Jump to content

Հոգևորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգևորական կամ կղերական (լատ.՝ clericus, հուն․՝ κληρικός) քրիստոնեական եկեղեցում հատուկ ձեռնադրված կամ պաշտոնական ծառայություն իրականացնող անձ, որը կոչված է հոգևոր առաջնորդության, պաշտամունքի, աստվածածառության կարգավորության, սուրբ խորհուրդների կամ արարողությունների կատարման և հավատացյալների հոգևոր խնամքի իրականացման համար։ Տերմինը օգտագործվում է տարբեր ձևերով՝ կախված եկեղեցական ավանդույթից, սակայն ընդհանուր առմամբ վերաբերում է եկեղեցու պաշտոնական ծառայողներին, ովքեր ներգրավված են հոգևոր գործառույթների կատարման մեջ։[1]

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղերականը (հուն. κληρικός, լատ. clericus) քրիստոնեական եկեղեցու պաշտոնյա է, հաճախ ձեռնադրված, ով ընդգրկված է եկեղեցու աստիճանակարգում։ Բառն առաջացել է հունական κληρός՝ «վիճակ», «ժառանգություն» արմատից, որը Նոր կտակարանում հաճախ կապված է Աստծուն պատկանելու գաղափարի հետ (Գործք 1:17, 1 Պետր. 5:3)։ Հունարեն κληρικός նշանակում էր անձ, ով կանչված է կամ առանձնացված է Աստծուն ծառայելու համար՝ որպես նրա ժառանգության սպասավոր։ Այդ ձևը փոխանցվել է լատիներեն՝ որպես clericus, որի հիմքով ձևավորվել են ժամանակակից եվրոպական լեզուների համապատասխան տերմինները (cleric, clergé և այլն)։

Գործածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ, ուղղափառ և լյութերական ավանդույթներում կղերական են համարվում սարկավագները, քահանաները, եպիսկոպոսները։ Բողոքական որոշ ուղղություններում՝ այդ թվում ադվենտիստական և բապտիստական, տերմինն ավելի քիչ է գործածվում, բայց համարժեք է «հոգևոր ծառայող» կամ «հովիվ» հասկացությանը։ Հայ առաքելական եկեղեցում «կղերական» բառը կիրառվում է միջնադարից՝ փոխանցելով ձեռնադրված դասի (կղերիա) գաղափարը։[2][3][4][5][6]

Հոգևորականի պարտականություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ դավանանքի առանձնահատկություններից՝ հոգևորականը հաճախ իրականացում է հետևյալ գործառույթները՝

  • Աստվածաշնչի, դավանաբանության ուսուցում և քարոզչություն
  • կրոնական արարողությունների կատարում (մկրտություն, հաղորդության մատուցում, ձեռնադրություն, հարսանեկան ու թաղման արարողություններ և այլն)
  • հոգևոր խորհրդատվություն
  • հավատացյալների կազմակերպված համայնքի (եկեղեցու) առաջնորդում
  • կարիքավորների, հիվանդների այցելություն և խնամք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]