Կոկոսյան արմավենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հնդընկուզենիից)
Կոկոսյան արմավենի
Cocos nucifera
Հավայան կղզիներում աճող արմավենիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Արմավենածաղկավորներ
Ընտանիք Արմավենիներ
Ցեղ Cocos
Տեսակ Կոկոսյան արմավենի
Լատիներեն անվանում
Cocos nucifera L.



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 42451
NCBI 13894

Կոկոսյան արմավենի (լատին․՝ Cocos nucifera), արմավենիների ընտանիքի բույս։ Խոշոր, չճյուղավորվող ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ։ Տերևները փետրաձև են, ծառի գագաթում հավաքված։ Պտուղը կորիզապտուղ է՝ կոկոսյան ընկույզ, որն ունի 30x20 սմ մեծություն և մինչև 8 կգ քաշ (թարմ վիճակում); Պտղի արտաքին թաղանթը թելաշար է, ներքինը ամուր է, 3 անցքերով, որոնք տանում են դեպի 3 սերմնաբողբոջները։ Ընկույզի պատյանը արտաքին կողմից ծածկված է սպունգանման թելավոր թաղանթով, որից ստացվում են շատ ամուր թել, այն համաշխարհային շուկայում հայտնի է «կայրա» անունով։ Կայրան աչքի է ընկնում ոչ միայն ամրությամբ այլև առանձգականությամբ և դիմացկունությամբ։ Դրանից գործում են պարան, խսիր, ցանցեր, հագուստ, գլխարկ, պատրաստում են խոզանակ, առագաստներ։ Որպես հումք կայրայի օգտագործումը մեծ չափերի է հասնում Հնդկաստանում, Շրի–Լանկայում, Ինդոնեզիայում։ Այդ երկրներում կայրայից պատրաստված խոզանակները արտահանվում են աշխարհի բազմաթիվ երկրներ։ Տերևները որպես շինանյութ անփոխարինելի են արևադարձային երկրների բնակիչների շենքերի տանիքները ծածկելու համար։ Տերևներից և ցողունից պատրաստում են թեթև և հարմար դռներ, միջնապատներ։ Վերջիններից միայն մեկից է զարգանում սերմը, որի էնդոսպերմը սկզբում թափանցիկ հեղուկ է, ապա վեր է ածվում կաթնագույն էմուլսիայի, այնուհետև խտանում է և կոշտանում։

Հասուն էնդոսպերմը պարունակում է 30—35% յուղ և արժեքավոր հումք է սննդային ու տեխնիկական յուղերի ստացման համար։ Ոչ հասուն ընկույզի էնդոսպերմը՝ կոկոսյան կաթը, օգտագործվում է սննդի մեջ։ Ծաղկաբույլի հյութից ստանում են շաքար, օշարակ, գինի։ Պտուղների թաղանթի թելերից, ինչպես նաև տերևների թելիկներից, պատրաստում են ճոպաններ, խոզանակներ և այլն։ Բնափայտը արժեքավոր շինանյութ է։ Հնագույն ժամանակներից հայտնի է 2 կիսագնդերի արևադարձերում, հիմնականում Ֆիլիպիններում, Մալայան կղզեխմբի կղզիներում, Մալակա թերակղզում, Հնդկաստանում։ Մշակվում է նաև Սև ծովի ափին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոսյան արմավենի
Կոկոսի կոճղ

Կոկոսի ընկույզն ունի քարի նման ամուր կճեպապատյան, որը ծածկված է սպունգանման թելավոր թաղանթով, դրա շնորհիվ ընկույզը չի սուզվում ջրում։ Տերևների երկարությունը 3–6,5 մ է, իսկ լայնությունը՝ 1 մ։ Ծառը պտղակալում է աճման 7–10 տարում, մեկ ծառից ստացվում է 20–60 պտուղ։ Պտուղները կախվում են ճյուղերից փնջերով, հասունանում են շատ դանդաղ, ամբողջ տարվա ընթացքում։ Ծառը ապրում է 100, իսկ առանձին տեսակներ մինչև 140 տարի, բերքատվությունը բարձրանում է 20 տարուց հետո։ Պտուղը՝ կոկոսյան ընկույզը (հնդընկույզ) արտաքինից նման է կիտրոնի, բայց շատ ավելի խոշոր։ Միջին քաշը հասնում է 1–12 կգ։ Նպաստավոր կլիմայական պայմաններում աճած բարձր ծառերը տալիս են 100–300 ընկույզ։ Չհասունացած ընկույզի միջուկում կուտակվում է մոտ 0,5 լիտր թափանցիկ, թթվաքաղցր, հաճելի համով ու սառը հեղուկ «կոկոսի ջուր», որը հագեցնում է մարդու ծարավը։ Պտղի հասունացման հետ միասին միջուկի հեղուկի բաղադրության մեջ ավելանում է յուղը։ Բնիկները նրան անվանում են կոկոսի կաթ և օգտագործում կովի կաթի փոխարեն։ Կոկոսի կաթը պարունակում է 27 % ճարպայուղ, 6% ածխաջրեր, 4 % սպիտակուց։ Ընկույզի հասունացման ժամանակ միջուկի պարունակությունը պնդաում է՝վերածվելով սպիտակ, պինդ զանգվածի, որը կոչվում է կոպրա։ Կոպրան ընկույզի միջուկի պնդացած յուղն է, որի համը հիշեցնում է հունական ընկույզին։ Մեկ ընկույզի միջուկում կոպրայի պարունակությունը հասնում է մոտ 165 գ–ի։ Չորացրած կոպրայի վերանշակումից ստացվում է կոկոսի յուղ, որը կազմում է կոպրայի կշռի 65 %–ը, իսկ 35 %–ը քուսպն է։ Կոպրան շատ թանկ է գնահատվում համաշխարհային շուկայում։ Նրանից ստացված կոկոսի յուղը մեծ կիրառություն ունի սննդի արդյունաբերության, հատկապես մարգարինի, օճառի և մոմի արտադրության մեջ։ Կոկոսի յուղից արտադրած բարձր որակի օճառը հայտնի է «կոկոսի օճառ» անունով։ Կոպրայից ստացված քուսպը օգտագործվում է որպես սննդարար անասնակեր։ Կոպրայի հիմնական արտադրողներն են հարավ–արևելյան Ասիայի երկրները։ Համաշխարհային շուկա կոպրա արտահանող գլխավոր երկրներն են Ֆիլիպինները, Ինդոնեզիան և Շրի–Լանկան։Շատ ջերմասեր բույս է՝ սիրում է տաք, բայց խոնավ կլիմա, շատ լավ աճում է արևադարձային գոտու օվկիանոսների և ծովերի մերձափնյա խոնավ ու ավազոտ վայրերում։ Նրա պլանտացիաները հիմնականում գտնվում են օվկիանոսների և ծովերի մերձափնյա ցածրադիր շրջաններում։ Որքան ցածր է տեղանքը, այնքան փարթամ է բույսը և խոշոր պտուղները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կ․Հ․Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 526
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկոսյան արմավենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկոսյան արմավենի» հոդվածին։