Հովհաննես Թարգյուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարգյուլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Թարգյուլյան
Ծնվել է1901
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1939
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Մասնագիտությունխմբագիր և գյուղատնտես

Հովհաննես Միհրանի Թարգյուլյան (1901, Վան - 1939), հայ կուսակցական գործիչ, խմբագիր, գյուղատնտես։

Ծնվել է փաստաբան-թարգմանչի ընտանիքում։ Տարրական կրթությունը ստացել է իր ծննդավայրի Վանի Երամյան վարժարանում։ 1915 թվականի ծնողների հետ գաղթել է Ալեքսանդրապոլ և ապա Թիֆլիս, որտեղ ընդունվում է Ներսիսյան դպրոց։ Փոքր հասակից սիրելով բույսերը, նա որոշում է բուսաբան դառնալ։ Դպրոցում Ալեքսանդր Արարատյանի հիմնած բուսաբանական խմբակի ամենաեռանդուն անդամն էր և այդ խմբակի փաստական ղեկավարը։

1920 թվականին ավարտում է Ներսիսյան դպրոցը և ընդունվում Անդրկովկասյան նորաբաց համալսարանի կենսաբանական ֆակուլտետը։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մեկնում է Մոսկվա և ընդունվում Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ Սովորելու հետ միաժամանակ Հովհաննեսը եռանդուն մասնակցություն է ցուցաբերում ակադեմիայի կուսակցական կյանքին և ընտրվում կուսկազմակերպության բյուրոյի անդամ, ինչպես նաև նշանակվում է ակադեմիայի տպագիր օրգանի խմբագիր, 1925 թվականին ավարտելով գյուղատնտեսական ակադեմիան, ընդունվում է կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի գյուղատնտեսության էկոնոմիկայի ֆակուլտետը, որն ավարտելուց հետո նշանակվում ԽՍՀՄ հողագործության ժողովրդական կոմիսարիատի «Սոցիալիստիչեսկոյե զեմլեդելիե» ամսագրի խմբագիր և, որպես այդպիսին, մտնում ԽՍՀՄ հողագործության ժողովրդական կոմիսարիատի կոլեգիայի կազմի մեջ։ Այդ ժամանակ նա հաճախ ծրագրային հոդվածներով հանդես էր գալիս «Պրավդա» թերթում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 54-55։