Կարանտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուժաշխատողներն այցելում են էբոլայով տառապող մեկուսացված հիվանդին
Հիվանդի մեկուսացում (Չինաստան, 2020 թվական)

Կարանտին (իտալ.՝ quarantena, quaranta giorni — քառասուն օր), հակահամաճարակային միջոցառումների համակարգ բժշկության մեջ, կիրառվում է` համաճարակի օջախից վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և օջախը վերացնելու նպատակով։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ կիրառվել է 14-րդ դարում Իտալիայում, որտեղ ժանտախտի նկատմամբ ոչ ապահով վայրերից ժամանած նավերը խարսխակայանում պահվում էին 40 օր (այստեղից էլ՝ անվանումը)։ Հետագայում կարանտինը սկսեցին կիրառել այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար։ 19-րդ դարում կատարվեցին կարանտինային միջոցառումների միջազգային համաձայնության առաջին փորձերը՝ ժանտախտի, խոլերայի, դեղին տենդի, բնական ծաղկի տարածման դեմ պայքարելու նպատակով։ Այդ միջոցառումների մշակման համար առաջին միջազգային կոնֆերանսը տեղի է ունեցել Փարիզում` 1851 թվականին։ Կարանտինի վերաբերյալ ժամանակակից միջոցառումները կարգավորվում են միջազգային սանիտարական կանոններով, որոնք ընդունվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության 4-րդ նստաշրջանում 1951-ին (1956 և 1957-ին կատարված ուղղումներով)։

Կարանտինի կարող են ենթարկվել տները, հանրակացարանները, նավերը, զորամասերը, գնացքները, բնակավայրերը, ամբողջ շրջաններ և տեղանքներ։ Երկրի ներսում վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով կարանտինը նախատեսում է հայտնաբերել և մեկուսացնել հիվանդներին, բացիլակիրներին, չթույլատրել հաճախելու դպրոցներ և այլ մանկական հիմնարկներ, բացիլակիրներին և վարակիչ հիվանդների հետ շփվողներին, մի շարք սանիտարական միջոցառումներ՝ սանիտարական մշակում, վարակազերծում, իմունացում։

Հիվանդների մեկուսացումը կարելի է կատարել ստացիոնար բուժհիմնարկներում (հոսպիտալներում) կամ տանը։ Պարտադիր հոսպիտալացման կարող են ենթակա լինել ժանտախտով, խոլերայով, ծաղիկով, բծավոր, ետադարձ, որովայնային տիֆերով, պարատիֆերով, դիզենտերիայով, վիրուսային սարդաբորբով, սալմոնելոզով, դիֆթերիայով, կորոնավիրուսով հիվանդները։ Մի շարք վարակիչ հիվանդությունների դեպքում (քութեշ, կապույտ հազ, ջրծաղիկ, խոզուկ, կարմրուկ) թույլատրվում է Հիվանդների մեկուսացումը կատարել տնային պայմաններում՝ կիրառելով հարկ եղած սանիտարա-հակահամաճարակային պահանջները։ Հիվանդների մեկուսացումը շարունակվում է նրանց վարակելիության ողջ շրջանում, իսկ եթե ապաքինումից հետո նրանք մտնում են բակտերիակիրներ, ապա ստացիոնարից դուրս գրվելուց հետո կիրառում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ (բակտերիակրության բուժում, ընթացիկ ախտահանում, ֆագիզացիա, անձնական և կենցաղային հիգիենային կանոնների խիստ պահպանում)։ Որոշ դեպքերում (հատկապես հատուկ վտանգավոր հիվանդությունների դեպքում) մեկուսացման են ենթարկվում նաև հիվանդի հետ շփվող անձինք՝ տվյալ հիվանդության գաղտնի շրջանի առավելագույն տևողությամբ։ Առողջարաններում, հանգստյան տներում, մանկական առողջապահական հիմնարկներում, մանկապարտեզներում և մանկամսուրներում, ինչպես նաև հիվանդանոցների ոչ վարակիչ (թերապևտիկ, վիրաբուժական և այլն) բաժանմունքներում վարակիչ հիվանդությունների համար առանձնացվում է հատուկ սենյակ՝ մեկուսարան։

Անասնաբուժական կարանտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբուծության մեջ հնարավորություն է տալիս կանխել կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածումը։ Սահմանվում է վարակիչ հիվանդություններ (դաբաղ, սիբիրախտ, ժանտախտներ, խոշոր եղջերավորների խշխշան պալար, խլախտ, վարակիչ սակավարյունություն, խոզերի կարմրախտ, ոչխարների ծաղիկ, պաստերելիոզ, միկոպլազմոզ, իշխան ձկան դիսկոկոտիլոզ և այլն) հայտնաբերելիս։ Կարանտինային հիվանդությունների ցուցակը հաստատվում է տվյալ պետության անասնաբուժական կանոնադրությամբ։ Այն փոփոխում կամ լրացնում է գյուղատնտեսոթյան նախարարությունը կամ դեպարտամենտը՝ հրատարակելով համապատասխան հրահանգներ։ Հիվանդության տարածման բնույթից ելնելով՝ անասնաբուժական կարանտին սահմանվում է առանձին բակերի, հոտի, կերահրապարակի, ջրամբարների, տնտեսությունների կամ դրանց բաժանմունքների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 302