Հովեդյոյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովեդյոյա
Տեսակկղզի
Երկիր Նորվեգիա[1]
ՎարչատարածքՕսլո
Մակերես0,47 կմ²
Ջրլիցի ափինInner Oslofjord?
Քարտեզ
Քարտեզ

Հովեդյոյա (նորվ.՝ Hovedøya), Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի ծովափին գտնվող մի շարք փոքր կղզիներից մեկն է։ Կղզու ամենամեծ ձգվածությունը կազմում է 800 մետր։ Տարածքը կազմում է 0.4 քառակուսի կիլոմետր։ Առավել հայտնի է փարթամ բուսածածկույթով, բազմազան ծառային տեսակներով, մացառուտներով և ծաղիկներով։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմանումն առաջացել է Սկանդինավյան ժամանակաշրջանում։ Առաջին հատվածը՝ hofud, նշանակում է գլուխ (այստեղ բլուր կամ գագաթ, իսկ երկրորդ մասը՝ øy (ø) թարգմանվում է որպես կղզի։ Այս կերպով անվանում հուշում է, որ կղզու տարածքում կա բլուր, որի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 47 մետր։ Վերջինս համարվում է Օսլո-ֆյորդի կղզիների ամենաբարձր գագաթը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովեդյոյա կղզում 1147 թվականի մայիսի 18-ին կառուցվել է Ցիստերցիանական վանքային համալիր։ Միջնադարյան ժամանակաշրջանում այդ վանքը մեծ տնտեսական նշանակություն ուներ Օսլոյի համար։ Ավելի ուշ, մասնավորապես 1532 թվականին, Ռեֆորմացիայի ժամանակ վանքը թալանվում է և հրդեհի ճարակ դառնում։ Վանքի ավերակների մի հատվածը դեռևս մնում է Հովեդյոյա կղզում։ Իսկ մի հատվածը, որպես շինանյութ, օգտագործվել է Աքերսհուս դղյակի շինարարության համար, որը կառուցվել է 17-րդ դարում։

Կղզում դեռևս պահպանվում են ռազմական կառույցները, ինչպես նաև նախկին ռազմական շենքերն ու հրետանին։ Երբ ստեղծված Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունը մասնակցեց Նապոլեոն Բոնապարտի սանձազերծած պատերազմին, 1808 թվականին Հովեդյոյա կղզում կառուցվեցին թնդանոթային երկու մարտկոցներ։ Սրանք կառուցվեցին, որպեսզի պաշտպանեն մայրաքաղաք Օսլոն և Աքերսհուս դղյակը։ 1826 թվականին կղզու առավել բարձր վայրերում կառուցվեցին թվով չորս պահեստարաններ վառոդի համար, իսկ արդեն հինգերորդը կառուցեցին մի փոքր ուշ՝ 1867 թվականին։ Հովեդյոյայի արևելյան հատվածում կառուցված է վիկտորիանական ժամանակաշրջանին բնորոշ մի տուն, որին անվանում են «լաբորատորիա»։ 19-րդ դարում այստեղ աշխատել է զինագործ- կոնստրուկտոր Օլե Հերման Յոհաննես Քրագը։ .

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզում մեծ համակենտրոնացման ճամբար կառուցվեց ֆաշիստական Գերմանիայի կողմից, որը օկուպացիայի էր ենթարկել Նորվեգիային։ Այստեղ հիմնականում կանանց էին պահում։ Ի դեպ, այսօր էլ կղզում պահպանվել է ընդամենը մեկ բարաք, որը ավերված Ցիստերցիանական եկեղեցու մոտ է գտնվում։

Այսօր Հովեդյոյան հայտնի զբոսաշրջային վայր է համարվում տուրիստների, լողորդների, ինչպես նաև բնության սիրահարների համար։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովեդյոյա կղզին ունի հետաքրքիր երկրաբանություն։ Կղզու հիմքը կազմված է հիմնականում արգիլիթից ու կրաքարից։ Վերջիններս ձևավորվել են օրդովիկի և սիլուրի ժամանակաշրջանում։ Այդ երկու ժամանակաշրջանների միջև անցումը ցայտուն կերպով երևում է կղզու հարավարևելյան հատվածում, որտեղ ցայսօր էլ շարունակվում է ծովային տրանսգրեսիան։

Հովեդյոյա կղզու հողը բավականաչափ բերրի է, որը թույլ է տալիս, որպեսզի բավականին հարուստ կենսաբազմազանություն ձևավորվի այստեղ։ Մի շարք ծառատեսակներ համարվում են էնդեմիկ Նորվեգիայի համար, որոնք, ի դեպ, բացի այս կղզուց, Նորվեգիայի ոչ մի հատվածում նույնիսկ չեն հանդիպում։ ։

Շնորհիվ երկրաբանական և բնական բացառիկ բազմազանության, կղզին հայտարարվել է որպես բնական արգելանոց։ Չնայած այդ հանգամանքին, Հովեդյոյա կղզին ամբողջությամբ բաց է ու հասանելի այցելությունների համար։ Սակայն արգելվում է բույսերի հավաքումը։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովեդյոյա կղզին մայրաքաղաք Օսլոյի հետ միանում է երկու նավակային երթուղիներով (92 և 93 գծեր)։ Նավերը խարսխում են կղզու հյուսիսային հատվածում, որտեղ կա կառամատույց։ Ծառայությունները իրականացվում են ամբողջ տարվա ընթացքում և միայն ցերեկային ժամերին։ Ձմեռները որոշակիորեն սահմանափակումներ են հայտարավում։ Ամռանը այցելուների համար գործում է փոքր սրճարան՝ ավերված վանքի մոտ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SSR
  2. Gustav Indrebø: 'Stadnam fraa Oslofjorden : Aker herad og Oslo hamn, Bærum herad, Asker herad' i Skrifter utgitt av Det Norske Videnskaps-Akademi i Oslo II Hist.-Filos. Klasse. 1928. No. 5 attgjeve i faksimile på sidene 87-140 i boka til Tore Ness, Navn i fjorden : Oslo-Asker-Bærum, Oslo 2008: Orion Forlag AS ISBN 978-82458-0847-6. Sjå side 99-100 i denne boka.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mydland, L.: Natur i kulturen – kultur i naturen. Fortidsvern nr. 4. 1995

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]