհիվ հնարավոր է եղել զգալիորեն կանխել կրակի տարածումը․ ՀՀ ԱԻՆ
  11. «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհի մարմանը մասնակցող ռուսական օդանավն իրականացրել է 8-րդ թռիչքը
  12. 12,0 12,1 «Խոսրովի անտառ»-ում հրդեհը բռնկվել է մարդկային գործոնի պատճառով. բնապահպան
  13. Հրդեհը Խոսրովի արգելոցում մեկուսացվել է
  14. ««Խոսրովի անտառ»-ի հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-20-ին։ Վերցված է 2017-08-16