Հովհաննես VII (Կոստանդնուպոլսի պատրիարք)

Հովհաննես VII Քերական (հին հունարեն՝ Ἰωάννης Γραμματικός , 8-րդ դար - ոչ ուշ քան 867 կամ 860-ականներ), բյուզանդացի եկեղեցական գործիչ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք 837-843 թվականներին։ Եղել է պատկերամարտության կողմնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերել է հայկական տոհմից։ Ենթադրվում է, որ նա ծնվել է Կոստանդնուպոլսում 770-785 թվականներին (ոմանց կարծիքով՝ նրա ծննդավայրը գտնվել է Հայաստանում)։ Հոր անունն է եղել Պանկրատիոս (գուցե՝ Բագրատ անվան հունացում) Մորոխարզանիոս։ Սկզբնաղբյուներում Հովհաննեսի հայրը «սկիաստես» է կոչվում, ինչը հուշում է, որ նա մի տեսակ մանածագործ է եղել։ Սակայն, այլ աղբյուրներում Մորոխարզանիոս ընտանիքը ազնվական է համարվում։ Հնարավոր է, որ Մորոխարզանիոսները աղքատացած ազնվական ընտանիք է եղել, ինչից հասկանալի է դառնում նաև Հովհաննեսի նախնական աշխատանքը որպես սրբապատկերների նկարիչ։ Ունեցել է Արսաբեր (Արշավիր) անունով եղբայր[1]։ Պատմաբան Ուորեն Թրեդգոլդի կարծիքով, սա այն նույնն Արսաբերն է, որն ամուսնացել է կայսրուհի Թեոդորայի քրոջ հոտ։ Հովհաննեսի քրոջ որդին հետագայում դարձել է Փոտիոս I պատրիարքը[2]։
Հոգևորական է դարձել մոտ 811 թվականին։ Սկզբում եղել է սրբապատկերների նկարիչ, սակայն մինչև 814 թվականը դարձել է պատկերամարտության կողմնակից։ Իբրև նախապատրաստում 815 թվականի սինոդի՝ Լևոն Ե Հայ կայսրը նրան նշանակել է կոմիտեի առաջնորդ, որի նպատակն էր հավաքել եկեղեցու հայրերի գրություններ, որոնք հաստատում էին պատկերամարտությունը։ 815 թվականի սինոդում վերականգնվել է պատկերամարտությունը. որպես վարձատրում իր ջանքերի՝ Հովհաննեսը կարգվել է Սերգիոս և Բաքոս սրբերի վանքի վանահայր, որտեղ վերադաստիարակում էին անհնազանդ պատկերապաշտներին[3]։
Հովհաննեսը հայտնի էր իր էրուդիցիայով (ինչի համար ստացել է «քերական» մականունը) և ճարտասանությամբ։ Միքայել II կայսեր օրոք եղել է ապագա կայսր Թեոփիլոսի ուսուցիչը, պատկերամարտական գաղափարներ է ներշնչել իր աշակերտին։ Թեոփիլոսի գահ բարձրանալուն պես Հովհաննեսը նշանակվել է սինկելլոս (պատրիարքի օգնական), այդպես դառնալով պատրիարքի հավանական հաջորդող։ Մոտ 830 թվականին իբրև դեսպան գնացել է Աբբասյան խալիֆա ալ-Մամունի մոտ[3]։
837 թվականին պատրիարք է կարգվել իր աշակերտ (այժմ՝ կայսր) Թեոփիլոսի կողմից։ Հովհաննես VII-ի հայրապետության հանգամանքները մութ են։ Հավանաբար, նա ինչ-որ չափով խստացրել է պատկերապաշտների հետապնդումը։ 843 թվականին գահընկեց է արվել Թեոփիլոսի այրի Թեոդորայի կողմից, բանադրվել և աքսորվել է Կոստանդնուպոլսից։ Սա նախորդել է կայսրուհու կողմից պատկերամարտության վերացմանը։ Ապրել է Բոսպորի արևմտյան ափին մինչև 860-ական թվականները[3]։
Հովհաննեսը հավանաբար կազմել է ասացվածքների (գնոմեների) ժողովածու, որը Հովհաննես Գեորգիդեսի ժողովածուի գլխավոր աղբյուներից է եղել[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Smith, Jason Domonick, "John Grammatikos: An Oblique History of a Damned Patriarch", Thesis, California State University, Sacramento, 2010, http://csus-dspace.calstate.edu/handle/10211.9/503.
- ↑ Warren Treadgold, "Photius Before His Patriarchate", The Journal of Ecclesiastical History, 53: 1–17, 2002.
- 1 2 3 4 Talbot, A., & Cutler, A. (1991). John VII Grammatikos. In The Oxford Dictionary of Byzantium. : Oxford University Press. Retrieved 14 Sep. 2026, from https://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780195046526.001.0001/acref-9780195046526-e-2602.