Հուշադրամ
| Հուշադրամ | |
|---|---|
Հայաստանի Հանրապետության «Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակ» մետաղադրամ, 100 դրամ, 1997, մելքիոր, դարձերես | |
| Տեսակ | հուշադրամ |
| Ենթատեսակ | մետաղադրամ, commemorative? և մետաղադրամի տեսակ |
Հուշադրամ, մետաղադրամ, որը թողարկվում է որևէ հատուկ իրադարձության նվիրված կամ թողարկման յուրահատուկ դիզայնով: Այս կատեգորիայի որոշ մետաղադրամներ ծառայում են միայն որպես հավաքորդական իրեր, մինչդեռ հուշադրամների մեծ մասը կանոնավոր շրջանառության համար է:

Ենթաբաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշադրամները կարող են պատկանել հետևյալ ենթաբաժիններից մեկին․
- Սովորական թողարկման մետաղադրամները նախատեսված են ամենօրյա առևտրում օգտագործման համար և սովորաբար մի քանի տարի շարունակ թողարկվում են նույն դիզայնով, օրինակ՝ եվրո մետաղադրամները։
- Շրջանառության մեջ գտնվող հուշադրամները նախատեսված են առևտրում օգտագործման համար, բայց դիզայնը պահպանվում է միայն սահմանափակ ժամանակ՝ որևէ իրադարձության, տարեդարձի, անձի կամ վայրի հիշատակին։ Օրինակ՝ 2 եվրոյի հուշադրամները և ԱՄՆ 50 նահանգային մետաղադրամները։
- Ոչ շրջանառվող օրինական վճարամիջոց՝ մետաղադրամներ են, որոնք օրինական վճարամիջոց են և, հետևաբար, տեսականորեն կարող են օգտագործվել ապրանքներ կամ ծառայություններ գնելու համար, բայց նախատեսված չեն նման ձևով օգտագործելու համար։ Փոխարենը, դրանք նախատեսված են մետաղադրամների հավաքման համար՝ դրամագիտական արժեքով և հաճախ արտադրվում են ոսկուց կամ արծաթից՝ կամ չշրջանառվող վիճակում, կամ էլ՝ պաշտպանական ծածկույթով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն, ցանկացած պետության կողմից թողարկված մետաղադրամները միշտ արտացոլել են ներկայիս քաղաքական կամ տնտեսական իրավիճակը: Շատ հին և նախաժամանակակից մետաղադրամներ, անշուշտ, հիշատակում են ժամանակաշրջանի իրադարձությունները: Օրինակ՝ հռոմեական մետաղադրամները հաճախ հղումներ ունեն ռազմական արշավներին և օտարերկրյա տերությունների կրած պարտություններին: Այս տեսակի մետաղադրամները հաճախ խորհրդանշում եմ նվաճած տարածքների ենթարկումը հռոմեական իշխանությանը։ Նման մետաղադրամները հին քաղաքական քարոզչության օրինակներ են: Հռոմեական կայսրությունը կարող էր ներկայացնել հպարտ զինվորը, որը «բարձրացնում է» պարտված թշնամուն ներկայացնող փոքրահասակ կերպար[3]:

Պատմության ընթացքում մետաղադրամները սովորաբար թողարկվել են հատուկ առիթներով՝ առանց այդ առիթը հստակ նշելու։ Որոշ արտակարգ դեպքերում դրամներ թողարկվել են անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ քաղաքի պաշարման դեպքում։ Նման անհապաղ մետաղադրամներ թողարկվել են Վիեննայում 1529 թվականին[4], երբ քաղաքը պաշարվել էին Օսմանյան կայսրության զորքերը։ Պաշարման ժամանակ անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով նման մետաղադրամները հաճախ հատվել են քառակուսի ֆլանների վրա, այլ ոչ թե կլորների (քառակուսի ֆլան արտադրելն ավելի հեշտ և արագ էր, քան կլորը)։ Այս դարաշրջանի եվրոպական քառակուսի մետաղադրամները հայտնի են «կլիպ» (գերմ.՝ klippe) անվամբ։ Մետաղադրամները կարող էին նաև թողարկվել ռազմական արշավը ֆինանսավորելու կամ ֆեոդալական տիրոջ կողմից իր միապետին տուրք կամ պատերազմական փոխհատուցում վճարելու նպատակով։
Վերջին դարերի ընթացքում թողարկվել են հատուկ մետաղադրամներ՝ նոր միապետի թագադրումը հռչակելու համար: Նման մետաղադրամները հայտնի են որպես «մեծ» (անգլ.՝ largesse) մետաղադրամներ: Այս տեսակի մետաղադրամները թողարկվել են Հնդկաստանում Մողոլների դարաշրջանում («նիսար» մետաղադրամներ) և Եվրոպայում՝ միահեծանության դարաշրջանում: Եվրոպայում նման մետաղադրամները բաժանվել են թագավորական կառքից՝ հանրության ուշադրության և ծափահարությունների ներքո։ Շվեդիայում այս տեսակի մետաղադրամները թողարկվել են մինչև 1873 թվականը («կաստպենինգ», շվեդ.՝ kastpenning):

Եվրոպական պետությունների ձևավորման դարաշրջանում տարբեր իրադարձություններ հստակորեն հիշատակող հատուկ մետաղադրամների թողարկումը գնալով ավելի տարածված է դարձել: Այս մետաղադրամները հաճախ մշակվել են ազգության հանրային պատկերացում ստեղծելու, ինչպես նաև իշխող միապետին և նրա տոհմին պատվելու համար: Տնտեսապես ծանր Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Դանիայում հանրության նվիրատվությունների շնորհիվ թողարկվեց մեկ վեցերորդ ռիգսդալեր, որոնք նախատեսված էին նոր նավատորմի ստեղծումը ֆինանսավորելու համար[5]: Մեկ այլ նշանակալի մետաղադրամ է 1871 թվականի պրուսական թալերը, որը նվիրված է եղել ֆրանկո-պրուսական պատերազմի հաղթանակին՝ բացելով դարպասները պրուսական թագավորին որպես միասնական գերմանական ազգի կայսր թագադրելու համար: Գերմանիայի քաղաքական և դրամական միավորումից հետո որոշ գերմանական պետություններ շարունակեցին առանձին մետաղադրամներ թողարկել հատուկ առիթների նվիրված, ինչպիսին է իշխող միապետի հոբելյանը: Այս թագավորական հոբելյանական մետաղադրամների թողարկումը տարածվել է ամբողջ Եվրոպայում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Որոշ դեպքերում մետաղադրամները հատվելուց ի վեր դարձել են հավաքորդական իրեր։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ հուշադրամները միշտ պատրաստվում էին թանկարժեք մետաղներից: Սովորական մետաղադրամները, հավանաբար, չէին համարվում ազգը կամ իշխող տոհմը պատվելուն հարմար կամ արժանի տարբերակ: Այնուամենայնիվ, 20-րդ դարի ընթացքում թանկարժեք մետաղների օգտագործումը շրջանառության մեջ գնալով պակասեց: Առաջին համաշխարհային պատերազմի և 1930-ականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում թղթադրամների փոխարկելիությանը արծաթե և ոսկե մետաղադրամների ժամանակավոր կամ մշտական վերացվեց: Աստիճանաբար թանկարժեք մետաղադրամների թողարկումը գնալով սահմանափակվեց և վերջնականապես դադարեցվեց մոտ 1970 թվականին: Մինչ այս տասնամյակների հուշադրամները շարունակում էին թողարկվել հիմնականում թանկարժեք մետաղներից, դրանց օգտագործումը շրջանառության մեջ սակավացավ կամ ընդհանրապես դադարեց: Այսպիսով, հուշադրամները վերածվեցին մետաղադրամների առանձին դասի՝ առանց անմիջական կապի առօրյա գործարքներում օգտագործվող մետաղադրամների և թղթադրամների հետ: Այս դասի մետաղադրամները հավաքորդական իրեր էին, կամ որոշ դեպքերում՝ տնտեսական ներդրումների առարկաներ:

Երբ Արևմտյան Գերմանիան 1975 թվականին փոխարինեց արծաթե 5 մարկանոց մետաղադրամը պղնձե-նիկելով, արծաթե 5 մարկանոց հուշադրամները նույնպես փոխարինվեցին պղինձ-նիկեով՝ 1979 թվականին: Արդեն 1965 թվականին Խորհրդային Միությունը թողարկել է պղինձ-նիկել-ցինկե ռուբլի՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին: Սա և հաջորդ չորս հուշադրամները թողարկվեցին մի քանի միլիոն օրինակով և շրջանառվեցին որպես սովորական արժույթ:
Միացյալ Թագավորությունում, մինչև 1971 թվականին դրամական համակարգի տասնորդականացման ներդրումը, սովորական հուշադրամը թագ էր, կամ հինգ շիլլինգ արժողությամբ մետաղադրամ։ Դրանք թողարկվում էին միապետների թագադրման արարողությունները նշելու համար. մեկը թողարկվել է նաև Ուինսթոն Չերչիլի մահվան կապակցությամբ։ Թողարկվել են որոշ տասնորդական թագեր (25 պենս արժողությամբ), բայց 1990 թվականից ի վեր 5 ֆունտ ստեռլինգը եղել է սովորական չշրջանառվող հուշադրամը։ Այլ անվանական արժեքներով մետաղադրամներ, ինչպիսիք են 50 պենսը և 2 ֆունտ ստեռլինգը, թողարկվում են որպես շրջանառվող հուշադրամներ։
Շրջանառվող և ոչ շրջանառվող հուշադրամները կարող են թողարկվել համատեղ, բայց ունեն բավականին տարբեր նպատակներ: Օրինակ՝ Դանիան 1990 թվականից ի վեր մշակել է ալյումինե բրոնզե 20 կրոն հուշադրամների և դրանց ուղեկցող արծաթե 200 կրոն հուշադրամների թողարկման մոդել: Ալյումինե բրոնզե մետաղադրամները շրջանառվում են ոչ հուշադրամային 20 կրոն մետաղադրամների հետ միասին, մինչդեռ արծաթե մետաղադրամները երբեք չեն շրջանառվում: Շրջանառվող հուշադրամները բազմազանություն են մտցնում շրջանառվող մետաղադրամների զանգվածի մեջ, մինչդեռ արծաթե մետաղադրամները հավաքորդական իրեր են և պետության եկամտի աղբյուր: Նմանապես, Արևելյան Գերմանիայում որոշ հուշադրամներ թողարկվել են արտարժույթ վաստակելու հիմնական նպատակով, մինչդեռ մյուսները իրականում շրջանառվում էին, թեև ավելի փոքր քանակությամբ, քան համապատասխան անվանական արժեքի թղթադրամները:
Չշրջանառվող հուշադրամների կարևորությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ երկրներ մեծ քանակությամբ ոչ շրջանառվող օրինական վճարամիջոցներ են թողարկում միայն սենյորաժի (մետաղադրամի արտադրման և շուկայական արժեքի տարբերությունից ստացվող եկամուտ) համար՝ շահույթ ստանալու նպատակով: Այս մետաղադրամները հիշատակող իրադարձությունները հաճախ ընտրվում են շուկայի նախընտրությունների հիման վրա, այլ ոչ թե երկրի համար նշանակալի իրադարձությունների: Չշրջանառվող մետաղադրամների համար մշակված տեխնոլոգիան անդրադառնում է նաև շրջանառության հարցերին. գունավոր մետաղադրամները սկզբում թողարկվել են որպես ոչ շրջանառվող օրինական վճարամիջոց, սակայն Կանադան և Ավստրալիան շրջանառության մեջ են դրել գունավոր հուշադրամներ:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bicentennial Quarter Value and Price Chart». www.gainesvillecoins.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-04-27-ին. Վերցված է 2021-04-27-ին.
- ↑ «Types of objects – Numista». en.numista.com. Վերցված է 2026-08-13-ին.
- ↑ Levick, Barbara (1982-01). «Propaganda and the Imperial Coinage». Antichthon (անգլերեն). 16: 104–116. doi:10.1017/S0066477400002999. ISSN 0066-4774.
- ↑ Suchy, Vladimir (2006-10-27). «#36592: Emergency AV ducat struck in Wien under the Ottoman siege, 1529». Zeno. Արխիվացված օրիգինալից 2024-12-25-ին. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «Danmark: Frederik IX, offermark 1808 - Nationalmuseets Samlinger Online». Nationalmuseets Samlinger Online. Վերցված է 2026-08-13-ին.
- ↑ Standard Catalog of World Coins, 1996 edition, p. 1807. Krause Publications 1995, 0-87341-357-1.