Հուլավուների դինաստիա, կառավարող դինաստիա իշխանությունում (1256- 14 դարի կես)։ Կոչվել է հիմնադիր Հուլավու խանի անունով։ Իշխել է Իրանում, Հայաստանում և Առաջավոր Ասիայի մեծ մասում։ Հուլավյան դինաստիայի ամենաակնառու ներկայացուցիչը Ղազան խանն էր, որի օրոք վերացավ ձևական կախումը մոնղոլական կենտրոնական պետությունից։ Իրական իշխանությամբ օժտված վերջին իլխանը Աբու-Սաիդ Բահատուր Խանն էր։ Հաջորդ ութ իլխանները գործիք էին միմյանց հետ մրցակցող ամիրայական հզոր տոհմերի՝ Չոբանյանների և Ջելայիրյանների ձեռքին։ Ըստ հայկական աղբյուրների, Հուլավյան դինաստիայի որոշ ներկայացուցիչներ (Աբաղա, Արդուն և ուրիշներ) սիրաշահել են քրիստոնյաներին, օգտվել հայերի ծառայություններից՝ մամլուքների դեմ եվրոպական պետությունների հետ բանակցություններ վարելու ժամանակ։ Հուլավյան դինաստիայի ժամանակաշրջանում պահպանվել է Կիլիկիայի հայկական թագավորության հետ մոնղոլների կնքած զինադաշինքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 636)։