Հրանտ Հովսեփյանը ծնվել է 1919 թվականի փետրվարի 10-ին Բյուրական գյուղում (այժմ՝ Հայաստանի Արագածոտնի մարզ)։ 1939 թվականին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայել է Խարկովում, 217-րդ հրաձգային գնդում, մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Կուբանի, Ղրիմի, Ուկրաինայի ազատագրման համար մղվող մարտերին։ 1943 թվականի փետրվարի 19-ին նկարիչն աջ ոտքից ծանր վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ Հովսեփյանը պարգևատրվել է Հայրենակամ մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, Կովկասի պաշտպանության համար և այլ մեդալներով, բազմիցս արժանացել է բանակի գլխավոր հրամանատարության շնորհակալագրերին[2]։
1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարությանը կից շրջիկ արվեստանոց-ցուցահանդեսի գեղարվեստական ղեկավար, այնուհետև անցել է մանկավարժական գործունեության։ 1964-1987 թվականներին դասավանդել է ԵԳԹԻ-ում։ Ցուցահանդեսների մասնակցել է 1950 թվականից։ Ստեղծագործել է թեմատիկ կոմպոզիցիոն պատկերի, դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի ժանրերում։ Լավագույն աշխատանքներից են՝ «Մեծ տան մայրը» (1959), «Հայրեր և որդիներ» (1965), «Աղավնաձոր» (1965), «Հնձվորները» (1980), «Հողը և մարդը» (1983), «Կժերով նատյուրմորտ» (1987), «Կոստան դային», «Աշնանային օր», «Հողի մշակ Սերոբ ամին» և այլն[3]։ Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1969 թ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 581)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։