Ակցեպտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հոժարագիրից)

Հոժարագիր, ակցեպտ (լատին․՝ acceptus— ընդունված),

  1. քաղաքացիական իրավունքում պայմանագիր կնքելու առաջարկությանը (օֆերտ) մյուս կողմի համաձայնությունը, որն առաջացնում է իրավական հետևանքներ։ Ակցեպտը պետք է լինի լրիվ և անվերապահ։ Լռությունն ակցեպտ չէ, եթե այլ բան չի բխում օրենքից, գործարար շրջանառության սովորույթից կամ կողմերի նախկին գործարար հարաբերություններից։ Կարող է արտահայտվել գրավոր, բանավոր կամ պայմանադիր կողմի համաձայնությունն արտահայտող այլ գործողությամբ։ Օրինակ, պատասխանի փոխարեն առաջարկություն ստացած կողմն առանց պատասխանի ուղարկում է պահանջված ապրանքը։ Առաջարկություն ստացած կողմի հոժարագրում արտահայտած լրացուցիչ պայմանը համարվում է նոր առաջարկություն։ Համաձայնությունը հոժարագիր է համարվում, եթե այն կողմին է ուղարկվել առաջարկությամբ սահմանված ժամկետում կամ անհապաղ։ Որոշ երկրներում պայմանագիրը կնքված է համարվում հոժարագրի ստացման պահից, իսկ որոշներում էլ՝ հոժարագիր ուղարկելու պահից։ Օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում։ Եթե օֆերտայում սահմանված է ակցեպտի համար ժամկետ, ապա պայմանագիրը կնքված է համարվում, եթե օֆերտա ուղարկած անձը ակցեպտն ստացել է օֆերտայում նշված ժամկետի սահմաններում։ Եթե գրավոր օֆերտայում ակցեպտի համար ժամկետ սահմանված չէ, պայմանագիրը կնքված է համարվում, եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտը ստացել է մինչև օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետի ավարտը, իսկ եթե նման ժամկետ սահմանված չէ, ապա դրա համար սահմանված ժամկետում։
  2. Անկանխիկ հաշվարկի ձև կազմակերպությունների միջև։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 510