Հռիփսիմե Ջանփոլադյան
Հռիփսիմե Ջանփոլադյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 26, 1918 Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Մահացել է | սեպտեմբերի 1, 2004 (86 տարեկանում) կամ օգոստոսի 25, 2004 (85 տարեկանում) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Գերեզման | Սմոլենսկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | վիմագրագետ-հնագետ |
Հաստատություն(ներ) | ՌԴ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտ, ՌԳԱ հնագիտության ինստիտուտ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա, Պետական Էրմիտաժ և Հայաստանի Պատմության Թանգարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Ամուսին(ներ) | Բորիս Պիոտրովսկի |
Երեխա(ներ) | Միխայիլ Պիոտրովսկի |
Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիոտրովսկայա (օգոստոսի 26, 1918, Հայաստանի Առաջին Հանրապետություն - սեպտեմբերի 1, 2004 կամ օգոստոսի 25, 2004, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայազգի գիտնական, հայագետ և արևելագետ-հնագետ։ Բորիս Պիոտրովսկու կինը, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու մայրը:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռիփսիմե Ջանփոլադյանը ծնվել է 1918 թվականի օգոստոսի 26-ին Նախիջևանից Երևան բռնագաղթի ճանապարհին՝ Սևանա լճի առափնյա գյուղական տներից մեկում։ Ջանփոլադյան տոհմիկ ընտանիքի չորրորդ զավակն էր: Ջանփոլադյանների գերդաստանը սերում էր Պարսկաստանի Սալմաստ գավառի Դիլման քաղաքում ապրող Մանուկյաններից: Գերդաստանի Ջամփոլադյան ազգանունը ծագում է ընտանիքի այրերից մեկի՝ Հովհաննեսին Դիլմանի խանի կողմից տրված Ջանփոլադ՝ «պողպատե մարմին» մականունից:
Կրթություն և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանում բարձր առաջադիմությամբ դպրոցն ավարտելով՝ Հռիփսիմե Ջանփոլադյանը 1935 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, որն ավարտում է 1940 թվականին: Նույն տարում աշխատանքի է ընդունվում Հայաստանի պետական պատմության թանգարանում (ՀՊՊԹ): Հնագիտության նկատմամբ նրա հետաքրքրությունները ձևավորվել են Կարմիր Բլուրի հնագիտական աշխատանքներին մասնակցելու տարիներին, որը դարձավ հայագիտությամբ զբաղվելու հիմնական նախապայմանը:
1939 թվականին, դեռևս ուսանող, նա ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետությունում իրականացվող «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքներին՝ արժանանալով միջոցառումների ղեկավար, ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ուշադրությանը: Գիտնականը նկատելով երիտասարդ գիտաշխատողի նվիրվածությունն ու գիտական հակումները՝ նրան է տրամադրում դեռևս 1917 թվականին Նոր Գետիկ վանքում իր հավաքած վիմագիր արձանագրությունների հավաքածուի մի մասը: Օրբելին Հռիփսիմե Ջամփոլադյանին հանձնարարում է դրանք ստուգել և վերստին վերծանել՝ համադրելով հին վերծանությունների հետ: Արդյունքում՝ 1948 թվականին Հռիփսիմե Ջանփոլադյանը պաշտպանում է «Մխիթար Գոշը և Նոր Գետիկի վանքը» թեկնածուական ատենախոսությունը[1]։
Հռիփսիմե Ջանփոլադյանը շարունակում է վիմագրական հավաքչական գործունեությունը՝ արդեն ընդգրկելով Իջևանի տարածաշրջանը՝ իր մեծ ու փոքր արձանագրություններով կազմելով առանձին վիմագրական ժողովածու: 1977 թվականին Հռիփսիմե Ջանփոլադյանի և Սուրեն Ավագյանի համատեղ աշխատանքի արդյունքում լույս է տեսնում «Դիվան հայ վիմագրության» վեցերորդ պրակը՝ «Իջևանի շրջան»[2]: Այստեղ զետեղված են տարածաշրջանի բոլոր վիմագիր արձանագրությունները, դրանց գրչագրերը, ապա վերծանությունները: Արձանագրական նյութերը համալրված են բնագրերի մատենագրական տվյալներով՝ հատուկ նշաններով տարանջատելով անձնական վերականգումները կամ հավելումները, ընձեռելով տարընթերցումների հնարավոր մեկնաբանությունները:
Հռիփսիմե Ջանփոլադյանը հետաքրքրված էր միջնադարյան հնագիտությամբ: Նա կորստից փրկել և հայ գիտական հանրությանն է ներկայացրել Բուլգար (Վոլգայի ափին) քաղաքում՝ Սերիբի պեղավայրում հայտնաբերված նյութական մշակութային արժեքները, որոնք մեկ անգամ ևս հավաստում են Միջնադարյան Հայաստանի առևտրատն-տեսական, մշակութային կապերի իրողությունը հեռավոր ու մերձավոր հարևան երկրների հետ:
Դվինի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականին մշտապես մասնակցելով Դվինի հնագիտական արշավախմբի աշխատանքներին՝ Հռիփսիմե Ջանփոլադյանը ուշադրությունը կենտրոնացնում է Դվինի ապակեգործական գտածոների վրա՝ խնդիր ունենալով գիտական շրջանակներին ներկայացնել միջնադարյան Դվինը՝ իբրև ապակեգործական խոշոր կենտրոն:
1974 թվականին Հռիփսիմե Ջանփոլադյանը գիտական հանրության դատին է հանձնում «Դվինի միջնադարյան ապակին IX–XIII դդ.» աշխատությունը[3], որը մեկ անգամ ևս փաստագրում է քաղաքի ապակեգործական կենտրոնի ուրույն տեղը մերձավորարևելյան համանման կենտրոնների շարքում:
1985 թվականին Հռիփսիմե Ջանփոլադյանը և Արամ Քալանթարյանը հրատարակում են «Միջնադարյան Հայաստանի առևտրական կապերը VI–XIII դդ. (ըստ ապակեգործության տվյալների)» աշխատությունը[4]: Հեղինակները, հատուկ ուսումնասիրության առարկա դարձնելով ներմուծված ապակին, արձանագրում են՝ մերձավորարևելյան երկրների հետ ունեցած տարանցիկ առևտրական կապերի շնորհիվ Դվինի ապակեգործական արհեստանոցներում մշակվեցին նոր բաղադրատոմսեր, ինչի շնորհիվ ստացվել է մերձավորարևելյան օրինակներից տարբերվող դվինյան նկարազարդ ապակին (IX դ.)։
Ապակե գտածոների ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռիփսիմե Ջանփոլադյանը ապակե գտածոների այս կամ այն տեսակին նվիրված բազում հոդվածների հեղինակ է: Գիտնականի աշխատանքները նկատի ունենալով՝ հայտնի միջնադարագետ-հնագետներ՝ Բորիս Մարշակը և Վալենտինա Ռասպոպովան գրում են.
![]() |
Հռիփսիմե Ջանփոլադյանի ներդրումը Արևելքի ապակու ուսումնասիրության գործում կարելի է համեմատել Կ. Լամի ունեցած ծառայությունների հետ: Ինչպես Կ. Լամի աշխատությունները, այնպես էլ Հռ. Ջանփոլադյանինը երբեք չեն հնանա[5]։ | ![]() |
Խեցեգործական գտածոների ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի երկրորդ կեսին Եգիպտոսում, Սիրիայում, Պաղեստինում և մերձվոլգյան Բուլգար քաղաքում մեծաքանակ ձվաձև անոթների հայտնագործումը գիտական աշխարհում առաջ բերեց մեծ հետաքրքրություն: Հրատարակվեցին մի շարք հոդվածներ՝ հիմքում ունենալով դրանց կենցաղային-գործնական կիրառության հարցերը: Առաջադրվեցին տարբեր կարծիքներ՝ վերոնշյալների գործածության կերպի՝ սկսած ճրագ կանթեղներից, մոմակալներից մինչև սնդիկ պահելու տարաներ, պատերազմական հրձիգ նռնակներ, անուշահոտ յուղեր, վարդաջրեր պահելու և փոխադրելու հարմար միջոցներ, ճարտարապետական հարդարանքի տարր, ալքիմիական փորձանոթներ և այլն: Նույն տեսակետն էր պաշտպանում, որոշ վերապահումներով, Հռիփսիմե Ջանփոլադյանը: Տարիների ընթացքում հավաքած և հետազոտած նյութերը հրատարակում է «Դվինից և Անիից հայտնաբերված ձվաձև անոթները» վերնագրով[6][7] աշխատության մեջ: Դվին և Անի մայրաքաղաքների պեղումներով հայտնաբերված ձվաձև անոթները ոչ միայն բազմաքանակ են, այլև բազմատեսակ, զարդարուն ու անզարդ, դրոշմազարդ, հարդարված հետաքրքիր և ուրույն հարդարապատկերներով, հաճախ արձանագիր (հայերեն և արաբերեն) կամ վարպետների նշաններով:
Հռիփսիմե Ջանփոլադյանը մասնակցել է 1989 թվականին Լենինգրադում կայացած XV միջազգային գիտական կոնգրեսի աշխատանքներին, որը նվիրված էր ապակեգործությանը։ Այստեղ նա կարդացել է երկու զեկուցում։
1964-1990 թվականների Հռիփսիմե Ջանփոլադյանը պաշտոնավարել է ԽՍՀՄ հնագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռիփսիմե Ջանփոլադյանի ամուսինը՝ ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին, իր լայնամասշտաբ հնագիտական գիտելիքներով համաշխարհային գիտության ասպարեզում ճանաչված գիտնական էր, երկար տարիներ ղեկավարել է Կարմիր Բլուրի հնագիտական արշավախումբը: Գիտական գործունեությանը զուգահեռ՝ ղեկավարել է նաև Լենինգրադի Պետական Էրմիտաժը:
Ավագ որդին ճանաչված արևելագետ, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին է, որն այսօր Էրմիտաժի տնօրենն է, իսկ մյուս որդին՝ Լևոն Պիոտրովսկին, կենսաբանական գիտությունների դոկտոր է, միջազգային բազմաթիվ կազմակերպությունների պատվավոր անդամ:
Ամուսինը՝ Բորիս Պիոտրովսկին
Ավագ որդին՝ Միխայիլ Պիոտրովսկին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Աշխատություններ ՀՊՊ թանգարանի», հատոր առաջին, Երևան, 1948
- ↑ Ավագյան Սուրեն Արտեմի, Ջանփոլադյան Հռիփսիմե Միքայելի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, eds. (1977)։ Դիվան հայ վիմագրության ։: Պր. 6-րդ ։ Իջևանի շրջան։ Երևան ։: ՀՍՍՀ ԳԱ հրատ
- ↑ Ջանփոլադյան Հռիփսիմե Միքայելի (1974)։ Առաքելյան Բաբկեն Նիկոլայի, ed.։ Դվինի միջնադարյան ապակին IX-XIII դդ. =: Средневековое стекло Двина IX-XIII вв։ Հայաստանի հնագիտական հուշարձանները № 7։ ՀՍՍՀ ԳԱԱ։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն
- ↑ Ջանփոլադյան Հռիփսիմե Միքայելի, Քալանթարյան Արամ Աշոտի (1988)։ Առաքելյան Բաբկեն Նիկոլայի, ed.։ Միջնադարյան Հայաստանի առևտրական կապերը VI-XIII դդ.: (Ըստ ապակեգործության տվյալների) =: Торговие связи Средневековой Армении в VII-XIII вв։ Հայաստանի հնագիտական հուշարձանները № 14։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն
- ↑ Б. И. Маршак, В. И. Распопова. Памяти Р. М. Джанполадян.– “Археологические вести”, 2005, № 12. СПб., с. 332
- ↑ Երևան, 1982, Հայաստանի հնագիտական հուշարձաններ, պր. 12
- ↑ Ջանփոլադյան Հռիփսիմե Միքայելի (1982)։ Առաքելյան Բաբկեն Նիկոլայի, ed.։ Դվինից և Անիից հայտնաբերված ձվաձև անոթներ =: Сфероконические сосуды из Двина и Ани։ Հայաստանի հնագիտական հուշարձանները № 12։ ՀՀ ԳԱԱ։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իգիթ Ղարիբյան «Անվանի վիմագրագետ-հնագետը» (Հռիփսիմե Ջանփոլադյանի ծննդյան 90-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 2008, էջ 312-318։
- Աղավնի Ժամկոչյան և Հակոբյան, Նյուրա (2018) Անվանի հայագետը (Հռիփսիմե Ջանփոլադյանի ծննդյան 100-ամյակի առթիվ). Պատմա-բանասիրական հանդես, № 3 . pp. 286-290. ISSN 0135-0536
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Джанполадян Р. Мхитар Гош и монастырь Нор-Гетнк // Труды Гос. ист. музея Армении. Т. I. — 1948. — С. 97—166.
- Джанполадян Р., Б. Б. Пиотровский Б. Б. Виноделие в Урарту // Виноделие и виноградарство в СССР. — 1956. — № 1.
- Джанполадян Р. Сфероконические сосуды из Двина и Ани // Советская археология. — 1958. — № 1. — С. 201—213.
- Джанполадян Р. Два стеклянных сосуда из Новогрудка // Византийский временник. — 1961. — Т. XIX. — С. 166—171.
- Джанполадян Р. О трёх образцах стекла из Кармир-Блура // Советская археология. — 1964. — № 1.
- Джанполадян Р. Лабораторная посуда армянского алхимика // Советская археология. — 1965. — № 2. — С. 248—250.
- Джанполадян Р. Новые материалы по истории византийского стеклоделия // Византийский временник. — 1967. — Т. 27. — С. 248—257.
- Джанполадян Р., Гуревич Ф. Д., М. В. Малевская М. В. Восточное стекло в Древней Руси. — Л.: Ленинградское отделение издательства «Наука», 1968.
- Джанполадян Р. Резное стекло из Двина // Советская археология. — 1968. — № 1. — С. 268—274.
- Джанполадян Р., Кирпичников А. Н. Средневековая сабля с армянской надписью, найденная в приполярном Урале // Эпиграфика Востока. — 1972. — Т. 21. — С. 528—533.
- Джанполадян Р. О двух тканях из Ани и Болгар // КСИА. — 1972. — Вып. 132. — С. 46—52.
- Джанполадян Р. Армянские лапидарные надписи Поволжья // Вести Матенадарана. — 1973. — № 11. — С. 211—222.
- Джанполадян Р. Средневековое стекло Двина: IX—XIII вв. — Ереван: Издательство АН Армянской ССР, 1974.
- Джанполадян Р. Некоторые вопросы организации торговли в средневековой Армении // Торговля и обмен в древности. — КСИА. 1974. Вып. 138. С. 87-92.
- Джанполадян Р. Византийское стекло из раскопок в Ани // КСИА. — 1977. — Вып. 150. — С. 85-89.
- Джанполадян Р., Калантарян А. А. Торговые связи средневековой Армении в VI—XIII вв. // Археологические памятники Армении.
- Джанполадян Р. О связях средневековых городов Армении Двина и Ани с Волжскими Болгарами (XIII в.).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մի հայ տոհմի պատմություն. Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիատրովսկայա, 168.am, Նոյեմբեր 9 2016
- Скончалась Рипсимэ Джанполадян-Пиотровская // Известия, օգոստոսի 30, 2004