Հու Շի
Հու Շի[Ն 1] (չինարեն՝ 胡適 , դեկտեմբերի 17, 1891[1][2][3], Շանհայ, Ցին կայսրություն[4][3] - փետրվարի 24, 1962[4][1][2][…], Թայբեյ, Թայվան), չինացի ակադեմիկոս, գրող, դիվանագետ և քաղաքական գործիչ: Ավանդ է ունեցել չինական լիբերալիզմի և լեզվական բարեփոխումների գործում, եղել է գրավոր խոսակցական չինարենի կիրառման առաջամարտիկներից[8]։ Մասնակցել է «Մայիսի չորսի» շարժմանը և Նոր մշակույթի շարժմանը: Եղել է Պեկինի համալսարանի և Կենտրոնական հետազոտական ինստիտուտի (Academia Sinica) նախագահը[9][10][11][12]։
Եղել է Free China Journal պարբերականի խմբագիրը, որը փակվել է Չան Կայշիին քննադատելու պատճառով: 1919 թվականին քննադատել է նաև Լի Դա Չժաոյին: Պաշտպանել է աշխարհում արևմտյան տիպի ժողովրդավարության ընդունման գաղափարը: Բացի այդ, քննադատել է Սուն Յաթ-Սենի այն պնդումը, թե ժողովուրդն ունակ չէ ինքնակառավարման: «Ազգային վերակառուցման ուրվագիծ» աշխատության մեջ քննադատել է Ազգայնական կառավարությանը՝ Սահմանադրականության գաղափարին դավաճանելու համար[13]։
Գրել է բազմաթիվ էսսեներ, որոնցում կասկածի տակ է դրել Մաո Ցզեդունի և Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական օրինականությունը: Մասնավորապես, նշել է, որ ՉԿԿ-ի ավտոկրատիկ բռնապետական համակարգը հակաչինական է և հակասում է պատմությանը: 1950-ական թվականներին Մաոն և Չինաստանի կոմունիստական կուսակցությունը քարոզարշավ են նախաձեռնել Հու Շիի գաղափարները քննադատելու համար[14]։ Մաոյի մահից հետո Հուի հեղինակությունը վերականգնվել է։ Այժմ հայտնի է չինական քաղաքականության և ակադեմիական ոլորտում ունեցած ազդեցիկ ավանդով:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1891 թվականի դեկտեմբերի 17-ին Շանհայում՝ թեյի վաճառական Հու Չուանյի (չինարեն՝ 胡傳 ) և նրա երրորդ կնոջ՝ Ֆեն Սունդիի (չինարեն՝ 馮順弟 ) ընտանիքում[15] Հու Չուանը հետագայում դարձել է պետական ծառայող՝ աշխատելով Հյուսիսային Չինաստանում, Խայնանում և Թայվանում[15]: 1892 թվականին Հու Չուանը տեղափոխվել է Թայվան՝ աշխատանքի, որտեղ 1893 թվականին նրան են միացել կինն ու երիտասարդ Հու Շին: 1895 թվականին, Հու Չուանի մահից կարճ ժամանակ առաջ, կինը և փոքրահասակ Հու Շին Թայվանից տեղափոխվել են Անհոյ նահանգում գտնվող իրենց նախնիների տունը[16]։
1904 թվականի հունվարին, երբ 11 տարեկան էր, մայրը կազմակերպել է նրա ամուսնությունը Ցզյան Դունսյուի (չինարեն՝ 江冬秀 ) հետ[17]։ Նույն թվականին ավագ եղբոր հետ տեղափոխվել է Շանհայ՝ ժամանակակից կրթություն ստանալու նպատակով[18]։
Ակադեմիական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոքսերյան հատուցման կրթաթոշակային ծրագրի հատկացրած միջոցներով դարձել է պետական կրթաթոշակառու[17]։ 1910 թվականի օգոստոսի 16-ին ուղարկվել է ԱՄՆ՝ Կորնելի համալսարանում գյուղատնտեսություն ուսանելու[19]։ 1912 թվականին մասնագիտացումը փոխել է փիլիսոփայության և գրականության, ընտրվել «Phi Beta Kappa» պատվավոր ուսանողական ընկերության անդամ: Եղել է նաև միջազգային ուսանողական «Cosmopolitan Club» կազմակերպության անդամ, հետագայում՝ նախագահ[19]։ Կորնելում ուսանելու տարիներին նախաձեռնել է արշավ՝ աջակցելու ավելի նոր, դյուրին ուսուցանվող գրավոր խոսակցական չինարենի տարածմանը, ինչը նպաստել է Չինաստանում գրագիտության բարձրացմանը[20]։ Նաև աջակցել է Կոռնելի համալսարանի գրադարանի Արևելյան Ասիայի գրքերի և նյութերի ընդարձակ հավաքածուի հիմնադրմանը[20]։
Բակալավրի աստիճան ստանալուց հետո փիլիսոփայություն է ուսանել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Ուսուցչական քոլեջում, որտեղ կրել է իր պրոֆեսոր Ջոն Դյուիյի ազդեցությունը և սկսել գրական փորձարկումներ[21]։ Դարձել է Դյուիի թարգմանիչն ու պրագմատիկ էվոլյուցիոն փոփոխությունների ցմահ կողմնակիցը՝ աջակցելով Դյուիին 1919–1921 թվականներին Չինաստանում դասախոսությունների շարք անցկացնելիս: Վերադարձել է դասախոսելու Պեկինի համալսարանում: Այնտեղ աշխատելու ընթացքում աջակցություն է ստացել ազդեցիկ New Youth պարբերականի խմբագիր Չեն Դուխյույից՝ արագորեն ձեռք բերելով մեծ ուշադրություն և ազդեցություն: Շուտով դարձել է «Մայիսի չորսի» շարժման, իսկ ավելի ուշ՝ Նոր մշակույթի շարժման առաջատար մտավորականներից մեկը:
1920-ական թվականներին հեռացել է New Youth պարբերականից և ընկերների հետ հրատարակել մի քանի քաղաքական թերթեր ու պարբերականներ: Նրա ամենակարևոր ավանդը գրականության մեջ խոսակցական չինարենի խրախուսումն էր՝ դասական չինարենին փոխարինելու համար, ինչի նպատակն էր ընթերցանությունը հասանելի դարձնել շարքային մարդկանց[22]։ Հու Շին մի առիթով նշել է. «Մեռած լեզուն երբեք չի կարող կենդանի գրականություն ստեղծել»[23]։ Այս քայլի նշանակությունը չինական մշակույթի համար հսկայական էր. ինչպես նշել է Ջոն Քինգ Ֆեյրբենկը, «դասականների բռնատիրությունը ջախջախվել էր»[24]։ Մեծ ջանքեր է գործադրել իր լեզվական բարեփոխումներն արմատավորելու Չինաստանի ավանդական մշակույթում՝ հրաժարվելով Արևմուտքից կույր ներմուծումներից: Ինչպես նշել է նրա կենսագիր Ջերոմ Գրիդերը, Հուի մոտեցումը Չինաստանի «յուրահատուկ քաղաքակրթությանը» «խորապես քննադատական էր, բայց ամենևին ոչ արհամարհական»[25]։ Օրինակ՝ ուսումնասիրել է չինական դասական վեպերը, հատկապես 18-րդ դարի Երազ կարմիր դղյակում վեպը, որպես ժամանակակից ստանդարտացված լեզվի բառապաշարի ձևավորման միջոց, և 1921 թվականին հրատարակել իր սեփական վերլուծությունը՝ ««Երազ կարմիր դղյակում» վեպի ուսումնասիրություններ» խորագրով[26][27]։ Պեկինի համալսարանի նրա գործընկեր Վեն Յուաննինը Հուին անվանել է «լուսավորիչ-փիլիսոփա» (Philosophe)՝ հումանիստական հետաքրքրությունների և փորձառության համար[28]։ Համալսարանում դարձել է սիրված պրոֆեսոր, որի լավագույն ուսանողների թվում էր մրցանակակիր ֆիզիկոս Ցզյան Շյունվուն[29]։
Եղել է Նոր մշակույթի շարժման այն բարեփոխիչներից, որոնք ողջունել են Մարգարետ Սենգերի 1922 թվականի այցը Չինաստան: Անձամբ թարգմանել է նրա ելույթը Պեկինի ազգային համալսարանում, որտեղ ընդգծվում էր ծնելիության վերահսկողության կարևորությունը: The Ladies' Journal և The Women's Review պարբերականները հրապարակել են Հուի թարգմանությունը[30]։
1932 թվականին ընտրվել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի, իսկ 1936 թվականին՝ Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[31][32]։
Պետական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1938-1942 թվականներին եղել է ԱՄՆ-ում Չինաստանի Հանրապետության դեսպանը[33][34][35]։ Հետ է կանչվել 1942 թվականի սեպտեմբերին, և նրան փոխարինել է Վեյ Դաոմինգը: Այնուհետև՝ 1946-1948 թվականներին, ծառայել է որպես Պեկինի համալսարանի (այն ժամանակ՝ Ազգային Պեկինի համալսարան) ռեկտոր: 1957 թվականին դարձել է Թայբեյում Կենտրոնական հետազոտական ինստիտուտի (Academia Sinica) երրորդ նախագահը՝ պահպանելով այդ պաշտոնը մինչև մահ: Եղել է նաև Free China Journal պարբերականի գլխավոր գործադիր տնօրենը, որն ի վերջո փակվել է Չան Կայշիին քննադատելու պատճառով:
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![Հու Շիի անվան դահլիճը [[Կորնելի համալսարանում]]](http://thumb.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Hu_Shih_Hall%2C_Cornell_University%2C_north_facade.jpg/330px-Hu_Shih_Hall%2C_Cornell_University%2C_north_facade.jpg?utm_source=hy.wikipedia.org&utm_campaign=parser&utm_content=thumbnail)
Մահացել է սրտի կաթվածից Թայբեյի Նանան շրջանում 70 տարեկան հասակում և հողին հանձնվել Հու Շի զբոսայգում, որը հարակից է Կենտրոնական հետազոտական ինստիտուտի տարածքին: Դա տեղի է ունեցել իր նախկին ուսանողուհի, ֆիզիկոս Ցզյան Շյունվույին նվիրված գիտաժողովի ժամանակ[36]։ Նույն թվականի դեկտեմբերին նրա հիշատակին հիմնադրվել է Հու Շիի հուշահամալիր-թանգարանը[37]։ Այն հանդիսանում է Կենտրոնական հետազոտական ինստիտուտի Ժամանակակից պատմության ինստիտուտի մասնաճյուղ և ներառում է թանգարան, նրա կացարանը և զբոսայգին: Հու Շիի հուշահամալիրը այցելուներին առաջարկում է աուդիոէքսկուրսիաներ չինարենով և անգլերենով:
Հու Շիի աշխատանքները մայրցամաքային Չինաստանում վարկաբեկված են եղել մինչև 1986 թվականը, երբ Ցզի Սյանլինի «Մի քանի խոսք Հու Շիի մասին» (为胡适说几句话 ) հոդվածում ընդունվել են Հու Շիի սխալները: Այս հոդվածը բավականին համոզիչ է եղել շատ գիտնականների համար, ինչը հանգեցրել է ժամանակակից չինական գրականության զարգացման վերագնահատմանը[38]։ Պուտունհուայի իմացության թեստի 15-րդ ընտրությունը պատմություն է Հու Շիի մասին, որտեղ նա քննարկում է դասական չինարենի նկատմամբ գրավոր խոսակցական չինարենի առավելությունները[39]։
Նաև պնդել է, որ Հնդկաստանը կրոնի միջոցով 2000 տարի մշակութային առումով նվաճել է Չինաստանը: Միևնույն ժամանակ, քննադատել է հնդկական կրոնները Չինաստանը գիտականորեն հետ պահելու համար[40]։
Ներառյալ կարմիրագիտությունը (redology)՝ ունեցել է հետաքրքրությունների լայն շրջանակ գրականության, փիլիսոփայության, պատմության, տեքստաբանական քննադատության և մանկավարժության ոլորտներում: Ֆեն Յուլանը քննադատել է Հուին պրագմատիստական շրջանակ ընդունելու և Մարտող թագավորությունների ժամանակաշրջանից առաջ չինական փիլիսոփայության բոլոր դպրոցներն անտեսելու համար: Փոխանակ պարզապես չինական փիլիսոփայության պատմությունը ներկայացնելու, Ֆենը պնդել է, որ Հուն ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծել, թե «ամբողջ չինական քաղաքակրթությունը լիովին սխալ ուղու վրա է»[41][42]։ Մինչ Ֆենը, Հուն թերևս առաջինն է եղել, ով Դաոյի հայեցակարգը մեկնաբանել է ժամանակակից արևմտյան փիլիսոփայության միջոցով[43]։
Որպես «Կորնելի համալսարանի ամենանշանավոր չինացի շրջանավարտներից մեկը»[20]՝ արժանացել է մի շարք պատվավոր կոչումների, այդ թվում՝ Հու Շիի պրոֆեսորական կոչմանը և Հու Շիի անվան դասախոսության պատվին[20]։ 2022 թվականին Կորնելում բացվել է Հու Շիի անվան դահլիճը՝ 10,383,5 քառակուսի մետր մակերեսով ուսանողական կացարանը[44][20]։
Ավանդը փիլիսոփայության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրագմատիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլումբիայում սովորելու տարիներին դարձել է պրագմատիզմի դպրոցի կողմնակից: «Պրագմատիզմ» տերմինը թարգմանել է որպես փորձարարականություն(չինարեն՝ 實驗主義 , shíyànzhǔyì)[Ն 2]։ Այս ուղղությանն աջակցելը արտացոլել է նրա սեփական փիլիսոփայական ձգտումները: Նախքան Դյուիի աշխատություններին ծանոթանալը, օրագրում գրել է, որ փնտրում է «գործնական փիլիսոփայություն» չին ժողովրդի գոյատևման համար, այլ ոչ թե խորն ու անհասկանալի համակարգեր: Հետաքրքրված է եղել մեթոդաբանությամբ[45]։ Պրագմատիզմը դիտարկել է որպես գիտական մեթոդաբանություն փիլիսոփայության ուսումնասիրության համար: Բարձր է գնահատել նման գիտական մոտեցման համամարդկային բնույթը, քանի որ հավատացած է եղել, որ այդպիսի մեթոդաբանությունը դուրս է գալիս մշակույթի սահմաններից և, հետևաբար, կարող է կիրառվել ցանկացած վայրում, այդ թվում՝ իր ժամանակաշրջանի Չինաստանում: Հու Շիին այնքան էլ չի հետաքրքրել Դյուիի փիլիսոփայության բովանդակությունը, որքան մեթոդը, վերաբերմունքը և գիտական ոգին[46]։
Բոլոր գաղափարախոսություններն ու վերացական տեսությունները տեսել է միայն որպես հիպոթեզներ, որոնք սպասում են ստուգման: Հավատացած է եղել, որ գաղափարախոսությունների բովանդակությունը ձևավորվել է տեսաբանի անցյալի, քաղաքական միջավայրի և նույնիսկ անհատականության ազդեցությամբ: Հետևաբար, այդ տեսությունները սահմանափակված են եղել իրենց ժամանակաշրջանով: Գտել է, որ միայն գաղափարախոսության վերաբերմունքն ու ոգին կարող են համամարդկայինորեն կիրառվել: Ուստի քննադատել է գաղափարախոսությունների ցանկացած դոգմատիկ կիրառում: 1919 թվականին Weekly Commentary (每周評論 ) պարբերականի գլխավոր խմբագիր դառնալուց հետո քննադատել է Լի Դաչժաոյին և թեժ բանավեճի մեջ մտել գաղափարախոսության և խնդիրների շուրջ (問題與主義論戰 ): «Խնդիրների և իզմերի երրորդ քննարկումը» (三問題與主義 ) հոդվածում գրել է.
| «Յուրաքանչյուր իզմ և յուրաքանչյուր տեսություն պետք է ուսումնասիրվի, բայց դրանք կարող են դիտարկվել միայն որպես հիպոթեզ, այլ ոչ թե դոգմատիկ դավանանք. դրանք կարող են դիտարկվել միայն որպես տեղեկատու աղբյուր, այլ ոչ թե կրոնական կանոններ. դրանք կարող են դիտարկվել միայն որպես ոգեշնչող գործիքներ, այլ ոչ թե բացարձակ ճշմարտություն, որը կանգնեցնում է հետագա քննադատական մտածողությունը: Միայն այս ճանապարհով մարդիկ կարող են զարգացնել ստեղծագործական ինտելեկտ, ունակ դառնալ լուծելու որոշակի խնդիրներ և ազատագրվել վերացական բառերի սնահավատությունից»[47]: |
Հու Շիի գրական և գիտական աշխատություններում պրագմատիզմի առկայությունը որպես մեթոդ գերիշխող է: Խուսափել է վատ սահմանված գիտական մեթոդ կիրառելուց: Իր մեթոդը նկարագրել է որպես փորձառական, ինդուկտիվ, ստուգմանն ուղղված և էվոլյուցիոն[48]։
Մեջբերել է Դյուիի մտածողության բաժանումը հինգ փուլի.
- Զգացված դժվարություն
- Դրա տեղակայումը և սահմանումը
- Հնարավոր լուծման առաջարկ
- Առաջարկությունների զարգացում
- Հետագա դիտարկումն ու փորձը հանգեցնում են ընդունման կամ մերժման[48]։
Իր կյանքի աշխատանքը տեսել է որպես պրագմատիզմի գիտական ոգին որպես ապրելակերպ կիրառելու հետևողական ծրագիր:
Սկեպտիցիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հու Շիի համար սկեպտիցիզմն ու պրագմատիզմն անբաժանելի են եղել: «Իմ սեփական մտքերի ներկայացումը»[49] (介紹我自己的思想 ) էսսեում նշել է, որ Թոմաս Հ. Հաքսլին այն անձն է, ով ամենամեծ ազդեցությունն է ունեցել իր հայացքների վրա[50]։ Հաքսլիի ագնոստիցիզմը Դյուիի պրագմատիզմի գործնական, ակտիվ խնդիրների լուծման բացասական նախապայմանն է: Հաքսլիի «պատմական մեթոդը» Հուի գրվածքներում դառնում է «պատմական վերաբերմունք»՝ վերաբերմունք, որն ապահովում է մարդու մտավոր անկախությունը, ինչն էլ հանգեցնում է անհատական ազատագրման և քաղաքական ազատության:
Չինական մտքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հու Շին գիտական մեթոդը և սկեպտիցիզմի ոգին ներմուծել է չինական ավանդական տեքստաբանության մեջ՝ հիմք դնելով չինական մտքի պատմության ժամանակակից ուսումնասիրություններին:
1919 թվականին հրատարակել է «Չինական փիլիսոփայության պատմության ուրվագիծ» աշխատության առաջին հատորը: Հետագա մասը երբեք չի ավարտել: Ցայ Յուանպեյը՝ Պեկինի համալսարանի նախագահը, որտեղ դասավանդել է Հուն, գրել է «Ուրվագծի» առաջաբանը և նշել Հուի աշխատանքի չորս հիմնական առանձնահատկությունները.
- Ամսաթվերի, վավերականության և մեթոդաբանության տեսանկյունների ապացուցման մեթոդ
- «Բազմաթիվ դպրոցների հատում» (截斷衆流 ), ինչը նշանակում է անտեսել մինչև Մարտող թագավորությունների ժամանակաշրջանն ընկած բոլոր դպրոցները և սկսել Լաո Ցզիից ու Կոնֆուցիոսից
- Հավասար վերաբերմունք կոնֆուցիականության, մոիզմի, Մենցզիի և Սյունցզիի նկատմամբ
- Համակարգված ուսումնասիրություններ ժամանակագրական կարգով և համադրմամբ, որոնք ներկայացնում են տեսությունների էվոլյուցիան
Հուի կողմից չինական դասական փիլիսոփայության կազմակերպումը նմանակել է արևմտյան փիլիսոփայության պատմությանը, սակայն Ցին դինաստիայի ժամանակներից ի վեր տեքստաբանական ուսումնասիրության ազդեցությունը դեռ առկա է եղել: Հատկապես երկրորդ կետի համար «բազմաթիվ դպրոցների հատումը» հին տեքստաբանական ուսումնասիրությունների շուրջ Ցին գիտնականների շարունակական ջանքերի արդյունքն էր: Քանի որ հնագույն տեքստերի վավերականությունը կասկածելի էր, իսկ բովանդակությունը՝ անհասկանալի, Հուն որոշել է դրանք բաց թողնել: Իրականում, նախքան «Ուրվագծի» հրատարակումը, նշանակվել է Չինական դասական փիլիսոփայության պատմության դասախոս: Նախամարտող թագավորությունների փիլիսոփայությունը բաց թողնելու նրա որոշումը գրեթե ապստամբություն է առաջացրել ուսանողների շրջանում[51]։
«Ուրվագծում» Մարտող թագավորությունների մյուս փիլիսոփայական դպրոցներն առաջին անգամ դիտարկվել են որպես հավասար: Հուն կոնֆուցիականությունը չի դիտարկել որպես չափանիշ՝ այլ դպրոցներին վերաբերվելով որպես հերետիկոսության: Փոխարենը, փիլիսոփայական արժեքներ է տեսել այլ դպրոցներում, նույնիսկ նրանցում, որոնք համարվում էին հակակոնֆուցիական, ինչպիսին մոիզմն է: Յույ Ինշին մեկնաբանել է, թե ինչպես է այս մոդելը հետևել Թոմաս Կունի Լուսավորչության տեսությանը[52]։
«Չինական փիլիսոփայության պատմություն» աշխատության հեղինակ Ֆեն Յուլանը քննադատել է Հուին «Ուրվագծում» պրագմատիստական շրջանակ ընդունելու համար: Փոխանակ պարզապես չինական փիլիսոփայության պատմությունը ներկայացնելու, Ֆենը պնդել է, որ Հուն քննադատում է այդ դպրոցները պրագմատիստական տեսանկյունից, ինչն ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծում, թե «ամբողջ չինական քաղաքակրթությունը լիովին սխալ ուղու վրա է»[41]։ Ֆենը նաև համաձայն չի եղել աղբյուրի տեքստերի վավերականությունը հետազոտելու Հուի ծավալուն ջանքերի հետ: Ֆենը հավատացած է եղել, որ քանի դեռ աշխատանքն ինքնին փիլիսոփայորեն արժեքավոր է, դրա պատմական վավերականությունն այդքան էլ էական չէ[53]։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատապաշտություն, լիբերալիզմ և ժողովրդավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն իր ժամանակակիցներից շատերի, ովքեր հետագայում միացել են սոցիալիստական ճամբարին, լիբերալիզմն ու ժողովրդավարությունը եղել են Հուի քաղաքական համոզմունքները ողջ կյանքի ընթացքում: Հաստատակամորեն հավատացած է եղել, որ աշխարհն ամբողջությամբ ընթանում է դեպի ժողովրդավարություն՝ չնայած փոփոխվող քաղաքական լանդշաֆտին[13][54]։ Ժողովրդավարությունը սահմանել է որպես ապրելակերպ, որտեղ ճանաչվում է յուրաքանչյուրի արժեքը, և յուրաքանչյուրն ունի անհատապաշտության ապրելակերպ զարգացնելու ազատություն[55]։ Հուի համար անհատական ձեռքբերումը չի հակասում հասարակական բարօրությանը: Իրականում, անհատական ձեռքբերումը նպաստում է ընդհանուր սոցիալական առաջընթացին, մի տեսակետ, որը տարբերակել է այսպես կոչված «եսասիրական անհատապաշտությունից»[56]։ «Անմահություն՝ իմ կրոնը» էսսեում ընդգծել է, որ թեև անհատները ի վերջո ֆիզիկապես մահանում են, մարդու հոգին և հասարակության վրա ունեցած ազդեցությունն անմահ են[57]։ Ուստի Հուի անհատապաշտությունն ապրելակերպ է, որտեղ մարդիկ անկախ են, բայց միևնույն ժամանակ հասարակական[58]։
Անհատական ներդրումները տեսել է որպես վճռորոշ և օգտակար ժողովրդավարության համակարգի համար: «Երկրորդ քննարկում ազգաշինության և ավտոկրատիայի մասին» (再談建國與專治 ) աշխատության մեջ նշել է, որ ավտոկրատ համակարգին անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ այն կառավարելու համար, մինչդեռ ժողովրդավարությունը հենվում է ժողովրդի իմաստության վրա: Երբ տարբեր մարդկանց կենսափորձը միավորվում է, կորդինացման համար էլիտար քաղաքական գործիչների կարիք չի լինում, ուստի ժողովրդավարությունը իրականում հեշտ է կիրառել քաղաքական փորձ չունեցող մարդկանց հետ: Ժողովրդավարությունն անվանել է «պարզամիտ քաղաքականություն» (幼稚政治 )՝ քաղաքական համակարգ, որը կարող է օգնել կրթել դրան մասնակցողներին[59]։
Ժողովրդավարությունը նույնացրել է նաև ազատության հետ, որը հնարավոր է դառնում հանդուրժողականության շնորհիվ: Ժողովրդավարական համակարգում մարդիկ պետք է ազատ լինեն ցանկացած քաղաքական հալածանքից, ինչպես նաև հասարակական ճնշումից: 1959 թվականի «Հանդուրժողականություն և ազատություն» էսսեում ընդգծել է հանդուրժողականության կարևորությունը և պնդել, որ «հանդուրժողականությունը ազատության հիմքն է»: Ժողովրդավարական հասարակությունում ընդդիմության գոյությունը պետք է հանդուրժվի: Փոքրամասնությունների իրավունքները հարգվում և պաշտպանվում են: Մարդիկ չպետք է ոչնչացնեն կամ լռեցնեն ընդդիմությանը[60]։
Ժողովրդավարության չինական արմատները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հու Շիի ուշ շրջանի գիտական գործունեության մեծ մասը նվիրված է եղել ժողովրդավարության և լիբերալիզմի չինական արմատները գտնելուն: Նրա բազմաթիվ գրվածքներ, այդ թվում՝ «Ժողովրդավարական Չինաստանի պատմական ավանդույթը», «Կասկածելու իրավունքը հին չինական մտքում», «Իշխանությունն ու ազատությունը հին ասիական աշխարհում», պնդում են, որ ժողովրդավարական ոգին միշտ առկա է եղել չինական ավանդույթում[61]։ Պնդել է, որ չինական ավանդույթը ներառել է.
- Ժողովրդավարացված սոցիալական կառուցվածք՝ որդիների միջև հավասար ժառանգության համակարգով և ճնշող ռեժիմների դեմ ապստամբելու իրավունքով։
- Քաղաքական մասնակցության լայն հասանելիություն՝ քաղաքացիական ծառայության քննությունների միջոցով։
- Ներկառավարական քննադատություն և ցենզուրային վերահսկողություն, որոնք ձևականորեն ամրագրված են եղել կառավարական ինստիտուտների և քաղաքական քննադատության կոնֆուցիական ավանդույթի կողմից։
Սահմանադրականություն և մարդու իրավունքների շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականին Վեն Յիդոյի, Չեն Յուանի, Լյան Շիցզյուի և Սյու Չժիմոյի հետ հիմնադրել է Crescent Moon ամսագիրը, որն անվանվել է Թագորի արձակ բանաստեղծության պատվին: 1929 թվականի մարտին տեղեկություններ է ստացել Ազգային կուսակցության Շանհայի հատուկ ներկայացուցիչ Չեն Դեից:
Քննադատել և մերժել է Սուն Յաթ-սենի այն պնդումը, թե ժողովուրդն ունակ չէ ինքնակառավարման, և ժողովրդավարությունն ինքնին համարել է քաղաքական կրթության ձև: Քաղաքական գործընթացին մասնակցող մարդկանց լեգիտիմությունն ու իրավասությունը բխում են նրանց կենսափորձից: Սունի կառավարությունը առաջարկել է նաև պատժել ցանկացած «հակահեղափոխականի»՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի:
Crescent Moon ամսագրում հրատարակել է «Մարդու իրավունքներ և օրենք» (人權與約法 ) խորագրով հոդվածը: Հոդվածում կոչ է արել ընդունել գրավոր սահմանադրություն, որը կպաշտպանի քաղաքացիների իրավունքները, հատկապես իշխող կառավարությունից: Կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի սահմանադրության առջև: Հետագայում «Երբ կարող ենք ունենալ սահմանադրություն. Հարց «Ազգային վերակառուցման ուրվագծին»» (我們什麼時候才可有憲法?—對於《建國大綱》的疑問 ) հոդվածում քննադատել է Ազգայնական կառավարությանը՝ «Ազգային վերակառուցման ուրվագծում» Սահմանադրականության գաղափարին դավաճանելու համար:
Կոմունիստական կուսակցության քննադատությունը 1949 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-ական թվականների սկզբին Չինաստանի կոմունիստական կուսակցությունը տարիներ տևած քարոզարշավ է նախաձեռնել Հուի գաղափարները քննադատելու համար: Ի պատասխան՝ Հուն անգլերենով հրատարակել է բազմաթիվ էսսեներ, որոնցում կասկածի տակ է դրել Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական օրինականությունը[14]:
Գրականության ոլորտում Լու Սինը և Հուն ներկայացրել են երկու տարբեր քաղաքական կուսակցություններ: Գոմինդանի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև քաղաքական տարաձայնությունները հանգեցրել են այս երկու գրողների բոլորովին տարբեր գնահատականների: Որպես Կոմունիստական կուսակցության աջակից՝ Լու Սինը դրա առաջնորդ Մաո Ցզեդունի կողմից հռչակվել է որպես «նոր մշակութային բանակի ամենամեծ և ամենահամարձակ մարտիկ»: Ի հակադրություն դրան, կոմունիստամետ պատմաբանների կողմից Հու Շին քննադատվել է որպես «չինական մարքսիզմի և սոցիալիստական մտքի ամենավաղ, ամենահետևողական և ամենաանհաշտ թշնամի»: Երկու տարբեր գրողների տարբեր գնահատականները ցույց են տալիս ժամանակակից Չինաստանում երկու տարբեր քաղաքական կուսակցությունների միջև եղած բարդ հարաբերությունները[62]:
Հուի ընդդիմությունը Չինաստանի կոմունիստական կուսակցությանը գաղափարախոսական հակամարտություն է եղել: Որպես պրագմատիզմի կողմնակից՝ Հուն հավատացած է եղել, որ սոցիալական փոփոխությունները կարող են տեղի ունենալ միայն աստիճանաբար: Հեղափոխությունը կամ որևէ գաղափարախոսություն, որը պնդում է սոցիալական խնդիրները մեկընդմիշտ լուծելու մասին, անհնարին են: Նման տեսակետն առկա է եղել իր վաղ շրջանի գրվածքներում, օրինակ՝ «խնդիրների» ընդդեմ «իզմերի» բանավեճում: Մեջբերել է Ջոն Դյուիին. «առաջընթացը մեծածախ գործ չէ, այլ մանրածախ աշխատանք, որը պետք է պայմանագրով կատարվի և իրականացվի մաս-մաս»:
Հուն դեմ է եղել կոմունիզմին նաև անհատապաշտության նկատմամբ իր գաղափարախոսական հավատամքի պատճառով: Վերահաստատել է անհատի իրավունքը՝ որպես կոլեկտիվից անկախ արժեք: Անհատն ունի ազատ և բազմակողմանի զարգանալու իրավունք՝ առանց միօրինակության անվան տակ քաղաքական ճնշումների: «Գաղափարախոսությունների բախումը» աշխատության մեջ գրել է.
«Միօրինակության ձգտումը հանգեցնում է անհատական նախաձեռնության ճնշմանը, անհատականության և ստեղծագործական ջանքերի ճզմմանը, անհանդուրժողականությանը, ճնշմանը և տիրապետությանը, և ամենավատը՝ մտավոր անօրինականությանն ու բարոյական կեղծավորությանը»[63]
Ի հակադրություն պատմության մարկսիստական տեսլականի՝ Հուի պատմության ընկալումը բազմակարծիք է և յուրահատուկ: Ամերիկացի տնտեսագետ Չարլզ Օ. Բիրդի հետ ունեցած զրույցում, որը գրանցված է իր օրագրում, Հուն արտահայտել է այն համոզմունքը, որ պատմության կերտումը զուտ պատահականություն է: Քանի որ եղել է ռեֆորմիզմի, բազմակարծության, անհատապաշտության և սկեպտիցիզմի կողմնակից, Հուի փիլիսոփայությունն անհամատեղելի է եղել կոմունիստական գաղափարախոսության հետ: Լիբերալիզմի և ժողովրդավարության չինական արմատների վերաբերյալ Հուի ուշ շրջանի ուսումնասիրությունները համահունչ են եղել ՉԿԿ-ի դեմ ուղղված իր գրվածքներին: «Կոմունիզմ, ժողովրդավարություն և մշակութային մոդել» վերնագրով ուշ շրջանի ձեռագրում Հուն չինական մտքի պատմությունից, հատկապես կոնֆուցիական և դաոսական ավանդույթներից, ձևակերպել է երեք փաստարկ՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության ավտորիտար իշխանության դեմ պայքարելու համար.
- Գրեթե անարխիստական ատելություն պետական ցանկացած միջամտության նկատմամբ:
- Ազատության սիրո և ազատության համար պայքարի երկար ավանդույթ՝ հատկապես մտավոր ազատության և կրոնական ազատության, ինչպես նաև քաղաքական քննադատության ազատության համար:
- Ամեն ինչ, նույնիսկ ամենասրբազան բաները, կասկածի տակ դնելու և հարցականի տակ դնելու անհատի իրավունքի ավանդական գովերգում[64]:
Ուստի, Հուն Չինաստանի կոմունիստական կուսակցության բռնապետությունը դիտարկել է որպես ոչ միայն «հակապատմական», այլև «հակաչինական»:
Գլոբալ քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Այնշտայնի հետ մեկտեղ Հուն եղել է Ժողովուրդների համաշխարհային համաժողովի (PWC) հովանավորներից մեկը, որը հայտնի է նաև որպես Ժողովուրդների համաշխարհային սահմանադիր ժողով (PWCA) և տեղի է ունեցել 1950-1951 թվականներին Շվեյցարիայի Ժնև քաղաքում[65][66]:
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսսեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուն եղել է ժամանակաշրջանի գրական հեղափոխության կողմնակիցը. շարժում, որի նպատակն էր գրավոր դասական չինարենը փոխարինել գրավոր խոսակցական լեզվով, ինչպես նաև զարգացնել ու խթանել գրականության նոր ձևերը: 1917 թվականի հունվարին New Youth պարբերականում սկզբնապես հրատարակված «Գրականության բարեփոխման նախնական քննարկում»[67] հոդվածում Հուն առանձնացրել է ութ ուղեցույց, որոնցից պետք է առաջնորդվեն չինացի բոլոր գրողները.
- Գրել բովանդակալից: Սրանով Հուն նկատի է ունեցել, որ գրականությունը պետք է պարունակի իրական զգացմունքներ և մարդկային միտք: Սա նպատակ է ունեցել հակադրվելու վերջին շրջանի հանգավորված պոեզիային, որը Հուն դիտարկել է որպես դատարկություն:
- Չնմանակել հնին: Գրականությունը չպետք է գրվի վաղեմի անցյալի ոճերով, այլ ընթացիկ դարաշրջանի ժամանակակից ոճով:
- Հարգել քերականությունը: Հուն մանրամասն չի անդրադարձել այս կետին՝ պարզապես նշելով, որ պոեզիայի որոշ ժամանակակից ձևեր անտեսել են պատշաճ քերականությունը:
- Մերժել հուսահատությունը: Վերջին շրջանի երիտասարդ հեղինակները հաճախ ընտրել են տխուր գրական անուններ և գրել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսին է մահը: Հուն մերժել է մտածողության այս ձևը՝ համարելով անարդյունավետ ժամանակակից խնդիրների լուծման գործում:
- Վերացնել հին կարծրատիպերը: Չինարենում միշտ օգտագործվել են բազմաթիվ դարձվածքներ (չենյույի) իրադարձությունները նկարագրելու համար: Հուն կոչ է արել գրողներին նկարագրությունների մեջ օգտագործել սեփական բառերը և քննադատել է նրանց, որոնք դա չեն արել:
- Չօգտագործել ակնարկներ: Սրանով Հուն նկատի է ունեցել ներկա իրադարձությունները պատմական իրադարձությունների հետ համեմատելու պրակտիկան, նույնիսկ երբ չկա իմաստալից զուգահեռ:
- Չօգտագործել երկտողեր կամ զուգահեռականություն: Թեև այս ձևերին հետևել են նախկին գրողները, Հուն հավատացած է եղել, որ ժամանակակից գրողները նախ պետք է սովորեն բովանդակության և որակի հիմունքները, նախքան նման նրբություններին անդրադառնալը:
- Չխուսափել ժողովրդական արտահայտություններից կամ նշանների տարածված ձևերից: Այս կանոնը, թերևս ամենահայտնին, ուղղակիորեն կապված է եղել Հուի այն համոզմունքի հետ, որ ժամանակակից գրականությունը պետք է գրվի խոսակցական լեզվով, այլ ոչ թե դասական չինարենով: Հավատացած է եղել, որ այս պրակտիկան ունեցել է պատմական նախադեպեր և հանգեցրել է կարևոր տեքստերի ավելի լավ ընկալմանը:
1918 թվականի ապրիլին New Youth պարբերականում հրատարակել է երկրորդ հոդվածը՝ «Կառուցողական գրական հեղափոխություն - Ազգային լեզվի գրականություն» վերնագրով[68]: Դրանում սկզբնական ութ կետերը պարզեցրել է՝ հասցնելով չորսի.
- Խոսել միայն այն ժամանակ, երբ ասելիք կա: Սա համանման է վերոնշյալ առաջին կետին:
- Ասել այն, ինչ ուզում ես ասել, և ասել այնպես, ինչպես ուզում ես ասել: Սա միավորում է վերոնշյալ երկրորդից վեցերորդ կետերը:
- Խոսել սեփական բառերով, այլ ոչ թե ուրիշի: Սա յոթերորդ կետի վերաձևակերպումն է:
- Խոսել ապրած ժամանակաշրջանի լեզվով: Սա կրկին վերաբերում է դասական չինարենը խոսակցական լեզվով փոխարինելուն:
New Youth պարբերականի հուլիսի 15-ի համարում Հուն հրատարակել է «Կուսություն» վերնագրով էսսեն: Չինական ավանդական համատեքստում սա վերաբերում է ոչ միայն մինչամուսնական կուսությանը, այլ հատկապես կանանց կողմից մինչև ամուսնությունը և ամուսնու մահից հետո կուսություն պահպանելուն: Գրել է, որ սա կյանքի անհավասար և անտրամաբանական տեսակետ է, որ չկա բնական կամ բարոյական օրենք, որը պաշտպանում է նման պրակտիկան, որ կուսությունը փոխադարձ արժեք է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, և որ ինքը վճռականորեն դեմ է կուսության վերաբերյալ ավանդական պրակտիկաներին նպաստող ցանկացած օրենսդրության: Այդ ժամանակ շարժում է կար օրենքի մեջ կոնֆուցիական ավանդական արժեհամակարգեր ներմուծելու համար:
1947 թվականի «Մենք պետք է ընտրենք մեր սեփական ուղղությունը» էսսեն նվիրված է եղել լիբերալիզմին: Մինչև մահ պահպանել է Ցզյասյուի ձեռագիրը:
Գիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հու Շիի գիտական աշխատությունների թվում են.
- «Չինական փիլիսոփայության պատմության ուրվագիծ», Հատոր 1 (1919 թվական)
- «Չինական վերածնունդ. Հասկելի դասախոսություններ, 1933» (Chicago: University of Chicago Press, 1934)
- «Հու Շիի վերջին գիտական գրվածքները» (Shanghai: Commercial Press, 1935), ներառյալ «Իմ սեփական մտքերի ներկայացումը» էսսեն
- «Գաղափարախոսությունների բախումը», The Annuals of the American Academy of Political and Social Science, Հատոր 218, նոյեմբեր, 1941
Ինքնակենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]184 էջանոց «Ինքնակենսագրություն քառասուն տարեկանում» աշխատությունը Հու Շիի կողմից գրված միակ ինքնակենսագրությունն է[69]:
Ինքնակենսագրության մի մասը թարգմանվել է անգլերեն և ֆրանսերեն ու հրատարակվել «Իմ վաղ կրթությունը» երկլեզու հրատարակությամբ (2025):
Գեղարվեստական արձակ և պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին Հու Շին հրատարակել է իր բանաստեղծությունների «Փորձեր» ժողովածուն[70]:
Հետևյալ հատվածը Հուի կողմից գրված «Երազ և պոեզիա» բանաստեղծությունից է, որը գրվել է գրավոր խոսակցական չինարենով: Այն ցույց է տալիս, թե ինչպես է կիրառել այդ ուղեցույցները սեփական աշխատանքում:
| Չինարեն բնագիր | Հայերեն թարգմանություն[71][72] |
|---|---|
| 都是平常情感。
都是平常言語。 |
Սրանք բոլորը սովորական զգացմունքներ են,
Բոլորը սովորական բառեր: |
| 醉過才知酒濃。
愛過才知情重; |
Միայն արբելուց հետո ես իմանում գինու ուժը,
Միայն սիրահարվելուց հետո ես իմանում սիրո զորությունը. |
Արձակ աշխատանքներից է «Պարոն Չաբուդուոյի կյանքը» պատմվածքը, որը քննադատում է չինական հասարակությունը և կենտրոնանում չինարենում լայնորեն տարածված «չաբուդուո» արտահայտության վրա, որը նշանակում է «մոտավորապես» կամ «գրեթե նույնը».
«Երբ պարոն Չաբուդուոն («Գրեթե նույնը») մահանում էր, անհավասար շնչառությամբ արտասանել է. «Ողջերն ու մահացածները չա.........չա........բուդուո են (գրեթե նույնն են), և քանի դեռ ամեն ինչ չա.........չա........բուդուո է, ուրեմն ամեն ինչ լավ է: Ինչու՞..........լինել............չափազանց լուրջ»: Այս վերջին բառերից հետո փչել է իր վերջին շունչը»[73]:
«Ամուսնություն» պիեսը նոր գրական ոճով գրված առաջին պիեսներից է եղել: Հրատարակվելով 1919 թվականի մարտին New Youth պարբերականում՝ այս մեկ գործողությամբ պիեսը ընդգծում է ծնողների կողմից կազմակերպված ավանդական ամուսնությունների խնդիրները: Գլխավոր հերոսուհին ի վերջո լքում է ընտանիքը՝ ամուսնությունից խուսափելու համար:
Խոսակցական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հու Շին եղել է չինարենի բարեփոխման շարժման մասնակից և հոդվածներ գրելիս օգտագործել է խոսակցական ոճը: Գրելու հակառակ ոճը դասական չինարենն է եղել, և այս լեզվի առաջնորդներից է եղել Չժան Շիչժաոն: Հու Շին և Չժան Շիչժաոն ունեցել են ընդամենը տաս տարվա տարիքային տարբերություն, բայց թվացել է, թե տարբեր սերունդների ներկայացուցիչներ են[74]:
1919 թվականի հոկտեմբերին Չինաստանում Ու Լուժենին այցելելուց հետո Հու Շին հուզմունքով ասել է. «Վերջին տասը տարում միայն հանգուցյալ գործիչները, ինչպիսիք են Սոն Ցզյաորենը, Ցայ Էն և Ու Լուժենը, կարողացել են պահպանել իրենց մեծ համբավը: Ողջ մնացածների իրական դեմքը շուտով բացահայտվում է: Դա նրանից է, որ ժամանակները շատ արագ են փոխվում: Եթե ողջ մնացած գործիչը չի անում իր առավելագույնը, ետ է մնում և շուտով դառնում է «ժամանակավրեպ»»: Հու Շիի պատկերացմամբ միայն մահացած մարդիկ կարող են պահպանել իրենց համբավը, իսկ աշխարհը շուտով կիմանա մարդու իրական արժեքն ու անհատականությունը, եթե վերջինս չհետևի ժամանակի պահանջներին: Այդ մարդիկ արագորեն ետ են մնալու ժամանակից, եթե չփորձեն գտնել փոփոխություններ, որոնք քաջալերում են հին Չինաստանի գրողներին հետևել նոր հեղափոխությանը և սկսել օգտագործել գրելու նոր խոսակցական ոճը: Նրանք չեն կարող մնալ հին ոճի մեջ, հակառակ դեպքում ետ կնկնեն: Բացի այդ, Հուն նկատի է ունեցել, որ Չինաստանին անհրաժեշտ են եղել նոր բաներ:
Չժանը եղել է խոսակցական ոճի ամենամեծ «թշնամին»: Ըստ Լյան Շումինի՝ «Լին Շուն և Չժան Շիչժաոն պատմության մեջ խոսակցական ոճի դեմ հանդես եկած երկու ամենանշանավոր մարդիկ են եղել»[74]: Բայց իրականում Հու Շին և Չժան Շիչժաոն ունեցել են տարիքային մեծ տարբերություն. երբ Չժանն աշխատել է Շանհայում, Հուն ընդամենը միջնակարգ դպրոցի աշակերտ է եղել:
Մայիսի չորսի շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հու Շին մասնակցել է «Մայիսի չորսի» շարժմանը, որը նշանավորել է ժամանակակից Չինաստանի սկիզբը: Հուն «Մայիսի չորսի» շարժումը դիտարկել է որպես փիլիսոփայության մեջ գլոբալ փոփոխության մի մաս, որը գլխավորել են արևմտյան երկրները: Շարժման գլոբալ բնույթը, Հուի աչքերում, հատկապես կարևոր է եղել՝ հաշվի առնելով Չինաստանի՝ որպես համաշխարհային տերության համեմատաբար նոր կարգավիճակը: «Մայիսի չորսի» շարժման ընթացքում Հուի քաղաքական դիրքորոշումըտրուկ փոխվել է: Երբ շարժման մյուս մտածողներն ու ուսանողները հակվել են դեպի սոցիալիզմը, Հուն նույնպես ավելի դրական դիրքորոշում է ընդունել այնպիսի խմբերի կոլեկտիվ, կենտրոնացված կազմակերպման նկատմամբ, ինչպիսիք են Խորհրդային Միությունը և Երրորդ Ինտերնացիոնալը: 1930-ական թվականների սկզբից հետո վերադարձել է իր նախկին դիրքորոշմանը, որն ավելի մեծ տեղ է հատկացրել անհատապաշտությանը: Այնուհետև Հուն սկսել է քննադատել կոմունիզմը, ինչպես օրինակ Մաոյի կառավարությունը և Խորհրդային Միությունը: Այս շարժման զարգացման քաոսային շրջանում Հուն հոռետեսություն և օտարացման զգացում է ապրել[75]:
Կյանքի վերջում Հուն հիասթափություն է հայտնել «Մայիսի չորսի» շարժման քաղաքականացման կապակցությամբ, որը, իր կարծիքով, հակասել է այն առաջնային փիլիսոփայական և լեզվական հարցերին, որոնք իրեն մղել են մասնակցելու դրան: Անկախ նրանից, թե ինչպես է փոխվել Հուի դիրքորոշումը շարժման ընթացքում, «Մայիսի չորսի» շարժումը միշտ դրել է համաշխարհային, թեև եվրոկենտրոն, համատեքստում[76]: Չնայած «Մայիսի չորսի» շարժման նշանակությանը, Հու Շին ի վերջո ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել ավելի մեծ դեր խաղալ իր ազգի պատմության մեջ[75]:
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 3 4 Ху Ши // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Songping H. 胡適之先生年譜長編初稿 — 1984.
- ↑ Woodhead, H. G. W., ed. (1922). The China Year Book 1921-2. Tientsin. էջ 905. «Hu Shih, (Hu Suh). (胡適
)–Anhui. Born 17 December 1891. ...»
{{cite book}}: line feed character in|quote=at position 130 (օգնություն) - ↑ The Youth Movement In China. 1927. էջ xii. «I am also indebted to many friends in China, especially to Dr. Hu Suh of the National University of Peking ...»
- ↑ Ji'an, Bai (2006 թ․ մարտ). «Hu Shi and Zhang Shizhao». Chinese Studies in History. 39 (3): 3–32. doi:10.2753/CSH0009-4633390301. ISSN 0009-4633. S2CID 159799416.
- ↑ «Department of State bulletin». 1944 թ․ հունիսի 10. էջ 537. «The representative of the National University of Peking is Dr. Chen-sheng Yang, who has been acting dean of the College of Arts and Literature in the absence of Dr. Hu Shih.»
- ↑ «Introduction». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին. «The Hu Shih Memorial Hall located on the Nankang campus was the residence where Dr. Hu Shih (1891–1962) lived from 1958 to 1962, during his tenure as the president of Academia Sinica.»
- ↑ «The Bureau at the Fair». Abmac Bulletin. 2 (7): 4. 1940 թ․ օգոստոս. «Dr. Hu Shih, Chinese Ambassador to the United States, Mayor Fiorello H. La Guardia, ...»
- ↑ «Nomination Database – Literature». The Nobel Foundation. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
- 1 2 Chou, 2012, էջ 288
- 1 2 Chou, 2012, էջ 202
- 1 2 O'Neill, Mark (2022). China's Great Liberal of the 20th Century – Hu Shih: A Pioneer of Modern Chinese Language. Hong Kong: Sanlian Bookstore. էջ 18. ISBN 978-962-04-4918-5.
- ↑ Grieder, Jerome (1970). Hu Shih and the Chinese Renaissance: Liberalism in the Chinese Revolution, 1917–1937. Harvard University Press. էջեր 3–8.
- 1 2 Jolly, Margaretta (2001). Encyclopedia of Life Writing: Autobiographical and Biographical Forms. Vol. I: A–K. London: Fitzroy Dearborn. էջ 442. ISBN 1-57958-232-X.
- ↑ Mair, Victor H. (2013). Chinese Lives: The people who made a civilization. London: Thames & Hudson. էջ 208. ISBN 978-0-500-25192-8.
- 1 2 Chou, Chih-Ping; Lin, Carlos (2022). Power of Freedom: Hu Shih's Political Writings. University of Michigan Press. էջ 22. ISBN 978-0-472-07526-3.
- 1 2 3 4 5 Friedlander, Blaine (2021 թ․ մարտի 23). «Residence hall names honor McClintock, Hu, Cayuga Nation». Cornell Chronicle. Ithaca, New York: Cornell University. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Egan, 2017
- ↑ Luo, Jing (2004). Over a Cup of Tea: An Introduction to Chinese Life and Culture. University Press of America. 0761829377
- ↑ Bary, Lufrano, էջ 362
- ↑ Fairbank, John King (1979) [1948]. The United States and China. Cambridge, MA: Harvard University Press. էջեր 232–233, 334.
- ↑ Jerome B. Grieder, Hu Shih and the Chinese Renaissance Liberalism in the Chinese Revolution, 1917–1937 (Cambridge: Harvard University Press, 1970), pp. 161–162. ACLS Humanities E-Book. URL: http://www.humanitiesebook.org/
- ↑ «Vale: David Hawkes, Liu Ts'un-yan, Alaistair Morrison». China Heritage Quarterly of the Australian National University.
- ↑ Jr, Frederic Wakeman (1980-06-12). «The Genius of the Red Chamber». The New York Review of Books (անգլերեն). Vol. 27, no. 10. ISSN 0028-7504. Վերցված է 2026-04-26-ին.
- ↑ Wen Yuan-ning, and others. Imperfect Understanding: Intimate Portraits of Modern Chinese Celebrities. Edited by Christopher Rea (Amherst, MA: Cambria, 2018), pp. 41–44.
- ↑ Chiang, Tsai-Chien (2014). Madame Chien-Shiung Wu: The First Lady of Physics Research. World Scientific. ISBN 978-981-4374-84-2.
- ↑ Rodriguez, Sarah Mellors (2023). Reproductive realities in modern China: birth control and abortion, 1911–2021. Cambridge University Press. էջ 24. ISBN 978-1-00-902733-5.
- ↑ «Shih Hu». American Academy of Arts & Sciences. 2023 թ․ փետրվարի 9. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «PRESIDENT ASSURES CHINA's NEW ENVOY; Tells Dr. Hu Shih We Will Keep Foreign Policy Based Upon Law and Order DIPLOMAT VOICES THANKS He Declares His People Will Fight On for Peace With Justice and Honor President Gives Assurance Will Fight On Indefinitely». The New York Times. 1938 թ․ հոկտեմբերի 29. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Ambassador Hu Shih Recalled by China; Wei Tao Ming, Formerly at Vichy, Will Be His Successor». The New York Times. 1942 թ․ սեպտեմբերի 2. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Cheng & Lestz (1999), էջ. 373.
- ↑ Chiang, Tsai-Chien (2014). Madame Chien-Shiung Wu: The First Lady of Physics Research. World Scientific. էջ 199. ISBN 978-981-4374-84-2.
- ↑ 成立經過 [Establishment process] (չինարեն). Academia Sinica. Արխիվացված է օրիգինալից 2021-01-11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին. 同年十二月十日,管理委員會舉行第一次會議,紀念館宣告正式成立,開始布置。
- ↑ "Ji Xianlin: A Gentle Academic Giant", china.org, 19 August 2005
- ↑ Putonghua Shuiping Ceshi Gangyao. 2004. Beijing. pp. 362–363. 7100039967
- ↑ Deepak, B. R. (2020). India and China: Beyond the Binary of Friendship and Enmity. Springer. էջ 6. ISBN 978-9811595004 – via Google Books.
- 1 2 Yu-lan Fung, "Philosophy in Contemporary China" paper presented in the Eighth International Philosophy Conference, Prague, 1934.
- ↑ Chou, 2012, էջ 220
- ↑ Mou, Bo (2008). The Routledge History of Chinese Philosophy. Routledge. էջ 220. ISBN 978-1-134-24938-1.
- ↑ «Hu Shih Hall». Student & Campus Life, Cornell University. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Hu, 1948, էջեր 167–168
- ↑ Hu Shih, 杜威先生與中國 (Mr. Dewey and China), dated 11 July 1921; 胡適文存 (Collected Essays of Hu Shih), ii, 533–537.
- ↑ Hu Shih, 三論問題與主義 (A Third Discussion of Problems and Isms), 每週評論 no. 36, (Aug. 24, 1919); 胡適文存 (Collected Essays of Hu Shih), ii, 373.
- 1 2 Chang, Han-liang (2000). «Hu Shih and John Dewey: 'scientific method' in the May Fourth era – China 1919 and after». Comparative Criticism. 22: 91–103.
- ↑ 胡適 (2023-06-15). 介紹我自己的思想:文學傳承,思想成長 (չինարեն). 千華驻科技. ISBN 978-626-368-751-6.
- ↑ Hu, Shih (1935). 胡適論學近著 (Hu Shih's Recent Writings on Scholarship). Shanghai: Commercial Press. pp. 630–646.
- ↑ Yu, 2014, էջեր 348–355
- ↑ Yu, 2014, էջ 357
- ↑ Chou, 2012, էջ 36
- ↑ Hu, Shih (1947), 我们必须选择我们的方向 (We Must Choose Our Own Direction).
- ↑ Hu, Shih (1955), 四十年来中国文艺复兴运动留下的抗暴消毒力量—中国共产党清算胡适思想的历史意义.
- ↑ Hu, Shih (1918). 易卜生主义 (Ibsenisim).
- ↑ Hu, Shih (1919). Immortality – My Religion, New Youth 6.2.
- ↑ Chou, 2012, էջ 290
- ↑ "从一党到无党的政治 – 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org. Retrieved 15 April 2019.
- ↑ Chou, 2012, էջեր 290–292
- ↑ Hu, Shih (2013). Chou, Chih-P'ing (ed.). English Writings of Hu Shih. China Academic Library. Berlin: Springer. doi:10.1007/978-3-642-31181-9. ISBN 978-3-642-31180-2.
- ↑ Chou, Chih-p'ing (2020). «Two Versions of Modern Chinese History: a Reassessment of Hu Shi and Lu Xun». Remembering May Fourth. Brill. էջեր 75–94. doi:10.1163/9789004424883_005. ISBN 978-9004424883. S2CID 216388563.
- ↑ Hu, Shih (November 1941). "The Conflicts of Ideologies", in The Annuals of American Academy of Political and Social Science, Vol. 28, pp. 32–34.
- ↑ Communism, Democracy, and Culture Pattern by Hu Shih
- ↑ Einstein, Albert; Nathan, Otto; Norden, Heinz (1968). Einstein on peace. Schocken. էջեր 539, 670, 676 – via Internet Archive.
- ↑ «[Carta] 1950 oct. 12, Genève, [Suiza] [a] Gabriela Mistral, Santiago, Chile [manuscrito] Gerry Kraus». BND: Archivo del Escritor.
- ↑ 文學改良芻議
- ↑ 建設的文學革命論
- ↑ Hu, 2016
- ↑ Haft, 1989, էջեր 136–138
- ↑ Haft, 1989, էջ 137
- ↑ «English translation by Kai-Yu Hsu». 2010 թ․ մարտ.
- ↑ Hu Shih (1919). «Chabuduo Xiansheng 差不多先生傳» (PDF). USC US-China Institute (ավանդական չինարեն and անգլերեն). Translated by RS Bond. էջ 5. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-10-09-ին.
- 1 2 Ji'an, Bai (2006). «Hu Shi and Zhang Shizhao». Chinese Studies in History. 39 (3): 3–32. doi:10.2753/csh0009-4633390301. ISSN 0009-4633. S2CID 159799416.
- 1 2 Chou, Min-chih (1984). Hu Shih and Intellectual Choice in Modern China. Ann Arbor: University of Michigan Press. doi:10.3998/mpub.9690178. ISBN 978-0-472-75074-0.
- ↑ Chiang, Yung-Chen (2020). «Hu Shi and the May Fourth Legacy». Remembering May Fourth. Brill. էջեր 113–136. doi:10.1163/9789004424883_007. ISBN 978-9004424883. S2CID 216387218.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bary, William Theodore de; Lufrano, Richard (2000) [1995]. Sources of Chinese Tradition: From 1600 through the Twentieth Century. Vol. 2 (2nd ed.). New York: Columbia University Press. ISBN 0-231-11271-8.
- Cheng, Pei-Kai; Lestz, Michael (1999). The Search for Modern China: A Documentary Collection. New York: W. W. Norton. ISBN 0-393-97372-7.
- Chou, Chi-p'ing (2012). 胡适思想与现代中国 [A fire that never goes out: Hu Shih’s thought and modern China] (չինարեն). Beijing: Jiuzhou. ISBN 9787510814907.
- Chou, Min-chih (c. 1984). Hu Shih and intellectual choice in modern China. Michigan studies on China. Ann Arbor: University of Michigan Press. ISBN 0-472-10039-4.
- Egan, Susan Chan (2017). «Hu Shi and His Experiments». In Wang, David Der-wei (ed.). A New Literary History of Modern China. Cambridge, MA: Belknap. էջեր 242–247. ISBN 978-0-674-97887-4.
- Grieder, Jerome B. (1970). Hu Shih and the Chinese renaissance: liberalism in the Chinese revolution, 1917–1937. Harvard East Asian series. Vol. 46. Cambridge, MA: Harvard University Press. ISBN 0-674-41250-8.
- Haft, Lloyd, ed. (1989). «Hu Shi, Changshi ji (Experiments), 1920». A Selective Guide to Chinese Literature, 1900–1949. Vol. 3: The Poem. Leiden: Brill. էջեր 136–138. ISBN 90-04-08960-8.
- «Hu Shih». Living Philosophies. New York: Simon & Schuster. 1931.
- Li, Ao (1964). 胡適評傳. Literary Star Series (չինարեն). Vol. 50. Taipei: Wenxing shudian.
- Yang, Ch'eng-pin (c. 1986). The political thoughts of Dr. Hu Shih. Taipei: Bookman.
- Yu, Ying-shih (2014). 余英时文集 [Collected Works of Yu Yingshi] (չինարեն). Guilin: Guangxi Normal University Press. ISBN 9787549554188.
Գլխավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hu, Shih (c. 1934). The Chinese renaissance: the Haskell lectures, 1933. University of Chicago Press.
- ——— (1948). 胡适留学日记 [Hu Shih's Diary of Study Abroad] (չինարեն). The Commercial Press. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին – via Taiwan eBook.
- ——— (2016) [1933]. 四十自述 [Autobiography at Forty]. Boya Bilingual Masterpieces Series (չինարեն and անգլերեն). Translated by George Kao (乔志高). Beijing: Foreign Language Teaching and Research Press. ISBN 978-7-513574297. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ——— (2025) [1933]. 四十自述 [My Early Education]. Luminary Collection (անգլերեն and ֆրանսերեն). Translated by Hu, Mingyuan; Graziani, Romain; Gang, Song. London and Paris: Hermits United. ISBN 978-1-916658059.
- ——— (1963) [1922]. The development of the logical method in ancient China. Paragon – via Internet Archive.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chan, Wing-tsit. "Hu Shih and Chinese Philosophy." Philosophy East and West 6.1 (1956): 3–12. online
- Chinese Writers on Writing featuring Hu Shih. Ed. Arthur Sze. (Trinity University Press, 2010).
- "Dr. Hu Shih, a Philosophe", by Wen Yuan-ning. Imperfect Understanding: Intimate Portraits of Modern Chinese Celebrities. Edited by Christopher Rea. (Amherst, NY: Cambria Press, 2018), pp. 41–44.
- Life of Mr.pdf Another Mr. Chabuduo English Translation(չաշխատող հղում) at University of Southern California
- Selected Bibliography of Hu Shih's Writings in English Language Արխիվացված 2025-01-25 Wayback Machine
Էսսեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A Republic for China (in The Cornell Era Vol. 44 No. 4) (PDF). Ithaca: Cornell University. 1912. էջեր 240–242.
- The International Student Movement. Boston. 1913. էջեր 37–39.
- 胡適文存 [Collected Essays of Hu Shih] (չինարեն). 1921.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "The Chinese Renaissance": a series of lectures Hu Shih delivered at the University of Chicago in the summer of 1933. (see print Reference listed above)
- "Hu Shih Study" at newconcept.com (zh)
- "Hu Shih in The Chinese Student Club At Teachers College"(չաշխատող հղում) at pk.tc.Columbia.edu
- Hu Shih Memorial Hall Արխիվացված 28 Մայիս 2023 Wayback Machine in Nangang District, Taipei, Taiwan
- Hu Shi. A Portrait by Kong Kai Ming at Portrait Gallery of Chinese Writers (Hong Kong Baptist University Library)
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Շանհայ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 24 մահեր
- 1962 մահեր
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Չինաստանի քաղաքական գործիչներ
- Չինացի գրողներ
- Չինացի դիվանագետներ
- Չինացի փիլիսոփաներ