Jump to content

Հոբբիհորսինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոբբիհորսինգ
սպորտ Խմբագրել Wikidata
Հիման վրաձիաքայլք Խմբագրել Wikidata
Ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակWiki-inventory for living heritage Խմբագրել Wikidata

Հոբբիհորսինգ (անգլ.՝ hobby horsing կամ hobbyhorsing), մարզաձև, ձիու գլխով փայտե ձողով «ձիավարություն»:

Հոբբիհորսինգը՝ ձիու գլխով փայտե ձողով «ձիավարությունը», երկար պատմություն ունի: Այն նկարագրվում է դեռևս 19-րդ դարի մի գրքում, որտեղ ասվում է, որ նման զվարճանքը ավանդական մայիսմեկյան ծես էր Անգլիայի Սոմերսեթշիր քաղաքային կոմսության Մայնհեդ քաղաքի ձկնորսների շրջանում[1]: Սակայն երկար ժամանակ նման «ձիարշավները» կա՛մ մանկական զվարճանք էին, կա՛մ տարօրինակ մարդկանց զբաղմունք։ Իրավիճակը սկսել է փոխվել 2010 թվականին, երբ ֆինն դեռահաս Ալիս Աորնիմյակին սկզբում ինքն է հետաքրքրվել նման «ձիարշավներով», այնուհետև սկսել է ընկերներ փնտրել և սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպել նմանատիպ զբաղմունք ունեցողների խմբեր: Մի քանի տարի անց Ֆինլանդիայում ձևավորվել է հոբբիհորսինգի սիրահարների մի ամբողջ ենթամշակույթ։ 2015 թվականից Ալիսը սկսել է ձևակերպել նոր մարզաձևի կանոնները։ 2017 թվականին էկրան է բարձրացել ռեժիսոր Սելմա Վիլհունենի «Հոբբիհորսինգի հեղափոխություն» ֆիլմը (անգլ.՝ «The Hobbyhorsing Revolution»), որի շնորհիվ նորաստեղծ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է ոչ միայն Ֆինլանդիայում, այլև այլ երկրներում[2][3][4][5][6]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոբբիհորսեր

Հոբբիհորսինգի մասնակիցներն իրենց «նժույգներն» անվանելու համար օգտագործում են անգլերեն hobby «զբաղմունք» և horse «ձի» բառերի տառադարձությունը[7]: Հոբբիհորսերի մեծ մասը պատրաստում են իրենք՝ մասնակիցները, սակայն հայտնվել են նաև արդյունաբերական արտադրության հոբբիհորսեր, որոնց որոշ նմուշների գները հասնում են 200 եվրոյի[4]։

Հոբբիհորսինգն առավել տարածված է Ֆինլանդիայում. դրանով զբաղվում է մինչև 10 000 մարդ՝ հիմնականում 10-18 տարեկան աղջիկներ, թեև կան նաև տարեց կանայք: Հոբբիհորսինգը լայն տարածում է գտել նաև Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Նիդերլանդներում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Ռուսաստանում[4][5]։

Հոբբիհորսինգի սիրահարները կարծում են, որ այն ունի թերապևտիկ ազդեցություն և թույլ է տալիս վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, այն նաև զարգացնում է կենտրոնացումը, թույլ է տալիս պահպանել կեցվածքը, մարզում է որովայնը, ոտքերը, ձեռքերը և խթանում է ընդհանուր ֆիզիկական զարգացումը: Ի տարբերություն ավանդական ձիասպորտի, հոբբիհորսինգը ֆինանսական տեսանկյունից շատ ավելի մատչելի է: Միևնույն ժամանակ, հոբբիհորսինգի պարապմունքները հաճախ անցկացվում են ախոռների մոտ կամ ձիասպորտի դպրոցներում, որտեղ որպես մրցավարներ հանդես են գալիս ձիասպորտի պրոֆեսիոնալները: Հոբբիհորսինգը կարող է լինել նաև հետագայում ձիասպորտով զբաղվելու համար առաջին քայլ[4][5][7][8]։

Ընդհանուր առմամբ, հոբբիհորսինգի կանոնները կրկնօրինակում են ավանդական ձիասպորտի կանոնները՝ հատկապես այնպիսի մրցություններում, ինչպիսիք են ձիաքայլքը և խոչընդոտների հաղթահարումը: Ձիաքայլքում հեծյալը պետք է իր մարմնով նմանակի վարգարշավը, քառատրոփարշավը, կողընթաց շարժումները, մեկ ոտքի վրա արագ կիսապտույտն ու լրիվ պտույտը և այլ շարժումներ, այսինքն՝ այն տարրերը, որոնք ձին կատարում է մանեժում: Խոչընդոտների հաղթահարման մեջ մասնակիցները պետք է անցնեն արգելքների շարք՝ 20 սմ-ից մինչև 1,5 մետր բարձրությամբ պատնեշներով. ընդ որում, խնդիրը ոչ միայն պատնեշը հաղթահարելն է, այլև ձիու վարքը նմանակելը[4][7]։

Հոբբիհորսինգի հայրենիք Ֆինլանդիայում մրցումներն անցկացվում են 2017 թվականից։ Արդեն առաջին մրցաշարին մասնակցել են մոտ 200 հեծյալներ, և մոտ 1000 հանդիսականներ հավաքվել են դիտելու մրցումները[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Thomas Firminger Thiselton Dyer British Popular Customs, Present and Past. — London: George Bell and Sons, 1876. — P. 262—263. — 520 p.
  2. Ellen Barry (2019-04-21). «Finland's Hobbyhorse Girls, Once a Secret Society, Now Prance in Public». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-24-ին. Վերցված է 2023-05-30-ին.
  3. Laura Barton (2019-04-30). «Hobbyhorsing: what girls everywhere can learn from the Finnish craze». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-01-09-ին. Վերցված է 2023-05-30-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Hobby Horsing – dieser schräge Trend kommt aus Finnland». Stuttgarter Zeitung (գերմաներեն). 2017-05-03. Արխիվացված է օրիգինալից 2022-02-06-ին. Վերցված է 2023-05-30-ին.
  5. 5,0 5,1 5,2 Ирина Анцупова (2020-07-05). «Хоббихорсинг — история, правила, требования к лошади». Элитный спорт и отдых (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-10-ին. Վերցված է 2023-05-30-ին.
  6. Софья Сажнева (2018-01-15). «Хоббихорсинг входит в моду: как правильно кататься на игрушечных лошадках». Metro Санкт-Петербург (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-30-ին.
  7. 7,0 7,1 7,2 Екатерина Павлюченко (2022-10-04). «Хоббихорсинг: как скачки на игрушечных лошадях стали настоящим спортом». Узнай Россию (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-30-ին. Վերցված է 2023-05-30-ին.
  8. Ольга Янковская (2023-05-22). «Здесь нужно учить маршруты: в Москве прошли соревнования по хоббихорсингу». Metro Moscow (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-22-ին. Վերցված է 2023-05-30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբբիհորսինգ» հոդվածին։