Հովհաննես Թևոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Հովհաննես Թևոսյան | |||
| |||
|---|---|---|---|
| դեկտեմբերի 30, 1956 - մարտի 30, 1958 | |||
| Նախորդող | Յակով Մալիկ | ||
| Հաջորդող | Նիկոլայ Ֆյոդորենկո | ||
| |||
| դեկտեմբերի 7, 1953 - դեկտեմբերի 28, 1956 | |||
| Վարչապետ | Գեորգի Մալենկով Իոսիֆ Ստալին | ||
| |||
| մարտի 15, 1953 - փետրվարի 8, 1954 | |||
| Վարչապետ | Գեորգի Մալենկով | ||
| |||
| հունիսի 13, 1949 - մարտի 15, 1953 | |||
| Վարչապետ | Իոսիֆ Ստալին | ||
| |||
| դեկտեմբերի 28, 1950 - մարտի 15, 1953 | |||
| Վարչապետ | Իոսիֆ Ստալին | ||
| |||
| հուլիսի 29, 1948 - հուլիսի 13, 1949 | |||
| Վարչապետ | Իոսիֆ Ստալին | ||
| Հաջորդող | Անատոլի Կուզմին | ||
| |||
| մայիսի 17, 1940 - հուլիսի 29, 1948 | |||
| Վարչապետ | Վյաչեսլավ Մոլոտով Իոսիֆ Ստալին | ||
| Նախորդող | Ֆյոդոր Մերկուլով | ||
| |||
| հունվարի 11, 1939 - մայիսի 17, 1940 | |||
| Վարչապետ | Վյաչեսլավ Մոլոտով | ||
| Հաջորդող | Իվան Նոսենկո | ||
| Կուսակցություն՝ | ԽՄԿԿ[1] | ||
| Կրթություն՝ | Մոսկվայի լեռնային ակադեմիա | ||
| Մասնագիտություն՝ | պետական գործիչ, ինժեներ | ||
| Ազգություն | հայ | ||
| Ծննդյան օր | հունվարի 4, 1902 (դեկտեմբերի 22, 1901) | ||
| Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն | ||
| Վախճանի օր | մարտի 30, 1958 (56 տարեկան) | ||
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
| Թաղված | Կրեմլի պատի պանթեոն | ||
| Քաղաքացիություն | |||
| Ամուսին | Q107337618? | ||
| Զավակներ | 1 դուստր, 1 որդի | ||
| Պարգևներ | |||
Հովհաննես Թևատրոսի (Իվան Ֆեոդորովիչ) Թևոսյան (դեկտեմբերի 22 1901 (հունվարի 4 1902), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 30, 1958[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), սովետական պետական և կուսակցական ականավոր գործիչ[3][4]: 1939-1940 թվականներին եղել է ԽՍՀՄ նավաշինական արդյունաբերության, 1940-1948 թվականներին՝ սև մետալուրգիայի ժողկոմ, ապա՝ նախարար, 1948-1949 թվականներին՝ ԽՍՀՄ մետալուրգիական արդյունաբերության նախարար, 1949-1956 թվականներին՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, միաժամանակ (1950-1953)՝ սև մետալուրգիայի արդյունաբերության նախարար: 1956-1958 թվականներին ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանն էր Ճապոնիայում։ Պարգևատրվել է Լենինի 5 և 3 այլ շքանշաններով:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1902 (1901) թվականին Շուշի քաղաքում` դերձակ-արհեստավորի ընտանիքում[5]: 1905 թվականին՝ հայերի կոտորածների պատճառով, Թևոսյանների ընտանիքը փախել է Շուշիից և բնակություն հաստատել Բաքվում։ Նրա ծնողները՝ Թևատրոսը (1848-1940) և Աննան (1878-1926), ունեցել են չորս զավակ՝ Հովհաննեսը, Վարդանը, Յուլիան և Իզաբելլան[6][7]։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թևոսյանը նախնական կրթությունը ստացել է եկեղեցական ծխական դպրոցում, այնուհետև եռամյա ուսումնարանում, իսկ ուսումնարանը ավարտելուց հետո ընդունվել է վարժարան[5]։
Ուսումնարանում սովորելու տարիներին Թևոսյանը զուգահեռ աշխատում էր ուսումնարանում․ օգնում էր ուսուցիչներին կրկնօրինակել տարբեր նյութեր, որի դիմաց նրան ազատում են ուսման վարձի վճարումից։ Զուգահեռ Թևոսյանը նաև պարապում էր ցածր դասարանների աշակերտների հետ[6]: Ուսումնարանը ավարտելուց հետո Թևոսյանը աշխատանքի է անցել նավթային ընկերությունում որպես գործավար, հաշվետար և հաշվապահի օգնական, իսկ երեկոյան ժամերին շարունակում էր ուսումը վարժարանում։
1918 թվականին՝ 16 տարեկանում, Թևոսյանը միացել է բոլշևիկների կուսակցությանը[7]։ Կուսակցության մասին նա իմացել է իր քրոջից՝ Յուլիայից, ով իր ընկերոջ և ապագա ամուսնու՝ Լևոն Միրզոյանի, հետ անդակացում էր կուսակցությանը։ Նրանք Թևոսյանին իրենց հետ վերցնում են տարբեր ժողովների, որտեղ Թևոսյանն առաջին անգամ լսում է Ստեփան Շահումյանի, Յակով Զևինի, Անաստաս Միկոյանի և այլոց ելույթները[7]։
1918 թվականի մարտին մուսավաթականները խռովություն են բարձրացրել Բաքվում, տեղի է ունեցել հեղաշրջում, որից հետո բոլշևիկների կուսակցությունը անցել է ընդհատակ։ 1918-1920 թվականներին Թևոսյանն ընդհատակյա աշխատանք է կատարել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի (ՌԿ(բ)Կ) Բաքվի կազմակերպությունում[3]: 17 տարեկան հասակում դարձել է կուսակցության անլեգալ շրջանային կոմիտեի քարտուղար[8]: Այս տարիներին նրան Միրզոյանի հետ միասին ձերբակալել են։ Նրանք մի քանի ամիս բանտարկված էին նույն բանտախցում[6]։

1920 թվականի ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը Ադրբեջանում տապալել է մուսավաթական կառավարությունը և երկրում հաստատվել է խորհրդային իշխանություն, իսկ Թևոսյանը նշանակվել է կուսակցության քաղաքային շրջկոմի քարտուղար։
1921 թվականին Թևոսյանն ընտրվել է ՌԿ(բ)Կ 10-րդ համագումարի պատգամավոր, և համագումարի մի խումբ պատգամավորների հետ անմիջականորեն մասնակցել է Կրոնշդատի խռովության ճնշմանը[3][5][8]։ Այդ շրջանում Թևոսյանին հրավիրել են Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) կենտրոնական կոմիտե, ինչպես նաև առաջարկել են կրթությունը շարունակել Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում, որտեղ պատրաստում էին կուսակցական և պետական գործիչներ Կովկասի, Անդրկովկասի և Միջին Ասիայի համար։ Թևոսյանը մերժել է այս առաջարկը, քանի որ ցանկանում էր դառնալ ինժեներ[5]։
1921 թվականին Սերգո Օրջոնիկիձեի և Սերգեյ Կիրովի նախաձեռնությամբ Թևոսյանին ուղարկել են սովորելու Մոսկվայի Լեռնային ակադեմիայում, որը նա ավարտել է 1927 թվականին[8]։ Ուսանողական տարիներին նա ակտիվ կուսակցական աշխատանք էր իրականացնում՝ ղեկավարելով ակադեմիայի կուսակցական մարմինը, ինչպես նաև աշխատելով կուսակցության շրջկոմում, որտեղ էլ ծանոթանում է ապագա կնոջ՝ Օլգա Խվալեբնովայի հետ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականին ԽՄԿԿ-ից Թևոսյանին առաջարկել են ստանձնել մետաղագործական արդյունաբերության համար պատասխանատուի պաշտոնը[5]։ Նա մերժել է այս առաջարկը՝ գտնելով, որ առանց գործնական գիտելիքների չի կարող արդյունավետ ղեկավար լինել։

1930-ականների սկզբներին ԽՍՀՄ տնտեսության արդյունաբերականացման գլխավոր ուղղություններից մեկը սև մետաղագործության զարգացումն էր։ Այս շրջանում մեծ թափով կառուցվում էին նոր գործարաններ։ Նորաբաց գործարաններից էին «Զապարոժստալը», Կրիվոյ Ռոգի մետալուրգիական կոմբինատը, «Ազովստալ» գործարանը (ավելի ուշ՝ կոմբինատ) Մարիուպոլում, Մագնիտագորսկի մետալուրգիական կոմբինատը, և այլն։ 1930 թվականին Մոսկվայի Լեռնային ակադեմիայի մետաղագործական ֆակուլտետի հիմքի վրա ստեղծվել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը, որը սկսել է պատրաստել ինժեներ-մետալուրգների։ Առանձնահատուկ ուշադրություն էր հատկացվում հատուկ պողպատների արտադրությանը։ Հատուկ պողպատների արտադրության կարևորագույն գործարաններից է դառնում Մոսկվայի մարզում գտնվող «էլեկտրոստալ» գործարանը, որտեղ Լեռնային ակադեմիան ավարտելուց հետո աշխատանքի էր անցել Թևոսյանը։ Թևոսյանը «էլեկտրոստալում» աշխատել է 1927-1931 թվականներին՝ նախ որպես վարպետի օգնական, ապա՝ վարպետ, պողպատաձուլական արտադրամասի պետ և գործարանի գլխավոր ինժեներ[8][9]:
1927 թվականին ԽՍՀՄ-ից 200 երիտասարդ տաղանդավոր մասնագետների, ներառյալ Հովհաննես Թևոսյանին, ուղարկել են վերապատրաստման Եվրոպա[10]։ 1927-1929 թվականներին Թևոսյանը վերապատրաստում է անցել Գերմանիայում, Չեխոսլովակիայում և Իտալիայում, որտեղ աշխատել է Շկոդա, Ֆիատ և այլ խոշոր գործարաններում[9][11]։
1931 թվականին Թևոսյանը նշանակվել է նորաստեղծ «Սպեցստալ» տրեստի ղեկավար, որը միավորում էր որակյալ պողպատներ և ֆերոհամաձուլվածքներ արտադրող մի շարք գործարաններ։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 1936 թվականը։ 1935 թվականի մարտին Թևոսյանը պարգևատրվել է Լենինի շքանշանով՝ որակյալ պողպատի արտադրության կազմակերպման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար։

1936 թվականին զրահապատ պողպատի արտադրությունը ԽՍՀՄ-ում դարձել էր կարևորագույն պետական առաջնահերթություն։ Ռազմական արդյունաբերությունը մետաղով ապահովող բոլոր գործարաններն այդ շրջանում ենթարկվում էին Թևոսյանի ղեկավարած «Սպեցստալին», որը հետագայում վերակազմավորվել և դարձել է Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչություն (ռուս․՝ Главное Управление по производству брони)։ 1936 թվականի վերջին ԽՍՀՄ-ում ստեղծվել է Պաշտպանական արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատ, որի կազմի մեջ ընդգրկվել է նաև Թևոսյանի ղեկավարած վարչությունը, իսկ Թևոսյանը նշանակվել է նաև համատեղությամբ ժողովրդական կոմիսարի առաջին տեղակալ։ 1939 թվականին Թևոսյանը կրկին մեկնել է Գերմանիա՝ այս անգամ որպես ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև առևտրային համաձայնագրի իրականացման հարցերով պատվիրակության ղեկավար։
1939 թվականին Ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատը, որը ղեկավարում էր Լազար Կագանովիչը վերակազմավորվել է․ մեկ կոմիսարիատի փոխարեն ստեղծվել են մի քանի ժողկոմատներ, որոնցից մեկի՝ Նավաշինական արդյունաբերության ժողկոմատի, ղեկավար է նշանակվել Հովհաննես Թևոսյանը։ Այդ պաշտոնում նրա առաջին քայլերից մեկը ժողկոմատի կազմում Մետալուրգիայի և պաշտպանության կենտրոնական գիտահետազոտական կենտրոնի հիմնադրումն էր (այժմ՝ «Պրոմեթեյ» գիտահետազոտական ինստիտուտ)[5]:
1930-ականների վերջին ԽՍՀՄ-ում սև մետալուրգիան անկում էր ապրում՝ դանդաղեցնելով նաև արդյունաբերության մյուս ճյուղերի զարգացումը։ 1940 թվականին Թևոսյանը նշանակվում է Սև մետալուրգիայի ժողովրդական կոմիսարի պաշտոնում՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆյոդոր Մերկուլովին, ով իր հերթին նշանակվում է Թևոսյանի տեղակալ։ Թևոսյանի առջև խնդիր էր դրված կարճ ժամկետում վերականգնել սև մետալուրգիան։ Նա սկսել է ժողկոմատի վերակազմավորումից, առաջիններից մեկը ԽՍՀՄ-ում ներդրել է աշխատողների և ղեկավարների նյութական խրախուսման մեխանիզմներ և այլն։ Ի թիվս այլ միջոցառումների, ղեկավար պաշտոններ զբաղեցնողների համար նոր պահանջ է ներդրվել․ այն է առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ արտադրամասում։ Թևոսյանը ասել է՝
«Ես հետևում էի, թե ինչպես են ղեկավարներ պատրաստում արտասահմանում։ Խոշոր ձեռնարկությունների գրեթե բոլոր ղեկավարները սկսում են որպես հասարակ աշխատողներ։ Կրուպպայի ամբողջ ղեկավարությունը մեծ դպրոց է անցել արտադրամասում։ Ավելին, մենք պետք է վճռական դիրքորոշում ընդունենք, որպեսզի արտադրամասը ղեկավարի իր գործը լավ իմացող ինժեներ, ով շատ ժամանակ է անց կացրել վառարանի շուրջ»։[6]
Արդյունքում, 1940 թվականի առաջին կիսամյակում Սև մետալուրգիայի ժողկոմատին հաջողվել է պլանը կատարել 94.5%-ով, իսկ 1941 թվականի կեսերին հաջողվել է վերականգնել սև մետալուրգիայի կորցրած դիրքերը[11]:
1943 թվականին Հայրենական պատերազմի տարիներին ռազմական արդյունաբերությունը մետաղով ապահովելու, ռազմաճակատի պատվերների օրինակելի կատարման և մատուցած բացառիկ ծառայությունների համար, Հովհաննես Թևոսյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձր կոչում[6]:
ԽՍՀՄ-ում գոյություն ունեին մետալուրգիայի հարցերով զբաղվող երկու անկախ ժողովրդական կոմիսարիատներ (նախարարություններ)՝ Սև և Գունավոր մետալուրգիայի ժողկոմատներ։ Այս երկու ժողկոմատները երկու անգամ (1948-1949 և 1953-1954) որոշ ժամանակով միավորվել են՝ դառնալով Մետալուրգիայի նախարարություն, և երկու դեպքերում էլ նախարարի պաշտոնը ստանձնել է Թևոսյանը։
1949 թվականի հունիսի 13-ից մինչև 1953 թվականի մարտի 15-ը Թևոսյանը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ էր՝ որոշ ժամանակ համատեղությամբ զբաղեցնելով նաև Սև մետալուրգիայի արդյունաբերության նախարարի պաշտոնը (1950-1953): 1953 թվականի մարտի 15-ից 1954 թվականը Թևոսյանը զբաղեցրել է ԽՍՀՄ Սև մետալուրգիայի արդյունաբերության նախարարի պաշտոնը՝ 1953 թվականի մարտի 15-ին ազատվելով Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ այնուհետև 1953 թվականի դեկտեմբերի 7-ին կրկին նշանակվելով ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում, որը նա զբաղեցրել է մինչև 1956 թվականի դեկտեմբերի 28-ը[6]։ 1956 թվականից մինչև մահը ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանն էր Ճապոնիայում։
Թևոսյանը եղել է ԽՄԿԿ XVI—XX համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ I —V գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր: Ընտրվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի (1930-1934) և ԽՄԿԿ Կենտկոմի (1939-ից) անդամ: ԽՄԿԿ XIX համագումարում (1952) Թևոսյանը ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ-ի Նախագահության անդամության թեկնածու[3]:
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թևոսյանը ապագա կնոջ՝ Օլգա Խվալեբնովայի (1902-1982), հետ ծանոթացել է Մոսկվայի Լեռնային ակադեմիայում սովորելու տարիներին։
Օլգա Խվալեբնովան հայտնի հասարակական գործիչ էր։ 1939 թվականին ընտրվել է գրողների միության քարտուղար։ Հայրենական պատերազմի սկզբին կազմակերպել է գրողների տարհանումը։ 1942-1949 թվականներին ԽՄԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի պետի տեղակալն էր։ 1949 թվականին ընտրվել է «Գիտելիք» (ռուս․՝ Знание) համամիութենական ընկերության վարչության փոխնախագահ։ Այդ պաշտոնում աշխատել է քսան տարի։ 1941 թվականին Սովետական կանանց կոմիտեի հիմնադրումից ի վեր կոմիտեի փոխնախագահն էր։ Նա ընտրվել է Խաղաղության կոմիտեի նախագահության անդամ և ժողովրդական պատգամավորների շրջանային և Մոսկվայի խորհուրդների պատգամավոր։ Խվալեբնովան պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Մահացել է 1982 թվականի հոկտեմբերի 7-ին։ Թաղված է Մոսկվայի Կունցեվսկոյի գերեզմանատանը[6][12]։
Թևոսյանը և Խվալեբնովան ունեցել են մեկ որդի և մեկ դուստր՝ Վլադիմիր և Ռոզա Թևոսյաններ։ Վլադիմիր Թևոսյանը տնտեսագետ էր, իսկ Ռոզա Թևոսյանը՝ ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետների միության անդամ[12][13]։
Լևոն Միրզոյանի ձերբակալությունը և Ստալինի գրությունը (1936)
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևոսյանի քույրը՝ Յուլիա Թևոսյանը, Ղազախստանի մարզկոմի առաջին քարտուղար (1933-1938) Լևոն Միրզոյանի կինն էր։ Միրզոյանը Ղազախստանի մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնում նշանակվել է 1933 թվականի հունվարի 21-ին։ Այդ տարիները շատ ծանր էին Ղազախստանի համար․ երկրում համատարած սով էր, իսկ սովից մահացողների թիվը օրեցօր աճում էր։ Միրզոյանի ղեկավարության օրոք երկիրը աստիճանաբար ոտքի է կանգնել։ 1937 թվականին Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության ՀամԿ (բ)Կ Կենտկոմի փետրվար-մարտ պլենումում Ստալինի և Գեորգի Մալենկովի ելույթներում Միրզոյանը, շրջանային այլ ղեկավարների հետ միասին, քննադատվել է իր տեղական «անձի պաշտամունքի» համար։ 1938 թվականի ձմռանը Միրզոյանը դեմ է արտահայտվել աքսորված կորեացիներին հարավից Ղազախստանի հյուսիս տեղափոխելու հրամանին։ 1938 թվականի մայիսին Միրզոյանը ազատվել է առաջին քարտուղարի պաշտոնից, իսկ 1939 թվականի փետրվարի 26-ին՝ գնդակահարվել է ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի դատավճռով։
Միրզոյանը հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկվել 1958 թվականին, սակայն 1937-1939 թվականաների իրադարձությունները կասկածներ են առաջացրել նաև Հովհաննես Թևոսյանի նկատմամբ։ Բացի այդ մեղադրանքներ էին տարածվում այն մասին, որ Հովհաննես Թևոսյանը գերմանական գործակալ է և նրան հավաքագրել են Գերմանիայում վերապատրասման տարիներին[14]։ Այդ տարիներին Բերիայի գլխավորությամբ համատարած հետապնդումներ էին իրականցվում տարբեր պետական գործիչների նկատմամբ։ Թևոսյանը՝ տեսնելով ինչ է կատարվում իր շուրջը, նամակ է գրում Իոսիֆ Ստալինին՝ բացատրելով, որ ինքը ոչնչում մեղավոր չէ, որ միշտ նվիրված է եղել կուսակցությանը և խնդրում է ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից, քանի որ նման կասկածների ու անվստահության մթնոլորտում նա աշխտել չի կարող։ Ստալինը վստահում էր Թևոսյանին, սակայն նա հրամայեց Բերիային, Մոլոտովին, Միկոյանին, և Եժովին քննել Թևոսյանի գործը։ Հարցաքննությունից հետո հանձնաժողովը եզրակացնում է, որ Թևոսյանը առաջադրված մեղադրանքների մեջ մեղավոր չէ։ Մի քանի օր անց Ստալինը գրություն է ուղարկում Թևոսյանին, որտեղ ասվում էր՝
«Ձեր ազնվության վերաբերյալ ես կասկածներ չեմ ունեցել և չունեմ։ Ինչ վերաբերում է Միրզոյանին՝ Աստված իր հետ, մոռանանք նրա մասին։ Ձեր քրոջ հետ կապված՝ կմտածենք»։
Թևոսյանը քրոջ հարցով երկու անգամ դիմել է Լավրենտի Բերիային։ Վերջին անգամ 1939 թվականին մինչև Գերմանիա գործուղման մեկնելը, որին ի պատասխան Բերիան ասել է՝ «Գերմանիայից կգաս՝ կորոշենք քրոջդ հարցը», սակայն Յուլիային փրկել այդպես էլ չի հաջողվել[6]։
Արդեն պատերազմից հետո ԽՍՀՄ գլխավոր դատախազը պատմել է Թևոսյանին, որ նրանք հետաքրքրվում էին Յուլիայի հարցով և ցանկանում էին նրան տեղափոխել Մոսկվա, սակայն դա անհնար էր Յուլիայի ֆիզիկական վիճակի պատճառով։ Յուլիան չի դիմացել դաժան հարցաքննություններին, նա հոգեկան խանգարումներ է ստացել և տեղափոխվել հոգեբուժարան, որտեղ էլ մահացել է[6]։
«Աքսորը» Ճապոնիա և մահը (1956-1958)
[խմբագրել | խմբագրել կոդը]
1956 թվականի ԽՄԿԿ 20-րդ համագումարին Թևոսյանը իր ելույթի մեջ անդրադառնում է մի շարք տնտեսական հարցերի, ներառյալ՝ տնտեսության արդյունավետ կազմակերպմանը, ինչը չէր համապատասխանում այդ ժամանակ ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի տեսակետին[6]։ Մասնավորապես, Խրուշչովը ցանկանում էր ապակենտրոնացնել կառավարման մեխանիզմները։ Դա նշանակում էր, որ գործարանների ղեկավարումը հանձնվում էր համայնքներին, իսկ ճյուղային նախարարությունների կարիք այլևս չի լինի։ Թևոսյանն այս մոտեցմանը դեմ էր։ 20-րդ համագումարում իր ելույթում նա առանձնացրեց տնտեսության զարգացման համար անհրաժեշտ մի շարք քայլեր, այդ թվում[15]՝
- Արդյունաբերությունը պետք է աստիճանաբար վերակառուցել այնպես, որ նույնական արտադրանքը, մասերը արտադրվեն մասնագիտացված արտադրամասերում և գործարաններում, իսկ գլխադասային գործարանները, որոնք զբաղվում են վերջնական մեքենաների և սարքավորումների արտադրությամբ, պետք է մասնագիտացված արտադրամասերից արդեն ստանան մեքենաների ու սարքավորումների մասերը և հավաքեն վերջնական արտադրանքը։ Թևոսյանը գտնում էր, որ կոնկրետ արտադրանքի արտադրության մեջ մասնագիտացումը օգնելու է բարձրացնել գործարանների արտադրողականությունը և ստեղծելու է նպաստավոր պայմաններ արտադրական գործընթացների ավտոմատացման համար։
- Պետք է սահմանել պլանավորման նոր ընթացակարգեր։ Ցանկացած կազմակերպություն իր պլանը ներկայացնելիս կամ պլանի մեջ փոփոխություններ առաջարկելիս պետք է մանրամասն հաշվարկներ ու հիմնավորումներ ներկայացնի։
- Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել ԱՄՆ փորձը, որտեղ որոշ կարևորագույն ապրանքների արտադրության դեպքում աշխատուժի արտադրողականությունը մի քանի անգամ գերազանցում էր ԽՍՀՄ աշխատուժի արտադրողականությունը։ Թևոսյանը գտնում էր, որ պետք է ուսումնասիրել ամերիկյան փորձը, պարզել, թե ինչումն է խնդիրը, որ ԽՍՀՄ-ը զիջում է արտադրողականությամբ ԱՄՆ-ին և կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Խրուշչովին դուր չեն գալիս Թևոսյանի անկեղծությունը և տարակարծությունը։ Կարճ ժամանակ անց Թևոսյանն ազատվում է Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնից և երկու օր հետո նշանակվում Ճապոնիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[11]։ Այս «պատվավոր աքսորում» Թևոսյանը մնացել է ոչ երկար։ 1957 թվականին նա ծանր հիվանդացել է և մեկնել Մոսկվա բուժման համար, սակայն հիվանդությունը գտնվել է մահացու։
Թևոսյանը մետալուրգի իր մասնագիտությունը շատ էր սիրում և դիվանագիտական պաշտոնին նշանակվելը նրա համար ծանր հարված էր։ Հատկապես ծանր էր Սև մետալուրգիայի նախարարության լուծարումը, որի ստեղծման ու կայացման գործում նա մեծ ներդրում ուներ[16]։
Երբ Թևոսյանին նշանակել են դեսպան, արտաքին գործերի նախարարությունում կային մտավախություններ, որ նա արտաքին քաղաքականության մեջ փորձի բացակայության պատճառող չի կարողանալու իր պարտականությունները արդյունավետ կատարել։ Չնայած ստեղծված իրավիճակին Թևոսյանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերել իր նոր նշանակմանը։ Նա կարդում էր Ճապոնիայի վերաբերյալ ռուսերեն և գերմաներեն բոլոր գրքերը, որոնք հնարավոր էր գտնել, հանդիպում էր և քննարկումներ էր ունենում Ճապոնիայի հարցերով բոլոր մասնագետների հետ։ Այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ նրան պատմում են, որ Ճապոնիայում պաշտոնական ընդունելությունների ժամանակ դեսպաններին կանգնեցնում են ըստ Ճապոնիա ժամանելու հերթականության։ Թևոսյանի նշանակումը համընկել էր Ճապոնիայում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հետ, և Թևոսյանը հետաձգում է իր բոլոր գործերը ու այնպես է դասավորում իր ճանապարհորդությունը, որպեսզի Ճապոնիա հասնի ԱՄՆ նորանշանակ դեսպանից գոնե մեկ ժամ շուտ։ Դա նրան հաջողվեց և բոլոր պաշտոնական միջոցառումներին ԽՍՀՄ ներկայացուցիչը կանգնած էր ԱՄՆ ներկայացուցչից առաջ[16]։
Հովհաննես Թևոսյանը մահացել է 1958 թվականի մարտի 30-ին Մոսկվայում։ Ըստ բժիշկների՝ Թևոսյանը կարող էր ապրել առնվազն ևս քսան տարի, եթե նրան չուղարկեին Ճապոնիա[7]։ Հովհաննես Թևոսյանը թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։
Ալեքսանդր Բեկի «Նոր նշանակում» վեպը
[խմբագրել | խմբագրել կոդը]
1964 թվականին Ալեքսանդր Բեկը ավարտել է իր «Նոր նշանակում» վեպը, որի գլխավոր հերոսի՝ Ալեքսանդր Օնիսիմովի, նախատիպ է հանդիսանում Հովհաննես Թևոսյանը[17]։ Գիրքը պատրաստվում էր տպագրության, երբ Թևոսյանի այրին՝ Օլգա Խվալեբնովան, կարդում է ձեռագիրը և դեմ է արտահայտվում գրքի լույս տեսնելուն։ Նա գտնում էր, որ գրքում տեղ են գտել մանրամասներ, որոնք սխալ պատկերացում են տալիս իր և իր ընտանիքի վերաբերյալ։ Նա դիմում է երկրի հեղինակավոր մետալուրգներին, Թևոսյանի նախկին գործընկերներին և բոլորի անունից նամակ է գրում իշխանություններին՝ պահանջելով կանգնեցնել գրքի տպագրությունը։ Արդյունքում գիրքը հանվում է տպագրությունից, իսկ Բեկին առաջարկում են որոշ փոփոխություններ մտցնել բովանդակության մեջ։ Բեկը գրքում ավելացնում է նոր հերոս, որին անվանում է Հովհաննես Թևոսյան, ով ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալն է և գլխավոր հերոսի՝ Ալեքսանդր Օնիսիմովի, ղեկավարը։ Այդ կերպ հեղինակը ցանկանում էր համոզել ընթերցողին, որը Օնիսիմովի նախատիպը Թևոսյանը չէ։ Սակայն դա չի օգնում։ Բեկը և Խվալեբնովան հանդիպում են 1967 թվականի հունիսի 17-ին։ Խվալեբնովան հրաժարվում է հետ վերցնել բողոքները, նա պահանջում էր, որ Բեկը գրքում ավելի մեծ փոփոխություններ մտցնի։ Հեղինակը շարունակել է աշխատել փոփոխությունների վրա, սակայն այս անգամ գրքի լույս տեսնելուն դեմ էին Սև մետալուրգիայի նախարարության աշխատակիցները։
1971 թվականին Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում տպագրվող և ԽՍՀՄ-ում թշնամական համարվող «Посев» ամսագրում լույս է տեսնում հատված «Նոր նշանակում» վեպից։ Սա ավելի է սրում իրավիճակը գրքի շուրջ և ի վերջո ԽՍՀՄ-ում վերջնականապես արգելում են գրքի տպագրումը։
1972 թվականին Ալեքսանդր Բեկը մահանում է քաղցկեղից։ Հեղինակի մահվանից հետո գրքի տպագրության համար պայքարը շարունակվում էր։
1986 թվականը շրջադարձային էր խորհրդային գրականության համար։ Մեկը մյուսի հետևից սկսում են հրատարակվել նախկինում արգելված ստեղծագործություններ, ներառյալ Խորհրդային Միության մետալուրգների մասին Ալեքսանդր Բեկի վեպը։ ԽՍՀՄ-ում «Նոր նշանակում» գրքի առանձին հատվածներ առաջին անգամ լույս են տեսել 1986 թվականին «Знамя» ամսագրում։
Ալեքսանդր Բեկի գիրքը դարձավ հետաքրքիր մշակութային և տնտեսական իրադարձություն[18]։ Վեպը շոշափում է 1960-ականների համար ռիսկային թեմաներ, մասնավորապես՝ ստալինյան բռնաճնշումները և Լավրենտի Բերիայի դերը դրանցում, ինչպես նաև մանրամասնորեն անդրադառնում է պլանային տնտեսությանը և դրա կառավարման առանձնահատկություններին։ Գլխավոր հերոսից բացի, որի նախատիպը Թևոսյանն էր, գրքում կան շատ այլ հերոսներ, որոնց նախատիպը հանդիսացել են ԽՍՀՄ այն տարիների առաջնորդները՝ Օրջոնեկիձեն, Ստալինը, Բերիան և այլոք։ Հեղինակի խոսքերով՝ «Նոր նշանակումը» մեծապես վավերագրական ստեղծագործություն է[18]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևոսյանը պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով (մարտի 23,1935, սեպտեմբերի 30, 1943, մարտի 31, 1945, սեպտեմբերի 3, 1948, հունվարի 3, 1952), Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով (մարտի 29, 1939, նոյեմբերի 24, 1942, նոյեմբերի 14, 1951), այլ մեդալներով, այդ թվում՝ աշխատանքային արիության համար (հունիսի 5, 1949)[11][19]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1992 թվականը ռուսական «Էլեկտրոստալ» գործարանը կրում էր Հովհաննես Թևոսյանի անունը[9]։
2015 թվականին Մոսկվայում նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ է տեղադրվել Մետալուրգների տան շենքում, որտեղ Թևոսյանն աշխատել է 1940-1953 թվականներին[20]։
Թևոսյանի անունը կրող փողոցներ կան Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Ռուսաստանի Էլեկտրոստալ քաղաքում։
Էլեկտրոստալում 1975 թվականին կանգնեցվել է Թևոսյանի հուշարձանը, որը մինչ օրս կանգուն է։ Հովհաննես Թևոսյանի կիսանդրին տեղադրված էր նաև նրա ծննդավայր Շուշիում։ 2020 թվականին, երբ Շուշին անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, Թևոսյանի և այլ նշանավոր հայերի հուշարձաններ ոչնչացվել են ադրբեջանցիների կողմից[21]։
Ժամանակակիցները Հովհաննես Թևոսյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թևոսյանը իմ ճանաչած ամենահետաքրքիր, խելացի, սկզբունքային, հաստատակամ և տաղանդավոր մարդկանցից մեկն էր։ - Անաստաս Միկոյան, «Так было։ Размышления о минувшем»
|
Գրականություն Հովհաննես Թևոսյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ашот, Арзуманян. «Тайна Булата». Ереван (1967).
- Сергей, Венецкий. «В мире металлов». Москва (1983). стр. 107-110
- Иванов, А. Б. (сост.). «Советские инженеры: Сборник». Москва (1985). стр. 248-259
- Людмила, Гаврилова (под ред.). «И. Ф. Тевосян в воспоминаниях ветеранов судостроительной промышленности». Санкт-Петербург (1991)
- Байсоголов, Григорий. «Воспоминания о И. Ф. Тевосяне». Москва (1991)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հովհաննես Թևոսյանը Ճապոնիայի վարչապետի հետ
-
Հովհաննես Թևոսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացումը Մոսկվայում (2015)
-
Թևոսյանի հուշարձանը Էլեկտրոստալ քաղաքում
-
Թևոսյանը պաշտոնական հանդիպման ժամանակ
-
Ալեքսանդր Գերասիմով, «Ծանր արդյունաբերության ժողկոմատի ժողովը» (1937), Չելյաբինսկի պետական պատկերասրահ. նկարում պատկերված է նաև Հովհաննես Թևոսյանը
-
«Знамя» ամսագրի 1986 թվականի համարը, որտեղ առաջին անգամ ԽՍՀՄ-ում հրապարակվել են «Նոր նշանակում» գրքից հատված
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 429.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1978). Հայկական Սովետական Հանրագիտարան (Հատոր 4).
- ↑ «Большая российская энциклопедия 2004–2017».
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Российский Трудовой Фронт. «Нарком стали и брони».
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Международный объединенный биографический центр. «ТЕВОСЯН Иван Федорович (Тевадросович) (1902—1958)».
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Ноев Ковчег (Январь, 2011). «Стальной нарком».
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրություն (1972). Նշանավոր և հիշարժան տարեթվերի օրացույց (PDF).
- ↑ 9,0 9,1 9,2 Электростальский калейдоскоп (12.01.2025). «Ованес. Иван. Тевосян».
- ↑ Варданян, Анна (2022). «Арзуманян Ашот Мартиросович. «Тайна булата», «Советакан грох»». Արցախի Էլեկտրոնային Գրադարան.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Антон, Бачаров. «Тевосян Иван Федорович». Герои Страны.
- ↑ 12,0 12,1 «Ольга Александровна ХВАЛЕБНОВА (1902-1982)». Государственный музей истории ГУЛАГа.
- ↑ «ТЕВОСЯН Роза Ивановна». Союз московских архитекторов.
- ↑ «Вот на Тевосяна материал представили, верно или неверно? Жалко, хороший очень работник». Новое Время. 2013.
- ↑ «XX СЪЕЗД КОММУНИСТИЧЕСКОЙ ПАРТИИ СОВЕТСКОГО СОЮЗА (СТЕНОГРАФИЧЕСКИЙ ОТЧЕТ)» (PDF). 1956.
- ↑ 16,0 16,1 «Новое назначение» (PDF). Международный объединенный биографический центр.
- ↑ ««Волоколамское шоссе»: как Фидель Кастро и Че Гевара стали фанатами книги Александра Бека». gazeta.ru. 03 января, 2023.
- ↑ 18,0 18,1 ПОПОВ, Г. «С точки зрения экономиста (О романе Александра Бека «Новое назначение»)».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «В Москве открыли мемориальную доску министру черной металлургии СССР Ивану Тевосяну». Ноев Ковчег. июль 2015.
- ↑ «Ադրբեջանական զինված ուժերը ոչնչացնում ու պղծում են հայ մարշալների ու գեներալների արձանները. ՄԻՊ». Հետք. 3 ապր 2021.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թևոսյան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 174)։ |
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունվարի 4 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Մարտի 30 մահեր
- 1958 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՄԿԿ 19-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային պետական գործիչներ
- Հայ դիվանագետներ
- Հայ պետական գործիչներ
- Քաղցկեղից մահացածներ


