Հրանուշ Եղոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանուշ Եղոյան | |
---|---|
Ծնվել է | Օգոստոսի 10, 1976 |
Ծննդավայր | Երևան |
Հրանուշ Եղոյան (անգլ.՝ Hranush Yeghoyan օգոստոսի 10, 1976, Երևան, Հայաստան), հայազգի պրոֆեսիոնալ դիմահարդար, Հայաստանի դիմահարդարների ազգային հավաքականի մարզիչ, «Մեյք-Ափ Ստուդիո»[1] դիմահարդարման կենտրոնի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրանուշ Եղոյանը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 10-ին Երևանում։ Նկարելը դեռ մանկուց Հրանուշի նախասիրություններից է եղել։ 1993 թվականին Հրանուշն ընդունվել է Հայկական Բաց Համալսարանի գեղարվեստական մոդելավորման ֆակուլտետ։ Համալսարանն ավարտել է 1997-ին՝ մոդելավորող նկարչի որակավորումով։ Ուսանողական տարիներին նորաձևության հանրահայտ ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինի և «Բրաբիոն Ֆլորա Սերվիսի» հետ համատեղ կազմակերպված նորաձևության շոուի շրջանակներում ներկայացրել է մոտ 40 զգեստ։
Համալսարանին զուգահեռ սկսել է հաճախել «Ատեքս» նորաձևության կենտրոնի դիմահարդարման և ոճաբանության կուրսերին։ 2000-ին դիմահարդարման կուրսեր է անցել Մոսկվայում գտնվող «Դոլորես» ակադեմիայում` անձամբ հանրահայտ ազգությամբ հայ դիմահարդար Նանարա Բերեզինայի մոտ, ապա, 2001-ին, “Mod’s Hair Moscow” դպրոցում` Նատալիա Սերգեենկովայի մոտ։ 2001-ին յոթամսյա փորձաշրջան է անցել ռուսական ՏՎՑ, ՍՏՍ և Օստանկինո հեռուստաընկերություններում, որտեղ էլ հմտացել է հեռուստատեսային դիմահարդարման մեջ։ 2000-ական թվականներից աշխատել է Երևանում գտնվող «Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահում որպես արտ-տնօրեն։ Որպես դիմահարդար ուսումն ավարտելուց հետո նույն սրահում սկսել է առաջին քայլերը դիմահարդարման ոլորտում։
Արդեն 2003-ից մինչ օրս դասավանդում է սրահին կից գործող Հայաստանի վարսահարդարների և դիմահարդարների միությունում< դիմահարդարների ազգային հավաքականի մարզիչն է։ Հրանուշի բոլոր սաները տարբեր մրցույթներում զբաղեցրել և շարունակում են զբաղեցնել բացառապես պատվավոր հորիզոնականներ։
Հրանուշը 2004 թվականից համագործակցել է «Էլ Սթայլ» ամսագրի հետ[2] սպասարկել է «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթը, աշխատել է հայազգի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Նազենի Հովհաննիսյանը[3], Սոֆի Մխեյանը[4][5], Արմինկան, Իվետա Մուկուչյանը, Էմմին, Սիրուշոն, Սոնան, Հռիփսիմե Հակոբյանը, Անահիտ Սիմոնյանը[6], Լուսինան, Լուսինե Թովմասյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլք։ Հայաստան շրջագայությունների ժամանակ Հրանուշն աշխատել է ուկրաինական «Վիա Գրա» փոփ-խմբի մասնակիցների, ռուսական էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովայի, ուզբեկ և ռուս փոփ երգչուհի Ազիզայի հետ։
Համագործակցություններ է ունեցել հայազգի ոճաբաններ Արմեն Գալյանի, Անի Գալստյանի, Իրինա Վանյանի, Արմինե Թադևոսյանի հետ, լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանի, Վիգեն Մնոյանի, Արտաշես Մարտիրոսյանի, Առնոսի, Արթուր Հովակիմյանի, Ռոբերտ Քոլոյանի, Վահե Ստեփանյանի հետ։
Հրանուշն աշխատել է հայկական «Մերի Ստեփանյան» բրենդի և «Լա Գալերիա»-ի խանութ-սրահների ցանցի հետ՝ մասնավորապես հավաքածուների լուքբուքերի ստեղծման շրջանակներում, սպասարկել է հայկական «Կիվերա Նայնոմիս», «Մանուկ Ալեքսանյան», SONČESS, «Անկասա»[7] բրենդների նորաձևության ցուցադրությունները։ Հրանուշը կարևորում է համագործակցությունները հայազգի մոդելավորողների հետ՝ միշտ խրախուսելով նրանց։
2017-ից 2019 թվականը Հրանուշ Եղոյանը հանդես է եկել որպես փորձագետ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Անկախ Տարիքից»[8] նախագծում։ 2019 և 2020 թվականներին եղել է Oriflame Beauty Awards-ի[9] ժյուրիի անդամ։ 2020-ին Հրանուշը համագործակցել է հայաստանյան Fashion and Design Chamber-ի[10] հետ մի արշավի շրջանակներում, որ նպատակ է հետապնդում բարձրացնել իրազեկվածությունը նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կողմից շրջակա միջավայրի վրա ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունեցող խնդիրների վերաբերյալ[11]։
Մեյք-Ափ Ստուդիո
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Հրանուշ Եղոյանը հիմնել և մինչ օրս տնօրինում է «Մեյք-Ափ Ստուդիո» դիմահարդարման Հայաստանում առաջին մասնագիտացված կենտրոնը։ Արդեն 13 տարի է «Մեյք-Ափ Ստուդիո»-ն ոլորտի առաջատարն է։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ | |||
---|---|---|---|
Տարին | Մրցույթ | Քաղաք | Մրցանակ |
1999 | Վարսահարդների և դիմահարդարների առաջին մրցույթ | Երևան | Գրան Պրի |
2000 | Վարսահարդների և դիմահարդարների ամենամյա երկրորդ մրցույթ | Երևան | Առաջին տեղ, Բացարձակ չեմպիոն |
2001 | Վարսահարդների և դիմահարդարների աշխարհի առաջնություն | Մոսկվա | Լավագույն հնգյակ |
2008 | FashionGroup.am մրցանակաբաշխություն | Երևան | Պատվոգիր հայկական նորաձևության զարգացման գործում ավանդ ունենալու համար |
2010 | Hairworld Paris 2010 | Փարիզ | Միջազգային նվաճման մեդալ |
2010 | Վարսահարդների և դիմահարդարների Եվրոպայի Europe Cup 2010 առաջնություն | Մոսկվա | Երրորդ տեղ |
2013 | Լավագույն կին գործարար | Երևան | Խրախուսական մրցանակ |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրանուշ Եղոյանն ամուսնացած է։ Ունի երկու երեխա՝ մեկ աղջիկ և մեկ տղա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Make-Up Studio Armenia».
- ↑ «Hranush Yeghoyan new photoshoot for el.am».
- ↑ «Nazeni Hovhannisyan Hranush Yeghoyan #INSTAՄԵՐԿ».
- ↑ «Սոֆի Մխեյանի նոր ֆոտոշարքն ու անակնկալը երկրպագուներին».
- ↑ «Սոֆին ու Գոռը լավագույններն են:)».(չաշխատող հղում)
- ↑ «Բա իմացա՞ր».
- ↑ «ANKASA բրենդի նոր երեկոյան հավաքածուն. ներկայացնում է Հրանուշ Եղոյանը (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին. Վերցված է 2021-06-28-ին.
- ↑ «Անկախ Տարիքից».
- ↑ «The OneBeauty Award. Oriflame ընկերության դիմահարդարների մրցույթը՝ Երևանում».
- ↑ {{|url=https://www.fdc.am/}}
- ↑ «Tackling sustainability issues in Armenian fashion and textile industry».