Հունաստանի սահմանադրություն (1823)
1823 թվականի Հունաստանի սահմանադրություն, Հունաստանի անկախության հռչակումից ի վեր ընդունված երկրորդ սահմանադրությունը (փոխարինել է «պայմանական վարչակարգի» ժամանակավոր սահմանադրությանը)։ Ընդունվել է 1823 թվականի մարտ-ապրիլ ամիսներին՝ Հունաստանի Ազգային ժողովի երկրորդ նիստի շրջանակներում։ 1823-ի սահմանադրությունը շատ հաճախ անվանվում է նաև «Էպիդավրոսյան սահմանադրություն»։
Հանրապետության բարձրագույն իրավական ակտը կազմվել է պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ անկախության պատերազմին հաջորդած խառնակության պայմաններում առաջ է եղել քաղաքացիական պատերազմի խիստ հավանական ռիսկեր։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]1823 թվականի սահմանադրությունը կազմված է եղել 99 հոդվածներից, որոնք ներառվել են 7 առանձին բաժիններում։ Դրանք են՝
- Բաժին առաջին՝ կրոն և հույն ուղղափառ եկեղեցի
- Բաժին երկրորդ՝ հույների քաղաքացիական իրավունքներ
- Բաժին երրորդ՝ վարչական գործառույթներ
- Բաժին չորրորդ՝ օրենսդիր մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակ
- Բաժին հինգերորդ՝ գործադիր մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակ
- Բաժին վեցերորդ՝ երեսփոխանություն
- Բաժին յոթերորդ՝ դատական իշխանություն։
1823 թվականի սահմանադրությունը կառուցվածքային առումով իր նախորդի համեմատ առանձնակիորեն փոփոխություններ չի կրել։ Այնուամենայնիվ, բովանդակային բարելավումները եղել են ակնհայտ (մասնավորապես՝ զգալի առաջընթաց է գրանցվել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված սահմանադրական դրույթների կապակցությամբ)։
Հունական 1823 թվականի սահմանադրության կարևորագույն տեսական հիմքը եղել է 1776 թվականի Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրն ու սահմանադրությունը (որը նույն տարում թարգմանվել է հունարեն)[1]։