Հոգևոր մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգևոր մշակույթ, մշակութային արժեքների ամբողջություն, որոնք արտադրվում են մարդկանց հոգևոր գործունեության շնորհիվ, հոգևոր արժեքների ու դրանց ստեղծման ձևերի ու եղանակների ամբողջություն և այդ արժեքների՝ սերնդից-սերունդ փոխանցման ունակություններ։ Հոգևոր մշակույթը ձևավորում է հասարակական առաջադիմության համար օգտագործելու մակարդակը։

Ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե նյութական մշակույթին են պատկանում նյութական բարիքների արտադրության ոլորտում ստեղծված արտադրության միջոցների ամբողջ համակարգը, աշխատանքի արդյունքների ամբողջությունը, ընդհանրապես, մարդու նյութական պահանջմունքները բավարարող բոլոր արժեքները, ապա հոգևոր մշակույթը ընդգրկում է մարդու հոգևոր գործունեության արդյունքները՝

  1. Գիտությունը
  2. Կրոնը
  3. Արվեստը
  4. Բարոյականությունը
  5. Փիլիսոփայությունը
  6. Քաղաքականությունը
  7. Իրավունքը

Սոցիալ փիլիսոփայական տեսանկյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական փիլիսոփայության տեսանկյունից «հոգևոր մշակույթ» հասկացությունը դիտարկվում և վերլուծվում է որպես համընդհանուր, վերացարկված հասկացություն, որն ընդգրկում ու արտացոլում է հասարակական կյանքի հոգևոր ոլորտում ստեղծված հոգևոր բոլոր արժեքների ամբողջությունը, դրանց ստեղծման, փոխանցման ու յուրացման ձևերի ու եղանակների միասնությունը։ Հոգևոր մշակույթի բովանդակության անքակտելի բաղկացուցիչ մասն են կազմում նախորդ սերունդներից ժառանգած հոգևոր արժեքները, դրանց յուրացման ու օգտագործման ձևերի մշակումն ու իրացումը, սպասարկման մակարդակը և դրանց փոխանցման հմտությունները։ Ուրեմն, հոգևոր մշակույթը հոգևոր արժեքների ու դրանց ստեղծման ձևերի ու եղանակների ամբողջությունն է և այդ արժեքների՝ սերնդից-սերունդ փոխանցման ունակությունները, հասարակական առաջադիմության համար օգտագործելու մակարդակը։

Թե՛ նյութական և թե՛ հոգևոր արժեքները օժտված են մարդու հասարակական պահանջմունքները բավարարելու ընդունակությամբ և արտահայտում են նյութական ու հոգևոր մշակույթի ու գործառության հասարակական էությունը։ Օրինակ՝ տունը, շենքերը, գործարանները, կահույքը, հագուստը, գիտությունն ու արվեստը սոսկ իրային-առարկայական կամ հոգևոր օբյեկտիվացված առարկաներ ու երևույթներ չեն, այլ մարդկանց հասարակական պայմանների ու կենսագործունեությունը ապահովող կեցության անհրաժեշտ բաղադրամասերի դրսևորման ձևեր են ու կատարում են հասարակական ֆունկցիա՝ բավարարելով մարդկանց հասարակական պահանջմունքները։

Օրինաչափություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգևոր մշակույթն իրենից ներկայացնում է մի բարդ համակարգ, որի տեղն ու դերը հասարակական կյանքում պարզաբանելու համար անհրաժեշտ է դիտարկել առնվազն երեք տեսանկյունից։

  • Առաջինը վերաբերում է հոգևոր մշակույթի տարրերի փոխազդեցությանը, այն բանին, թե նրա շրջանակներում ինչպես են հոգևոր մշակույթի տարրերը փոխադարձ ազդում մեկը մյուսի վրա, խթանում կամ արգելակում մեկը մյուսի զարգացումը։
  • Երկրորդ օրինաչափությունը այն է, որ ազդելով մեկը մյուսի վրա, հոգևոր մշակույթի տարրերը չեն փոխարինում մեկը մյուսին, չեն կարող կատարել մյութների հիմնական դերը և պահպանում են իրենց տարբերակիչ առանձնահատկությունները՝ արտահայտելով իրենց ընդգծած հիմնական տեղն ու դերը հասարակական կյանքում։
  • Երրորդ օրինաչափությունն այն է, որ հոգևոր մշակույթը հասարակական կյանքի վրա ազդում է իր տարրերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ընդգծված-տարբերակված առանձնահատուկ տեղն ու դերը հասարակական համակարգի ամբողջական գործառության մեջ։ Այդ ազդեցությունները կարող են լինել ուղղակի և անմիջական, միջնորդավորված ու վերացարկված։

Հոգևոր մշակույթի տարրերի փոխազդեցության առանձնահատկությունները ու հասարակական կյանքում գերակայության հատկությունը պայմանավորված են հասարակական պահանջմունքներով ու կախված են այն բանից, թե հասարակական կյանքը հոգևոր մշակույթի ո՞ր տարրի կարիքն ունի՝ ապահովելու հասարակական հարաբերությունների տվյալ տիպի զարգացումը, պահպանելու տվյալ հասարակարգի սոցիալ-տնտեսական և քաղաքական դեմքը։ Հոգևոր մշակույթի տարրերը իրենց պատմական զարգացման ընթացքում ոչ միայն չեն կրկնվում, այլև գտնվելով ու գործառելով կողք-կողքի՝ անսահման հնարավորություն են ստեղծում մարդու մեջ մարդկայինի անվերջ կատարելագործման համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս․Մ Հակոբյան «Փիլիսոփայության հիմունքներ», Երևան 1994, էջ 325-328