Հողի ջրային ռեժիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հողի ջրային ռեժիմ, երևույթների ամբողջություն, որով որոշում են հողում խոնավության կուտակումը, տեղաշարժը, ծախսը և օգտագործումը։ Տեղաշարժը ռեժիմի հողառաջացման և հողի բերրիության կարևորագույն գործոն է։ Խոնավության հիմնական աղբյուրը մթնոլորտային տեղումներն են, երբեմև նաև մոտակայքի ստորգետնյա ջրերը, իսկ ջրովի երկրագործական շրջաններում՝ ոռոգումը։ Մթնոլորտային տեղումների և ձնհալի ջրերը կարող են մասամբ հոսել՝ առաջացնելով մակերևութային ջրհոսք, իսկ մյուս մասը թափանցում է հողի մեջ։ Հողի խոնավությունը կարող է լինել գոլորշու, հեղուկ և կարծր (սառույց) վիճակներում։ Դրա շարժունակությունը և բույսերի համար մատչելիությունը կախված է հողի կարծր մասնիկների հետ նրա ունեցած կապից, ծակոտիների մեծությունից և կառուցվածքից դրանց ջրալեցունության աստիճանից և բնույթից։ Տարբերում են կապված, որը պահվում է կլանող (սորբող) ուժերով և գործնականում անմատչելի է բույսերին, ու ազատ ջուր, որը գտնվում է հողի ծակոտիներում։ Հողի ազատ խոնավությունը կարող է լինել գրավիտացիոն, որն առավելապես շարժվում է ծանրության ուժերի շնորհիվ։ Ստորգետնյա ջրերի վրա տեղադրված է մազանոթային եզրաշերտի գոտին, որի խոնավությունը հեշտությամբ է տեղափոխվում մազանոթային ուժերի ազդեցության տակ, և այն մատչելի է բույսերի համար։ Խոնավության առկայությունն այս գոտում համապատասխանում է հողի մազանոթային խոնավունակությանը։ Եթե ստորգետնյա ջրերը գտնվում են խորքում, ապա հողի վերին շերտում առանձնանում է կախված ջրերի գոտի, որի առավելագույն պարունակությունը համապատասխանում է հողի նվազագույն խոնավունակությանը։ Գոտու խոնավության մի մասը նույնպես մատչելի է բույսերին։ Հողի մազանոթային և նվազագույն խոնավունակություններն ունեն ագրոարտադրական կարևոր նշանակություն, որովհետև դրանցով որոշում են հողի խոնավության հաստատուն պաշարի առավելագույն մեծությունը (դաշտային խոնավունակություն)։ Հողի խոնավության աստիճանով են պայմանավորված բույսերի ջրումը և միկրոկենսաբանական պրոցեսները։ Երկրագործության կարևորագույն խնդիրն է բույսերի համար հողում ստեղծել նպաստավոր ջրային ռեժիմ (խոնավության կուտակումով, ջրի արդյունավետ օգտագործումով, անհրաժեշտության դեպքում՝ հողերի ոռոգումով կամ չորացումով և այլն)։ Առանձնացնում են սառածության, լվացման, պարբերական լվացման, չլվացման, դեսուկտիվ-ներհոսող և ոռոգող ջրային ռեժիմի տիպերը։ Հողի ջրային ռեժիմը կախված է հողի հատկություններից, կլիմայից, եղանակի պայմաններից, մշակվող բույսերի առանձնահատկություններից և ագրոտեխնիկայից։ Ցանքի ճիշտ ժամկետները և պարարտացումը կարևոր են հողի խոնավության պաշարների արդյունավետ օգտագործման համար։ Հողի ջրային ռեժիմի կանոնավորման նպատակն է բույսերի արմատների հորիզոնում ամբողջ վեգետացիայի ընթացքում պահպանել խոնավության բավարար քանակ։ Շատ կարևոր է, որպեսզի հողի ծակոտիների մի մասը մնա օդով զբաղված, որն անհրաժեշտ է բույսերի կյանքի և մանրէների բնականոն կենսագործության համար։ Դրան հասնում են ագրոմելիորացիայի և ագրոտեխնիկական միջոցառումների կիրառումով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 534 CC BY-SA icon 80x15.png