Jump to content

Հրդեհներ Տավուշում և Գեղարքունիքում (2025)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրդեհներ Տավուշում
Տավուշի մարզի քարտեզ
ԹվականՆոյեմբերի 21, 2025 (2025-11-21)-ից
ՎայրՀայաստան Տավուշի մարզ, Հայաստան
Կորուստներ
1 զոհ և 4 վիրավոր
Մահ(եր)1

Հրդեհներ Տավուշում, էկոլոգիական խոշոր աղետ, որը սկսվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ Ճամբարակ–Թթուջուր հատվածում, «Գալավինո» թաղամասի մոտակա սարում և Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում[1][2]։

Իրադարձությունների զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհի առաջին բռնկումը գրանցվել է նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր հատվածում՝ միանգամից 3 օջախով[2]: Նոյեմբերի 22-ին և 23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել «Գալավինո» թաղամասի մոտակա սարում և Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում բռնկված հրդեհների վերաբերյալ[1]։ Հրդեհի առանձին օջախներ են ծագել Տավուշի մարզի Իջևան և Բերդ համայնքների անտառներում[2]: Հետագա օրերին հրդեհը տարածվել է, հայտնաբերվել են հրդեհի չորս օջախ[3]։

Հրդեհաշիջում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 25-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 1830 փրկարարներ, ոստիկանության 10 ծառայող, 103 էկոպարեկ: Գործի է դրվել 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա[2]։

Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են մի քանի հիմնական տարածքներում՝ նոյեմբերի 26-ին «Կազաչի» հատվածում՝ Տավուշի և Լոռու մարզերի միջև[4], բռնկված հրդեհի մեկուսացումից հետո։ Ակտիվ գործողությունները նոյեմբերի 27-ի դրությամբ կենտրոնացել են Նավուր բնակավայրի մոտակա տարածքներում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Հայաստան» հյուրանոցի մոտակայքում։ Աշխատանքներին ներգրավված է զգալի խումբ՝ 669 փրկարար, ինչպես նաև 215 էկոպարեկ և տեղի բնակիչներ։ Պաշտպանության նախարարությունը ամբողջ օրվա ընթացքում ապահովել է օդային աջակցություն՝ իրականացնելով 22 ուղղաթիռային թռիչք՝ ինչպես հրդեհաշիջման օգնության, այնպես էլ տուժած տարածքների հետախուզման համար[5]։

Ըստ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հազորդագրության՝ նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբԴիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացվել են[4]։

Զոհ և վիրավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրկարարական աշխատանքներ կատարելիս հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի, ինչի հետևանքով զոհվել է մեկ փրկարար ծառայող, տուժել է փրկարարական 4 ծառայող[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Տավուշի մարզում հրդեհ է բռնկվել». Radar.am. Վերցված է 2025-11-27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ղալեչյան, Նարինե (2025-11-25). «Հայաստանի տարբեր մարզերի անտառներում ու հանդերում լայնամասշտաբ հրդեհներ են, պատճառների մասին դեռ չեն հաղորդվում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2025-11-27-ին.
  3. Media, Aurora. «Դիլիջանի անտառներում հրդեհը բռնկվել և տարածվում է միանգամից 4 օջախով. ոչնչանում են անտառները, աղտոտվում է օդը. Գառնիկ Դանիելյան». Aurora News (անգլերեն). Վերցված է 2025-11-27-ին.
  4. 4,0 4,1 «Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում հրդեհները մեկուսացված են». Armenpress. 2025-11-27. Վերցված է 2025-11-27-ին.
  5. «Տավուշի մարզում բռնկված հրդեհների վերաբերյալ տեղեկատվություն • ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն». rescue.mia.gov.am. Վերցված է 2025-11-27-ին.
  6. «Տավուշում վթարի ենթակված հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում. Առողջապահության նախարարություն». Նովոստի–Արմենիա. 2025-11-26. Վերցված է 2025-11-27-ին.