Հնդկաստանի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

հինդի՝ भारतीय सशस्‍त्र सेनाएँ
Armed forces logo.png
Զինանշան
Տեսակ Զինված ուժեր
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Կառուցվածք
Ղեկավարություն
Նախագահ Ռամ Նաթհ Կովինդ
Պաշտպանության նախարար Նիրմալա Սիթհարման
Զինվորական անձնակազմ
Ակտիվ անձնակազմ 1395100 (2018)[1] (2-րդ հորիզոնական)
Պահեստայիններ 1155000 (2018)
Ֆինանսներ
Տարեկան ծախսերի հանրագումար 52,5 միլիարդ դոլար (2017)[1]
ՀՆԱ-ի տոկոս 2,5% (2016)
Արդյունաբերություն
Ներքին մատակարարողներ
  • Ordnance Factories Board
  • HAL
  • Bharat Electronics Limited
  • Bharat Earth Movers Limited
  • Bharat Dynamics Limited
  • Mazagon Dock Limited
  • Goa Shipyard Limited
  • Garden Reach Shipbuilders and Engineers
  • Mishra Dhatu Nigam
  • Ashok Leyland Group
  • TATA Group
  • Larsen & Toubro Group
  • Mahindra Group
  • Reliance Defence
  • Kalyani Group
Military of India Վիքիպահեստում
Հնդկաստանի պաշտպանության նախարարության շենք

Հնդկաստանի զինված ուժեր (հինդի՝ भारतीय सशस्‍त्र सेनाएँ), Հնդկաստանի ռազմական կառույց, ռազմական կազմակերպություն, որը նախատեսված է երկրի պահպանության, պետության ազատության և անկախության պաշտպանության համար։ Հնդկաստանի զինված ուժերում բացակայում է երկրի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունը[2]։

Հնդկաստանը աշխարհում զենքի ներկրման ոլորտում զբաղեցնում է առաջին տեղը (2012)[3]։ Հնդկաստանի զինված ուժերը հանդիսանում են միջուկային զենք ունեցող բանակներից մեկը։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի զինված ուժերում ծառայում են ավելի քան 1,3 միլիոն զինծառայող։ Այս ցուցանիշով այն զբաղեցնում է աշխարհում 2-րդ հորիզոնականը (2018)։ 2014 թվականի դրությամբ ռազմական ծախսերի մակարդակով Հնդկաստանն աշխարհում շուրջ 50 միլիարդ դոլարով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Հնդկաստանի զինված ուժերի կազմավորման պաշտոնական տարեթիվը համարվում է 1949 թվականի օգոստոսի 15-ը, երբ առաջին անգամ բանակը գլխավորեց հնդիկ գեներալ Կոդանդերա Մադապան։ Նորաստեղծ զինված ուժերը ձևավորվեցին Բրիտանական հնդկական բանակի, Հնդկաստանի թագավորական ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների և Հնդկական գաղութային նավատորմի նավերի հիման վրա, որոնք 1947 թվականին Բրիտանական Հնդկաստանի բաժանման հետևանքով ստացել է Հնդկական միությունը։ Ընդ որում Հնդկաստանի զինված ուժերի կազմում ընդգրկվեցին հինդուիզմ և այլ կրոններ դավանող անձնակազմի անդամները, բացառությամբ իսլամի հետևորդների։

1962 թվականին տեղի ունեցած Չինաստանի հետ սահմանային ռազմական հակամարտությունում պարտություն կրելուց հետո Խորհրդային Միության հետ սկսվեց սերտ ռազմատեխնիկական համագործակցություն, հնդկական ղեկավարությունը զինված ուժերի զարգացման հետ կապված սկսեց մշակել երկարաժամկետ ծրագրեր, որոնց իրականացումը նպաստեց վերջինների մարտունակության բարձրացմանը, ինչը հստակ նկատվեց Պակիստանի հետ 1965 թվականին երկրորդ, 1971 թվականին տեղի ունեցած երրորդ և 1999 թվականին տեղի ունեցած Կարգիլյան պատերազմների ժամանակ։

Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն ու ֆինանսավորումն իրականացնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Սովորաբար այդ գերատեսչությունը ղեկավարում է քաղաքացիական անձ։ Նախարարության աշխատակիցների մեծ մասը, այդ թվում նաև՝ նախարարի երկու տեղակալները նույնպես հանդիսանում են քաղաքացիական անձ։ Ռազմական ղեկավարման բարձրագույն մարմինը շտաբների պետերի կոմիտեն, որի կազմում ընդգրկված են ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի շտաբների պետերը (գլխավոր հրամանատարները), որոնք հերթականությամբ ստանձնում են նախագահությունը։

Ռազմավարչական տեսանկյունից Հնդկաստանի տարածքը բաժանված է հինգ ռազմական շրջանների՝ Հյուսիսային, Հարավային, Արևմտյան, Արևելյան և Կենտրոնական։

Հնդկաստանի զինված ուժերը համալրվում են Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող կամավորներից՝ անկախ վերջինների կրոնական կամ կաստայական պատկանելիության։ Այնուամենայնիվ, որոշ ռազմական ստորաբաժանումներ կազմվում են ըստ դավանաբանական պատկանելիության սկզբունքով[4]։ Զինված ուժերի սպայական կազմը բաժանված է հաստիքային և ոչ հաստիքային սպաներից։ Հաստիքային սպայական անձնակազմը ձևավորվում է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հաշվին։ Ոչ հաստիքային սպաները զինվորագրվում են հիմնականում քաղաքացիական անձանց, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և ժամանակավորապես զինված ուժերում ծառայելու ցանկություն։

Սկզբնական եռամյա նախապատրաստությունը անցկացվում է Պաշտպանության ազգային ակադեմիայում և Մհոյի ցամաքային զորքերի քոլեջում։ Ուսման ավարտից հետո հետագա պատրաստության համար շրջանավարտներն ուղարկվում են Դեհրա Դունում գտնվող Հնդկական ռազմական ակադեմիա և Դունդիգուլեում տեղակայված ՌՕՈւ ակադեմիա, որտեղ ուսուցումը տևում է 1-ից 1,5 տարի, ինչից հետո նրանց շնորհվում են սպայական կոչումներ։ Ազգային ռազմական ակադեմիայի ռազմածովային բաժնի շրջանավարտներին սպայական կոչումներ են շնորհվում ուսումնական և ռազմական նավերի վրա 1,5 տարի ծառայությունից հետո։

Շտաբային քոլեջում պատրաստություն են անցնում ոչ պակաս, քան վեց տարի ծառայած սպաները, որոնք ունեն վաշտի հրամանատարի, դրան հավասար կամ բարձր (մինչև դիվիզիայի հրամանատար) պաշտոն։

Հնդկաստանի զինված ուժերի պահեստազորի թվաքանակը շուրջ 535 հազար է, որը կազմված է առաջին հերթին ցամաքային զորքերի պահեստազորից (շուրջ 300 հազար մարդ), որոնք ծառայել են կանոնավոր զորամասերում ոչ պակաս, քան հինգ տարի (պատերազմական դրության ժամանակ կարող են զորակոչել մինչև 50 տարեկան ևս 500 հազար մարդ), տարածքային բանակի պահեստազորից (կամավորական բանակ)՝ շուրջ 40 հազար, ռազմաօդային ուժերի պահեստազորից՝ շուրջ 140 հազար մարդ և ռազմածովային ուժերի պահեստազորից՝ շուրջ 55 հազար մարդ։

Զինված ուժերի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի կանոնավոր զինված ուժերն իրենց մեջ ներառում են՝

Բացի նշված երեք միավորներից Հնդկաստանն ունի տարբեր տեսակի ռազմականացված միավորումներ՝ ազգային անվտանգության ուժեր, հատուկ ռազմականացված ուժեր, հատուկ սահմանային ուժեր և այլ բնույթի ստորաբաժանումներ։ Երկրի մոբիլիզացիոն ռեսուրսը կազմում է 770 միլիոն մարդ, որոնցից 560 միլիոնը հանդիսանում են զինվորական ծառայության համար պիտանի։

Սահմանային պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի սահմանային պահպանության ծառայությունում ներառված են մոտավորապես 8 հազար մարդ, 12 պարեկային նավ, 22 պարեկային մոտորանավակ, 20 ինքնաթիռ, 15 ուղղաթիռ։

Միջուկային զենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանը հանդիսանում է աշխարհում միջուկային զենք ունեցող երկրներից։ Այն իր առաջին միջուկային մարտագլխիկի փորձարկումն իրականացրել է 1974 թվականի մայիսի 18-ին Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Պոկհրան հրաձգարանում։ Հնդկաստանը պաշտոնապես միջուկային գերտերություն դարձավ 1998 թվականին, երբ ստորգետնյա հինգ միջուկային փորձարկումների շարք սկսեց։

Ագնի 5 բալիստիկ հրթին արձակման պահին

Հնդկաստանի զինված ուժերի կառուցվածում միջուկային ուժերի ղեկավարման համար ստեղծվել է հատուկ կառույց, որը կոչվում է Միջուկային հրամանատարության վարչություն (NCA): Այս կառույցը իրենից ներկայացնում է ոչ միայն ռազմական, այլ նաև ռազմա-քաղաքական ղեկավարման մարմին։ Միջուկային հրամանատարությունը զբաղվում է պաշտպանության շահերից բխող մշակումներով, պատասխանատվություն է կրում արտաքին ագրեսիայի հակադարձման նպատակով միջուկային զենքի կիրառմանորոշման համար։ Միջուկային հրամանատարությունը ղեկավարում է երկրի վարչապետը։

Միջուկային հրամանատարության վարչությանը ենթարկվող օպերատիվ-տեխնիկական ռազմական մարմինը և Հնդկաստանի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահությունը հանդիսանում է 2003 թվականին ձևավորված Մարտավարական ուժերի հրամանատարությունը (SFC)։ Այն իրականացնում է ցամաքային և ռազմաօդային ուժերի միջուկային տարրերի միասնական ղեկավարումը։ Միջուկային սպառազինությունն ներառում է ստորգետնյա հրթիռներ և միջուկային մարտագլխիկներ պարունակող հրթիռներով զինված ինքնաթիռների էսկադրիլիաներ։ Նախատեսված է մոտ ապագայում Մարտավարական ուժերի հրամանատարության ղեկավարմանը հանձնել նաև ռազմածովային մարտավարական միջուկային ուժերը։

Մարտավարական ուժերի հրամանատարությունն իր ենթակայության ներքո ունի ցամաքային զորքերի կազմում գտնվող «Պրիտհվի 2» տակտիկական բալիստիկ հրթիռների երկու խմբավորում, «Ագնի 1», «Ագնի 2», «Ագնի 3», «Ագնի 4» բալիստիկ հրթիռների մեկական խումբ։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերում միջուկային մարտագլխիկներ կրողներ կարող են լինել ֆրանսիական «Միրաժ-2000Н» և ռուսական Սու-30 տակտիկական ռմբակոծիչները։ Հնդկաստանն իր ռազմածովային միջուկային ուժերը սկսել է ձևավորել դեռևս ԽՍՀՄ օգնությամբ։ 1988 թվականին հնդկական ռազմածովային ուժերին վարձավճարով հանձնվեց К-43 ատոմային սուզանավը, որը Հնդկաստանում ստացավ «Չակրա» անվանումը։ Դեռևս վարձակալությունից 3երեք տարի առաջ հնդիկ նավաստիները ստացել էին դրա շահագործման փորձ։ Ռուսաստանի Դաշնությունից հնդկական զինուժը վարձավճարով ստացել է նաև բազմաֆունկցիոնալ К-152 ատոմային սուզանավը, որին հնդիկները նույնպես անվանեցին «Չակրա»։ Բացի նշվածներից Հնդկաստանը նույնպես կառուցում է ատոմային սուզանավեր, որոնք զինվում են միջուկային բալիստիկ հրթիռներով։ «Advanced Technology Vessel» ծրագրով հնդիկները կառուցել են ատոմային երեք սուզանավեր, որոնք զինված են միջուկային հրթիռներով։ Հնդկական գլխավոր ատոմային սուզանավը կոչվում է «Արիհանտ» (ինչը սանսկրիտով նշանակում «Թշնամիների ռմբակոծիչ»)։ Այն շահագործման է հանձնվել 2012 թվականին։ Վերջինի հարվածային ուժը կազմում է միջին հեռավորության «Սագարիկա» 12 բալիստիկ հրթիռ։ Այս հրթիռը նախագծել և մշակել է Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության (DRDO) Խայդարաբադյան հրթիռաշինական կենտրոնը, որը ստեղծել է նաև «Ագնի» և «Պրիտհվի» հրթիռները։ «Սահարակիի» առաջին արձակումը տեղի է ունեցել 2008 թվականին։ Նախատեսված է, որ հնդկական հաջորդ ատոմային սուզանավերը զինվեն առավել հեռահար K-X բալիստիկ հրթիռներով, որոնք հանդիսանում է «Ագնի 3» հրթիռների ծովային տարբերակը։ Հնդկաստանն առաջիկայում նախատեսում է կառուցել առնվազն երկու ատոմային սուզանավ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Military Balance 2018. — P. 260.
  2. «Призыв в армию и сроки службы в странах мира»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-13-ին։ Վերցված է 2012-02-10 
  3. Индия сохранит лидерство в мире по объёму импорта вооружений как минимум до 2016 г.
  4. Догры, кумаоны, гархвалы…(ռուս.)