Հիրիկ պարկային (լատ.՝ Iris germanica), հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր բույս, որը բնության մեջ այլևս չի հանդիպում, ոչնչացել է և պահպանվել է միայն մշակության մեջ։ Պարտիզագործության բնագավառում տարածված հիրիկի հազարավոր տեսակներ ստացվել են այս տեսակից։
Հիրիկի տերևները հիմնականում արմատամերձ են, երկշարք, թրանման կամ գծանման։ Ծաղիկները գտնվում են ճյուղավորված ծաղկակիրների վրա։ Ծաղկապատը կազմված է փոքրիկ խողովակից և վեց պսակաթերթիկներից, որոնցից ներքին երեքը դեպի ցած են հակված, իսկ վերինները ուղղաձիգ դիրք են գրավում՝ հաճախ ծայրով շփվելով մեկը մյուսի հետ։ Դրանց գունավորումը խիստ բազմազան է։ Ծաղկում է գարնանը կամ ամռան առաջին կեսերին։ Լուսասեր է, սակայն երիտասարդ բույսերը ավելի լավ են աճում կիսաստվերում։ Պահանջկոտ չէ հողային պայմանների նկատմամբ, բայց լավ է աճում սննդանյութերով հարուստ, կավային հողերում։ Արարատյան դաշտի պայմաներում առատ ոռոգման կարիք է զգում։ Լավ է աճում և առատորեն ծաղկում է հողը պարարտացնելու դեպքում։
Բազմանում է կոճղարմատները բաժանելու եղանակով, գարնանը կամ ամռան վերջում։ Սերմերով բազմացնում են միայն սելեկցիոն նպատակներով։ Թուփը նույն տեղում առանց բաժանելու 3-4 տարուց ավելի չի կարելի թողնել։ Հակառակ դեպքում՝ ծաղկումը աստիճանաբար նվազում է, իսկ ծաղիկները մանրանում են։ Պիտանի է բոլոր տիպերի ծաղկադեկորատիվ ձևավորումներում[1]։