Հնչյունափոխարինում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնչյունի փոխարինում, Հնչյունափոխարինում կամ Սուբստիտուցիա (լատին․՝ substitutio բառից, նշանակում է «փոխարինում, տեղափոխում»), հնչյունափոխության տեսակ, որի դեպքում տեղի է ունենում բառի մասերի փոփոխություն։ Հնչյունափոխարինման ժամանակ մի հնչյունը փոխարինվում է մեկ այլ հնչյունով, ինչն առավել հանդիպում է փոխառյալ բառերում[1], երբ փոխառող լեզվում չկա փոխառվող լեզվի հնչյունին համապատասխանը, օրինակ՝ ռուսերեն шофёр բառում ё ['о] հնչյունը փոխարինել է ֆրանսերենի [դ] հնչյունին[2], կամ Քյոլն բառում, որտեղ յո երկհնչյունը փոխարինել է գերմաներենի ö հնչյունին, քանի որ հայերենում չկա շրթնայնացված [ե] հնչյուն։ Ընդ որում կրճատվել և ավելացվել կարող է ոչ միայն ձևույթը, այլև ոչ ձևույթային հատվածը։

Իբրև փոխարինող տարր կարող է հանդես գալ կից հնչյուններից մեկը՝ դրա վերարժեքավորումով, ինչպես՝ (ը)ն>ը, սառ(ը)ն>սառը, ին(ը)ն>ինը, տաս(ը)ն>տասը։ Հնչյունափոխարինման կարող է լինել նաև զուգահեռ զարգացման արդյունք, օրինակ՝ անուն> բրբ. անում (անըմ), Արաքս||Երասխ, արազ||երազ և այլն։ Այն կարող է դրսևորվել նաև որպես հնչյունական տարանցում, ինչպես՝ պորինջան>կորինջան։ Հնչյունափոխության բոլոր դեպքերը (մի հնչյունի վերափոխվելը մի այլ հնչյունի) չի դիտարկվում որպես հնչյունափոխարինում, օրինակ՝ ջ>ձ (ջուր>ձ‘ուր, ճ>ձ (ճերմակ>ձէրմակ), չ>ց (չամիչ>ցամից), շ>ս (կքաշեմ>գը քասիմ) անցումներն են, որոնք դրսևորվել են Խարբերդ-Երզնկայի բարբառում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 403։
  2. Розенталь Д. Э. и др. Словарь лингвистических терминов