Հովտաշուշան մայիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովտաշուշան մայիսյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շուշանազգիներ
Տեսակ Հովտաշուշան մայիսյան
Լատիներեն անվանում
Convallaria majalis


Հովտաշուշան մայիսյան լատին․՝ Convallaria majalis, շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր ծաղկաբույս։

Բույսն ունի 25 սմ բարձրություն, լայն էլիպսաձև տերևներ, բուրումնավետ շքեղ, զանգականման մանր, սպիտակ ծաղիկներ, որոնք հավաքված են ողկույզանման ծաղկաբույլերում։ Վայրի վիճակում տարածված է Հայաստանում, Կովկասում, Փոքր Ասիայում, Եվրոպայում։ Հովտաշուշան մայիսյանը օգտագործվում է ոչ միայն դեկորատիվ նպատակներով, այլև բժշկության մեջ (օգնում է սրտային հիվանդությունների դեպքում)։ Հովտաշուշանն ունի մի շարք այլ տեսակներ և սորտեր (վարդագույն լիաթերթիկ ծաղիկներով, խայտաբղետ տերևներով, խոշորածաղիկ և այլն)։ Բազմանում է սերմերի և կոճղարմատների միջոցով։ Հովտաշուշանը շատ խոնավասեր է, պահանջկոտ է ոչ միայն հողի, այլ նաև օդի խոնավության նկատմամբ, ջերմասեր է։ Կարելի է աճեցնել միայն մեր հանրապետության խոնավ ու մեղմ կլիմա ունեցող անտառային շրջաններում։ Որպես վաղաժամ ծաղկող կուլտուրա օգտագործվում է քարապարտեզներում, ալպինարիաներում, ծաղկային օջախներում, ինչպես նաև ծաղկային զանազան վերադաշնակումներում ու ձևավորումներում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար սողացող ճյուղավոր կոճղարմատով և բազմաթիվ մանր ատամներով, բազմամյա 15-30 սմ բարձրությամբ խոտաբույս է։ 2-3 երկարավուն-էլիպսաձև սրածայր տերևներն ունեն աղեղնաձև ջղավորություն և երկար տերևապատյաններ։ Առաջացնելով երկար, միակողմանի, գագաթային, նոսր ողկույզներ՝ մանր, հոտավետ, երկար ծաղկակոթերով ծաղիկները առաջանում են թաղանթային ծաղկակիցների անութներում։ Ետ ծալված ծաղկապատի թերթիկները սպիտակ զանգակաձև են։ Առէջները, որոնք հաստ առէջաթելերով ամրացած են ծաղկապատի թերթիկների հիմքում, վեցն են։ Կարճ սռնակի վրա գտնվում է եռանկյունաձև սպին։ 1 կամ 2 գնդաձև սերմերով պտուղները մանր են, գնդաձև, նարնջագույն-կարմիր[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, անտառաեզրերին, թփուտներում։ Հեշտ բազմանում է վեգետատիվ ճանապարհով՝ կոճղարմատներով։ Հազվադեպ հանդիպում է հյուսիսային մարզերում։ Գեղազարդային բույս է, աճեցվում է տարբեր շրջաններում[2]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովտաշուշանի բոլոր մասերը թունավոր են։ Ծաղիկների թուրմը նպաստում է սրտի դեկոմպենսացիայի հատկանիշների վերացմանը, ուժեղանում են սրտային կծկումները, դանդաղեցնում երակազարկը։ Այս բույսի ինքնուրույն օգտագործումը չի թույլատրվում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ.Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները
  2. 2,0 2,1 2,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.