Հուշաթղթիկ
Հուշաթղթիկ (ռուս.՝ шпарга́лка), ինֆորմացիայի կրիչ, որն օգտագործում են քննությունների, թեստերի, ստուգողական աշխատանքների և գիտելիքների ստուգման այլ ձևերի ժամանակ՝ նպատակ ունենալով նայել կամ արտագրել այն, ինչը քննվող անձը պետք է հիշեր:
Օգտագործման հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշաթղթիկի օգտագործումը պաշտոնապես արգելվում է: Սովորողի մոտ հայտնաբերվելիս վերջինիս, որպես կանոն, հեռացնում են քննությունից՝ նշանակելով անբավարար գնահատական[1]:
Պատժի ծանրությունը ուսումնական տարբեր հաստատություններում տարբեր է և հաճախ կախված է երկրի ավանդույթներից ու քննություն ընդունողի օրինապահությունից: Ադա Բասկինն իր գրքում ներկայացրել է հետևյալ տեղեկությունը.
Չիկագոյի հեղինակավոր համալսարանում արտակարգ պատահար էր տեղի ունեցել: Հեռացվել էր միանգամից հինգ ուսանող՝ գրավոր քննությանը հուշաթղթիկ օգտագործելու համար: Երկուսը նրա համար, որ արտագրել էին, երեքը նրա համար, որ դրանցից օգտվել էին: Բոլոր հինգն էլ ներգաղթել էին Ռուսաստանից: Ռեկտորի հրամանում այդ հանցանքը որակվել էր որպես «անթույլատրելի խաբեություն, խարդախություն, համալսարանի բարոյականության հետ անհամատեղելի»: Իրենք՝ անհաջողակ ուսանողները, իրենց վարքը բացատրում էին «ռուսներին հատուկ մտածելակերպով»:— «Ասացեք «չի-ի-ի՜զ»: Ինչպես են ապրում ժամանակակից ամերիկացիները», Ադա Բասկինա
Միևնույն ժամանակ որոշ դեպքերում թույլատրվում է քննություններին օգտվել համառոտագրություններից կամ դասագրքից. օրինակ՝ եթե խոսք է գնում մաթեմատիկական բարդ ապարատով գիտաճյուղերի մասին, որոնք դժվար են հիշվում: Այս դեպքում ստուգվում է սովորողի կողմից նյութի հասկացվածության աստիճանը և հիմնական հասկացությունների ու բանաձևերի իմացությունը (լրացուցիչ հարցերի միջոցով):
Հուշաթղթիկի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռումբ (կոկորդիլոս), քննության առաջադրանքների լուծումներով թերթիկ, որ պատրաստվում է նախօրոք: Տոմսն ստանալուց հետո քննություն հանձնողը, հարմար պահ գտնելով, «ռումբերի» փաթեթից հանում է այն թերթիկը, որը համապատասխանում է տոմսի համարին և հանձնում որպես քննության ժամանակ գրված: Երբեմն ռումբը պատրաստվում է «մաքուր թղթի» ձևով. տեքստը գրվում է թանաքը վերջացած գնդիկավոր գրիչով և թղթի վրայի հետքերով գրվում է «տեղում»:
- Արխիվ, շատ փոքր տպատառով տպագրված հուշաթղթիկ: Որպես «կրիչ» ամենից հաճախ օգտագործվում են վանդակավոր տետրի թղթերը (փոքր տպատառերը չեն ընդգծվում):
- Վիքի-հուշաթղթիկ, ծույլիկ, Վիքիպեդիայից տպագրված հոդվածների հավաքածու (քննության հարցաշարերում հանդիպող բառերով): Որպես կանոն՝ այն պատրաստվում է «ռումբեր» գրելու համար ժամանակի բացակայության պայմաններում: Նաև վիքի-հուշաթղթիկը ենթադրում է տեղեկության հավաքում անմիջապես վեբ-կայքից բջջային հեռախոսի կամ շարժական այլ սարքի միջոցով: Այս եղանակը հնարավորություն է տալիս նախօրոք պատրաստվելու փոխարեն տեղեկությունը փնտրել քննության ընթացքում[2]: Սակայն սովորողների շրջանում բջջային հեռախոսների տարածվածության հետ կապված բազմաթիվ դպրոցներում և բուհերում սահմանվել են այնպիսի կանոններ, որոնցով սովորողներին արգելվում է քննությունների ժամանակ իրենց մոտ նման սարքավորումներ պահել[3][4][5][6], իսկ որոշ համալսարաններում քննությունների ժամանակ համացանցն արգելափակվում է:
- Ակորդեոն, համեմատաբար նեղ և երկար թղթե ժապավեն՝ նյութի համառոտ բովանդակությամբ ու հիմնական տերմիններով: Գրելուց հետո այն լայնությամբ ծալվում է հավասար մասերով, ինչպես ակորդեոնն է: Այս տեսակի առավելությունն այն է, որ ունի փոքր չափեր ու համեմատաբար աննկատելի է ծալված վիճակում: Թերություն այն է, որ օգտագործումն աղմուկով է և բացված վիճակում նկատելի է, ու որքան մեծ է «ակորդեոնը», այնքան դժվար և դանդաղ է այն թաքցվում:
- Գլանափաթեթ, «ակորդեոնի» ավելի առաջադեմ տարբերակն է: Ի տարբերություն «ակորդեոնի»՝ գրելուց հետո թղթե ժապավենը ոչ թե ծալում են, այլ ամուր փաթաթում մատիտի, գրիչի շուրջ, որից հետո գրիչը հանում են, իսկ ստացված գլանակը պահպանում է իր ձևն ու առաձգականությունը: Թերությունն այն է, որ այն դժվար է բացել առանց ուշադրություն գրավելու: Առավելությունն այն է, որ տերմինը տեսնելուց հետո բավական է միայն բաց թողնել ժապավենի ծայրը, և այն արագ ու անձայն նորից կվերածվի գլանակի:
Հուշաթղթիկի օգուտը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ հաճախ այն սովորողները, որոնք գրել են մեծ քանակությամբ հուշաթղթիկներ, դրանցից այդպես էլ չեն օգտվել, բայց մեծ հաջողությամբ պատասխանել են իրենց հիշողության շնորհիվ: Այդ «պարադոքսի» «մեղավորը» մարդու մնեմոնիկական հիշողությունն է:
Տեղեկատու նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավելի լայն իմաստով, հատկապես անգլախոս միջավայրում, «հուշաթղթիկ» հասկացությունը վերաբերում է կարճ, մեկից երկու էջից կազմված տեղեկատու նյութերին, մասնավորապես, դրանք պարունակում են մաթեմատիկական և քիմիական բանաձևեր, ծրագրավորման հրամաններ, ստեղնաշարի համակցումներ և այլն[7][8]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Правда ли, что из РЭШ могут выгнать из-за шпаргалки?
- ↑ «Экзамены и мобильный: за и против», mobiset.ru
- ↑ «Exams ban for mobile phone users», BBC
- ↑ «Mobiles fuel exam cheating rise», BBC
- ↑ «Exam authority finds rise in mobile phone cheats», The Guardian
- ↑ «Abitur 2001 — Handy-Verbot in Baden-Württemberg», heise.de
- ↑ Cheat-Sheets.org(անգլ.)
- ↑ Шпаргалка по редактору «Emacs»