Հոգեֆիզիկական փոխազդեցություն
Հոգեֆիզիկական փոխազդեցություն, Հոգի հոգու, կրոնի, փիլիսոփայության և հոգեբանության մեջ հասկացություն, որը նշանակում է մարդու աշխարհը, հոգեկանը, այն, ինչ դրսևորվում է գործունեության մեջ որպես ակտիվություն։ Հոգի հասկացության բովանդակությունը պատմականորեն փոփոխվել է։ Սկզբնապես ամեն ինչ շնչավորվում էր, և բոլոր իրերը դիտվում էին որպես հոգի ունեցող (անիմիզմ), որ նշանակում էր իր իսկ մասին մարդու ունեցած պատկերացման տարածում մյուս բոլոր իրերի վրա։ Բայց հետզհետե, իբրև հիմնական միտում, հոգու հասկացությունը կոնկրետանում է և կապվում միայն օրգանական աշխարհի, ապա և միայն մարդու հետ։ Սկզբնական շրջանում մարդու հոգին դիտվում էր որպես նրա յուրահատուկ աննյութական կրկնորդ, որը կարող է ժամանակավորապես կամ մշտապես թողնել մարմինը, այդպես էին ըմբռնվում քունն ու երազը և մահը։ Այդ հունով առաջ եկավ հոգու անմահության և հոգիների տեղափոխության պատկերացումը, որին հարում էր, մասնավորապես, Պլատոնը։ Վերջինս մարդկային հոգին (որը, նրա կարծիքով, ունի աստվածային ծագում) բաժանում է երեք տեսակի՝ բանական (տեղավորված գլխում), զգայական (կրծքում) և որովայնային (որովայնում)։ Հնում բնափիլիսոփայության մեջ հոգու հասկացությանը տրվել է հիմնականում մատերիալիստական մեկնաբանություն, թեպետ ևա պարզունակ ձևով (այն համարվում էր ինչ-որ նյութական բան)։ Արիստոտելն առանձնացնում է երեք տեսակի հոգի՝ բանական (զուտ մարդկային), զգայական (կենդանական) և սննդառական (բուսական)։ Նա մարդկային հոգին (որը նրա կարծիքով տեղավորված է սրտում) համարում է մարմնի էնտելեխիան՝ ակտիվ ու նպատակահարմար գործունեության հիմքը։ Մերժելով մարդկային հոգու անմահության ու տեղափոխության պատկերացումը, ընդունելով հոգու անխզելի կապը նյութի հետ և նշելով կոնկրետ հոգեկան երևույթների կախվածությունն օրգանական պրոցեսներից՝ Արիստոտելը դրանով իսկ սկզբնավորեց հոգեկանի գիտական հետազոտությունը։ Կրոնի մեջ հոգին դիտվում է մարմնի նկատմամբ իր հակադրության առումով, մարմինն անցավոր է, իսկ հոգին, որպես աստծո պատկերը մարդու մեջ, հավերժական է և մարդու մահից հետո էլ շարունակում է ապրել «հանդերձյալ աշխարհում»։ Հոգու և մարմնի, հոգու և նյութի հարաբերության հարցը փիլիսոփայության պատմության մեջ հանդես է եկել որպես փիլիսոփայության հիմնական հարցի մի կոնկրետ առում։ Ընդսմին հոգին տարբեր հարաբերակցության մեջ է դրվել այնպիսի հասկացությունների հետ, ինչպես ոգի, գիտակցություն, ճանաչողություն են։ Հոգեկանի ըմբռնման մի կարևոր փուլ է Դեկարտի տեսությունը։ Նա որոշակիորեն տարբերակեց հոգու և կյանքի հասկացությունները, դրեց հոգեֆիզիկական պրոբլեմը, որը քննարկման առարկա դարձավ հոգեբանության և Փիլիսոփայության հետագա զարգացման ընթացքում։ Այդ պրոբլեմի լուծումներից մեկն է հոգեֆիզիկական զուգահեռականությունը։ XIX դ. 2-րդ կեսից, երբ Փորձնական հիմքով կոնկրետացավ հոգեբանության առարկան, բովանդակությամբ ոչ հստակ հոգու տերմինն սկսեց իր տեղը զիջել «հոգեկան» կոնկրետ գիտական տերմինին։ Սովետական հոգեբանության և մարքսիստական փիլիսոփայության մեջ ներկայումս «հոգի» տերմինը չի օգտագործվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 506)։ |