Հունիսյան ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունիսյան ճգնաժամ 1917, Ռուսաստանում երկրորդ քաղաքական ճգնաժամը (առաջինը՝ Ապրիլյան ճգնաժամ 1917) փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակամիջոցում։ Առաջացել է ժողովրդական զանգվածների և իշխանության միջև, հաշտության և հողի հարցերի շուրջ, անհաշտ հակասությունների հետևանքով։ Բանվորների և զինվորների դեպուտատների խորհուրդների համառուսաստանյան առաջին համագումարը (հունիսի 3-24) հունիսի 16-հուլիսի 7, որտեղ մեծամասնություն էին կազմում էսէռներն ու մենշևիկները, պաշտպանեց բուրժուական ժամանակավոր կառավարությունը և մերժեց պատերազմը դադարեցնելու ու ամբողջ իշխանությունը խորհուրդներին հանձնելու բոլշևիկների պահանջը։ Ժամանակավոր կառավարության հակադեմոկրատական գործողությունները հանգեցրին Պետրոգրադի 29 գործարանների բանվորների գործադուլին հունիսի 8 (21)։ Ելույթին կազմակերպված բնույթ տալու համար ՌԽԴԲ (բ)Կ Կենտկոմը և Պետրոգրադի կոմիտեն հունիսի 10 (23)-ին նշանակեցին բանվորների և զինվորների խաղաղ ցույց։ Խորհուրդների համագումարը համաձայնողականների պահանջով արգելեց ցույցը։ Բոլշևիկներին մեղադրեցին «ռազմական դավադրության» մեջ։ ՌԽԴԲ (բ)Կ Կենտկոմը, չցանկանալով հակադրվել համագումարին, դադարեցրեց ցույցը՝ դժվարությամբ զսպելով բանվորների և զինվորների հեղափոխական խանդավառությունը։ Կադետները, էսէռները և մենշևիկները կշտամբեցին բոլշևիկներին, հեղափոխական բանվորներին ու զինվորներին։ Վախենալով կորցնել ժողովրդի վստահությունը՝ էսէռա-մենշևիկյան ղեկավարները համագումարում ստիպված կայացրին որոշում՝ հունիսի 18 (հուլիսի 1-ին) ընդհանուր քաղաքական ցույց անցկացնելու մասին, ի նշան ժամանակավոր կառավարության նկատմամբ վստահության։ Հակառակ համաձայնողականների սպասումների, բոլշևիկների կազմակերպած ցույցը, որին մասնակցեց 500 հազար մարդ, անցավ «Ամբողշ իշխանությունը խորհուրդներին», «Կորչեն 10 կապիտալիստ մինիստրները», «Հաց, հաշտություն, Ազատություն» լոզունգներով։ Այդպիսի լոզունգներով ցույցեր եղան նաև Մոսկվայում, Մինսկում, Իվանովո-վոզնեսենսկում, Տվերում, Խարկովում և այլ քաղաքներում։ Հունիսյան ճգնաժամը չվերաճեց բուրժուական իշխանության ընդհանուր ճգնաժամի, բայց այն ի հայտ բերեց բանվորների ու զինվորների պահանջների և գործողությունների ամրապնդվող միասնությունը և ժողովրդական զանգվածների վրա բոլշևիկյան կուսակցության աճող ազդեցությունը։ Նրա ծնող պատճառները չվերացվեցին, որի արդյունքը եղան հետագա դեպքերըː

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 678