Հողի հարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողի հարկ, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե վճարվող ուղղակի հարկային վճար, որի վճարողներն են համարվում հողի սեփականատերերը և պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական ու ժամանակավոր օգտագործողները։ Հողի հարկ հասկացությունը սահմանվել է 1994 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած «Հողի հարկի մասին» օրենքով։ Հողի հարկը ՀՀ հարկային համակարգի բաղկացուցիչ մասն է։

Հողի հարկ բյուջե վճարվող ուղղակի հարկատեսակ է և պարտադիր վճար, որի չափը կախված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից, սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով՝ հարկի օբյեկտի և դրույքաչափի ու հողակտորի միավոր մակերեսի արտադրյալի որոշման միջոցով, և վճարվում է տարվա համար։ Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը, ոչ գյուղատնտեսական հողերի համար՝ հողի կադաստրային գնահատման արժեքը։ Հողի հարկ հաշվարկվում է՝ սկսած հողակտորի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքի ձեռքբերման հաջորդ ամսվանից։ ՀՀ-ում հողային հարկումը բնութագրվում է ոչ միայն ցածր արդյունավետությամբ, այլև բյուջեի եկամուտների կազմում դրա աննշան տեսակարար կշռով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։