Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
սուրբ Երրորդություն եկեղեցի, Ֆրեզնո

Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը Մոնթեբելլոյի սուրբ Խաչ տաճարն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորվել է 1972 թվականին, երբ ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բաժանված եկեղեցիներն անջատվել են Նյու Յորքում գտնվող իրենց անթիլիասական կենտրոնից և կազմել նոր թեմ՝ դարձյալ Կիլիկիո աթոռին ենթակա։

Սրբոց Նահատակաց եկեղեցի, Էնսինո

ԱՄՆ-ի հայ երեխաներին հայեցի դաստիարակություն տալու նպատակով թեմի աջակցությամբ կազմվել և հրատարակվել է «Կանթեղ», հայոց լեզվի, պատմության և Հայ դատի դասագրքերը, «Հռոմկլա» Հոլիվուդի Սուրբ Հովհաննես Կարապետ առաջնորդանիստ եկեղեցին տարեգիրքը, ինչպես նաև Առաջնորդարանի «Պրիսմակ» երկլեզկյա տեղեկատու ամսաթերթը, բազմաթիվ հայագիտական գրքեր։ 1985-1996 թվականներին թեմի առաջնորդն էր Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը։ Նրա պաշտոնավարության ժամանակ օծվել են Օրինջ Քաունթիի Սուրբ Քառասնից մանկանց և Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցիները, բացվել են Փասադենայի Լեոն և Հասմիկ Թավլյան և Գլենդելի Թուֆենկյան մանկապարտեզները, տպագրվել են հայոց լեզվի և պատմության դասագրքեր։ Առաջնորդարանի հովանավորությամբ 1995 թվականից գործում է Կալիֆոռնիայի հանրային դպրոցների հայ ուսանողների հարցերով զբաղվող հանձնախումբը (California Armenian Students of Public Schools-CASPS), որը ներկայումս եռանդուն աշխատանք է իրականացնում Գլենդելում։

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդն է Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը (1996 թվականից)։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին առաջնորդ Սմբատ արքեպիսկոպոս Լափաճյանի օրոք կազմակերպվել է Օրինջ Քաունթիի համայնքը, հիմնվել են Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցին և ամենօրյա վարժարանը (հետագայում՝ Անուշ և Վահան Շամլյան ազգային վարժարան), սկսվել է Հոլիվուդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու կառուցումը։ 1977-1985 թվականներին թեմի առաջնորդն էր Եփրեմ վրդ. Թապազյանը (1980 թվականից՝ եպիսկոպոս)։ Կառուցվել են Ազգային առաջնորդարանի նոր շենքը, Ֆերահյան վարժարանի նոր համալիրը, Սան Ֆրանցիսկոյի Գռուզյան-Զաքարյան Վասպուրական վարժարանը, ավարտվել է Հոլիվուդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու շինարարությունը, կատարվել է Օրինջ Քաունթիի Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու հիմնարկեքը։ Օծվել է Փասադենայի Սուրբ Սարգիս եկեղեցին, գնվել նոր եկեղեցի Գլենդելում և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։