Հողի մշակում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հողի մշակում, հողի վրա ներգործող մեխանիկական գործադրաձևերի համակարգ, որը նպաստում է բերրիության բարձրացմանը և մշակաբույսերի համար ստեղծում աճի ու զարգացման լավագույն պայմաններ։ Նպաստում է վարելաշերտի փուխր կնձկային լավագույն կառուցվածքի ստեղծմանը, բարելավում է ջրային, օդաջերմային ու սննդային ռեժիմները, ակտիվացնում միկրոկենսաբանական պրոցեսները, կենսազրկում ճմուտն ու մոլախոտերը, ոչնչացնում բույսերի վնասատուների և հիվանդությունների հարուցիչները, համապատասխան խորությամբ վարածածկում օրգանական և հանքային պարարտանյութերը և այլն։ Հիմնական գործադրաձևերն են.
- Շրջում՝ հողի շերտի ուղղաձիգ տեղափոխումը գութանի թևի օգնությամբ։ Նպաստում է ճմուտի կենսազրկմանը, պարարտանյութերի և խոզանային մնացորդների, ինչպես նաև մոլախոտերի սերմերի վարածածկմանըː
- Փխրեցում (փշրում)՝ հողի խոշոր առանձնությունների մանրացումը, կատարվում է գութանով, հարթ հատիչներով, երեսվարիչներով, կուլտիվատորներով, պտտվող հողուրագներով, ֆրեզներով, փոցխերով և այլն։
- Խառնում` օրգանական նյութերի և հանքային պարարտանյութերի հավասարաչափ տեղաբաշխումով ստեղծում է միատարր շերտ։ Իրագործվում է նախագութանիկ չունեցող գութաններով, փխրեցնող, բայց չշրջող գործիքներով։
- Նստեցում` կիրառվում է, երբ վարից մինչև ցանքը կարճ ժամանակ է մնում։ Անջրդի պայմաններում վերականգնում է մազականությունը, և ներքևից բարձրացող ջուրը նպաստում է սերմերի ծլմանը։ Հողի մակերեսի հարթեցումն ստեղծում է լավագույն պայմաններ մեքենայացման, հավասար ցանքի ու բուսածածկի ստացման, խնամքի, հատկապես ոռոգման ու բերքահավաքի համար։
Կան նաև հատուկ (հիմնաշրջում են) և մակերեսային (երեսվար, փոցխում, բուկլից, կուլտիվացում ևն) գործադրաձևեր։
Հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների ոչ սևահողային խոպան հողերն իրացնելիս կուլտուր-տեխնիկական աշխատանքներից հետո հատուկ հզոր գութաններով վարում էին, սկավառակավոր ցաքանով տափանում, ճահճային ֆրեզներով ֆրեզավորում և այլն։ Անտառատափաստանային և տափաստանային գոտում, որտեղ հողերը բերրի են, կիրառում են խորը վար, տափանում, կուլտիվացում։
- Ջրովի հողերում մշակման համակարգի կիրառումը կապված է ոռոգման ռեժիմի հետ։ Անհրաժեշտության դեպքում, վարելիս դաշտը նախապատրաստում են ոռոգման, որից հետո հողի հասունության ժամանակ, աշնանը մշակում են խոնավությունը պահպանելու և մոլախոտերը ոչնչացնելու նպատակով։
Հողի մշակման համակարգի մեջ մտնում են նաև հողի մակերեսի պլանավորումը (հավասարեցումը), ցրտահերկը, ժամանակավոր ոռոգման ցանցի ստեղծումը, նախացանքային մշակումը, հողի նախապատրաստումը կրկնակի ցանքի համար և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 534)։ |