Հունաստանի սահմանադրություն (1822)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1822 թվականի Հունաստանի սահմանադրություն, առաջին էպիդավրոսյան ժողովի ընթացքում՝ 1822 թվականի հունվարի 1-ին, ընդունված նորմատիվ ակտ, որը անուղղակիորեն հանդիսացել է Հունաստանի պայմանական վարչակարգի ժամանակավոր սահմանադրությունը[1]։ Սահմանադրության ընդունման նպատակը երկրում ժամանակավոր կառավարության հաստատումն էր, ինչպես նաև անկախության պատերազմի գործիչների միջոցով ազգային խորհրդարանի ստեղծումը։ 1822-ի սահմանադրությունը հանդիսանում է հանրապետական Հունաստանի պատմության առաջին սահմանադրությունը։

Հունաստանի առաջին սահմանադրությունը հատկապես աչքի է ընկել խիստ ազգայնականական ընդգծումներով։ Մասնավորապես, երկրորդ բաժնի երկրորդ գլխում բովանդակված է հետևյալը.

Հունաստանի տարածքում ապրող բոլոր անձինք, ովքեր դավանում են քրիստոնեություն, համարվում են հույն
- Հունաստանի թագավորության սահմանադրություն, 1822

Սահմանադրության նախագիծը մշակվել է Հունաստանի անկախության պատերազմում գործուն դերակատարություն ունեցած երեք խոշոր ռազմական կազմակերպությունների՝ Արևմտյան մայրցամաքային Հունաստանի սենատի, Արևելյան մայրցամաքային Հունաստանի արեոպագոսի և Պելոպոնեսյան սենատի կողմից։ Սահմանադրության տեսակարար հիմքը Վինսենցո Գալինայի աշխատությունն էր։

Հարկ է նշել, որ նպատակահարմարությունից ելնելով հույն օրենսդիրները խուսափում են 1793 և 1795 թվականների Ֆրանսիայի կամ 1787 թվականի Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղափոխական, ազատատենչ և ժողովրդական սկզբունքներով բովանդակված սահմանադրության դրույթների ընդունումից։ Գլխավոր պատճառը՝ «Սրբազան դաշինք»-ի գաղափարախոսությանը չհակասելու հույների մտավախությունն էր։ Նույն հանգամանքով էլ պայմանավորված էր փաստը, որ սահմանադրությունում որևէ կերպ հիշատակված չէ անկախության համար պայքարող «Ֆիլիկի էթերիա» կազմակերպության մասին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

1822 թվականի սահմանադրությունը հստակորեն սահմանազատում էր գործադիր և օրենսդիր իշխանությունը՝ ընդունելով կառավարման խորհրդարանական մոդել։ Սահմանադրությունում բովանդակված է նաև վերջիններիս իրավակական կարգավիճակին և պարտականություններին վերաբերվող անցումային դրույթներ։ Իրավական ակտն ընդունվել է Էպիդավրոսում տեղի ունեցած Հունաստանի ազգային ժողովի անդրանիկ նիստում։

Սահմանադրությունը կազմված էր չորս բաժիններից և ընդհանուր հաշվով ներառում էր 109 դրույթ։

  • Բաժին առաջին՝ վերաբերվում էր հույների (ըստ սույն բաժնի՝ հույն էր կոչվում Հունաստանի տարածքում ապրող ցանկացած քրիստոնյա) կրոնական և քաղաքացիական իրավունքներին, հույն ուղղափառ եկեղեցու սահմանադրաիրավական կարգավիճակին և գերակայությանը։
  • Բաժին երկրորդ՝ վարչական հարցեր և վարչական պատասխանատվության տեսակներ։
  • Բաժինն երրորդ՝ օրենսդիր իշխանության սահմանադրաիրավական կարգավիճակը։
  • Բաժին չորրորդ՝ գործադիր իշխանության սահմանադրաիրավական կարգավիճակը։

Չհաշված որոշ հանգամանքներ, այնուամենայնիվ, Հունաստանի առաջին սահմանադրությունը համարվում է ժամանակաշրջանի համար բավականաչափ լիբերալ և ժողովրդավարական։ Գործադիրի և օրենսդիր իշխանության նմանօրինակ տարանջատումը արտացոլում է քաղաքական հավասարակշռություն պահպանելու ուժային կենտրոնների ձգտումը։ Այնուամենայնիվ, հետհեղափոխական իրադրությունը այս երկրում խոչընդոտում է սահմանադրական նորմերի ամբողջական գերակայությանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. See Alivizatos, Nicos (1996). Introduction of the Greek Constitutional History-Volume I (in Greek). Antonis Sakkoulas. page 31–32.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]