Հնէամագնիսականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնէամագնիսականություն, հնամագնիսականություն, պալեոմագնետիզմ, գիտության ճյուղ, ուսումնասիրում է Երկրի մագնիսական դաշտը երկրաբանական անցյալում։ Հնէամագնիսական հետազոտության ենթարկվում են մագնետիտի, հեմատիտի կամ երկաթի այլ օքսիդների համեմատաբար մեծ քանակությամբ մանր մասնիկներ պարունակող ապարները (խոշոր չափի ռեգիոնալ թերմո ու դինամոմետամորֆիզմի և տեղական քիմիական փոփոխությունների հատկանիշներով հաստվածքներն ու հրաբխային մարմինները, հնէամագնիսական հետազոտության համար պիտանի չեն)։ Այդ ապարների առաջացումն ուղեկցվել է նրանց մեջ մնացորդային մագնիսացման ստեղծմամբ, որն ունի Երկրի համապատասխան ժամանակաշրջանի մագնիսական դաշտի ուղղությունը։ Այդ մագնիսացումը կարող է պահպանվել մինչև ներկա ժամանակները, ի հայտ գալով որպես բնական մնացորդային մագնիսացման նախնական բաղադրիչ, որը և օբյեկտ է ծառայում հնէամագնիսական ուսումնասիրության համար։ Տարբեր հասակի ապարների նախնական մագնիսացման ուսումնասիրությունը թույլ է տալիս տվյալներ ստանալ Երկրի հին մագնիսական դաշտի ժամանակային փոփոխությունների, իսկ զանազան ռեգիոններում հետազոտություններ կատարելու դեպքում՝ նրա տարածական տեղաբաշխման մասին։ Երկրաբանական անցյալում Երկրի մագնիսական դաշտի փոխությունների բնույթը պայմանավորում է հնէամագնիսական հետազոտությունների նշանակությունը երկրաբանական ժամանակագրության և շերտագրության բնագավառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 493