Հոգեբանական օգնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոգեբանական օգնություն, հոգեբանության գործնական կիրառման բնագավառ է, որն ուղղված է մարդկանց սոցիալ-հոգեբանական կոմպետենտության բարձրացմանը, անձին, խմբին կամ կազմակերպությանը հոգեբանական օգնություն տրամադրելուն։ Այն ենթադրում է անմիջական աշխատանք մարդկանց հետ՝ ուղղված տարբեր տեսակի հոգեբանական խնդիրների լուծմանը։ Խնդիրները կարող են կապված լինել միջանձնային հարաբերությունների կամ խորը անձնային կառույցների հետ։

Հոգեբանական օգնության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոգեբանական պրոֆիլակտիկա (կանխարգելում)
  • Հոգեբանական լուսավորություն (դասախոսություններ, սեմինարներ)
  • Հոգեբանական ախտորոշում (խնդիրների և հոգեբանական ցուցանիշների բացահայտում)
  • Հոգեբանական խորհրդատվություն (հոգեբանական օգնություն այն մարդկանց, ովքեր ադապտացիայի, անձնային ներուժի զարգացման կամ ընդլայնման տեսանկյունից գտնվում են հոգեբանական նորմայի սահմանին)
  • Հոգեթերապիա (ուղղված է խորը անձնային խնդիրների լուծմանը), լինում է կլինիկական և ոչ կլինիկական
  • Հոգեբուժություն (օգնության բժշկական տեսակ, որն իրականացվում է դեղամիջոցների կիրառմամբ)
  • Հոգեշտկում (նորմայի վերականգնում ինչպես հուզական վիճակի, այնպես էլ անձնային որակների տեսանկյունից)

Հոգեբանական օգնության տեսակները կարելի է դասակարգել նաև հետևյալ կերպ՝ հոգեբանական խորհրդատվություն, հոգեբանական շտկում, ճգնաժամային միջամտություն, հոգեբանական վերականգնում, հոգեբանական թրեյնինգ, հոգեթերապիա։

Հոգեբանական օգնության տեսակները խիստ առանձնացնել հնարավոր չէ․ կան հատման կետեր։ Որպես չափանիշներ՝ հանդես են գալիս՝ ով է իրականացնում օգնությունը, ում հետ է աշխատում մասնագետը, ինչպես է օգնում։

Հոգեբանական օգնության էթիկական սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանի աշխատանքին ներկայացվում են որոշակի պահանջներ։ Տարբեր երկրներում դրանք կարող են փոփոխության ենթարկվել, սակայն կան որոշ կանոններ, որոնց պահպանումը պարտադիր է։ Որոշ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, հոգեբանի կողմից մասնագիտական սկզբունքների և պահանջների չպահպանումը կարող է նրան զրկել դիպլոմից կամ մասնագիտական ծառայությունների մատուցման հնարավորությունից[1]։

Յու․Ալյոշինան առանձնացնում է հոգեբանական օգնության առավել կարևոր էթիկական սկզբունքները[1]

  1. Բարեհամբույր և չգնահատող վերաբերմունք Այցելուի նկատմամբ, ենթադրում է «մասնագիտական վարքագծի ամբողջական համակարգ, որն ուղղված է նրան, որպեսզի Այցելուն իրեն զգա հանգիստ և ապահով»։ Խորհրդատուն պետք է կարողանա լսել Այցելուին, տիրապետի ակտիվ լսելու տեխնիկային, փորձի հասկանալ Այցելուին առանց քննադատելու։
  2. Կողմնորոշում դեպի Այցելուի արժեքները և նորմերը, խորհրդատուից պահանջվում է ընդունել Այցելուի արժեքները՝ առանց քննադատելու դրանք։
  3. Խուսափել խորհուրդներ տալուց, չնայած իր մասնագիտական հմտություններին և կենսափորձին՝ հոգեբանը իրավունք չունի խորհուրդներ տալ Այցելուին, քանի որ նախ Այցելուի կյանքն ու խնդիրը խիստ անհատական են, և Այցելուն համարվում է իր կյանքի հիմնական փորձագետը։ Բացի այդ, խորհուրդ տալը ենթադրում է պատասխանատվություն վերցնել Այցելուի կյանքի համար, եթե վերջինս հետևի այդ խորհրդին։
  4. Գաղտնիություն, Այցելուի հայտնած ոչ մի ինֆորմացիա հոգեբանը չի կարող առանց նրա թույլտվության փոխանցել երրորդ անձի կամ կազմակերպության, այդ թվում՝ նաև նրա հարազատներին կամ ընկերներին։ Կան որոշ բացառություններ, որոնց մասին Այցելուն պետք է նախապես իմանա։
  5. Անձնական և մասնագիտական հարաբերությունների տարանջատում, պետք է խուսափել մասնագիտական գործունեության ընթացքում անձնական հարաբերությունների առաջացումից։ Եթե այդպիսի հարաբերություններ, այդուհանդերձ, առաջանում են, պետք է ընդհատել հոգեբանական խորհրդատվությունը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Алёшина Ю. Е. Индивидуальное и семейное психологическое консультирование. — 2-е изд. — М. : Независимая фирма «Класс», 2000. — 208 с.
  2. Dahlberg, Charles Clay. Sexual contact between patient and therapist // Symposium on love / ed. by Mary Ellen Curtin. — New York : Behavioral Publications, 1973. — 244 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алёшина Ю. Е. Индивидуальное и семейное психологическое консультирование. — 2-е изд. — М. : Независимая фирма «Класс», 2000. — 208 с. — (Библиотека психологии и психотерапии). (ռուս.)
  • Абрамова Г. С. Практическая психология : учебник для высшей школы. — Москва : Академический проект, 2005. (ռուս.)
  • Фролова Ю. Г. Медицинская психология. (ռուս.)