Թեոդորան ծնվել է 1906 թվականի մայիսի 13-ին հունական արքայական ընտանիքի ամառանոցում՝ Տատոյի պալատում՝ լինելով հունական և դանիական արքայազն Անդրեյի և Ալիսա Բատենբերգի երկրորդ դուստրը[2]։ Ընտանիքում ավելի վաղ ծնվել է դուստր Մարգարիտան։ Թեոդորայից հետո ծնվել են նաև կրտսեր դստրերը՝ Սեսիլիան և Սոֆյան, իսկ 1921 թվականին ծնվել է միակ որդին՝ արքայազն Ֆիլիպը, որը 1947 թվականին ամուսնական դաշն է կնքել Մեծ Բրիտանիայի ապագա թագուհի Եղիսաբեթ II-ի հետ։ Հորական կողմից նա Գլյուքսբուրգների տոհմից առաջին հույն թագավոր Գեորգիոս I-ի (դանիացի թագավոր Քրիստիան IX-ի և ռուս մեծ իշխանուհի Օլգա Կոնստանտինովնայի որդին) թոռնուհին է, մորական կողմից՝ գերմանական արքայազն Լյուդվիգ Ալեքսանդր Բատենբերգի և Հեսսենի և Ռայնի արքայադուստր Վիկտորյայի թոռնուհին։ Ալիսա Բատենբերգը եղել է ռուս վերջին կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի զարմուհին։
1917 թվականին արքայազն Անդրեյի ընտանիքը, ինչպես հունական թագավորական ընտանիքի շատ անդամներ, ստիպված էր հեռանալ արտերկիր` արքայադուստր Թեոդորայի հորեղբայր Կոնստանտինոս I-ի հրաժարականից հետո։ Հաջորդող մի քանի տարիներին ամուսինները երեխաների հետ ապրել են Շվեյցարիայում[3]։ 1920 թվականին Կոնստանտինոս I-ի կրկին գահ բարձրանալուց հետո ընտանիքը կարճ ժամանակով վերադարձել է Հունաստան՝ Կերկիրա կղզում գտնվող Մոն Ռեպոս ամառանոց։ Հույն-թուրքական երկրորդ պատերազմում հունական բանակի պարտությունը հանգեցրել է Կոնստանտինոս I-ի երկրորդ գահընկեցությանը։ Արքայազն Անդրեյը ձերբակալվել է և դատից հետո ընտանիքով արտաքսվել երկրից։ Ամուսինները երեխաների հետ լքել են Հունաստանը անգլիական HMS Calypso նավով[4]։