Հիսուս Քրիստոսի արձան (Հատիս լեռ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիսուս Քրիստոսի արձան (այլ կիրառումներ)
![]() | |
![]() | |
| Տեսակ | քանդակ և Հիսուս Քրիստոսի արձան |
| Ստեղծում | 2022 |
| Երկիր | |
| Քաղաք | Հատիս |
| Բնակավայր | Կոտայքի մարզ |
Հիսուս Քրիստոսի արձան, կառուցման փուլում գտնվող արձան Հայաստանում, որը նախատեսվում է տեղադրել Երևանից 30 կմ հյուսիս-արևելք գտնվող՝ Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին[1]։ Քանդակը կառուցվում է 2022 թվականից[2]։
Արձանի նախաձեռնողն է գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը, քանդակագործ՝ Արմեն Սամվելյան։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանը տեղակայվելու է Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք՝ Հատիս լեռան գագաթին (բարձրությունը՝ 2528 մ)։ Լեռը համարվում է բնական հուշարձան և ունի հրաբխային ծագում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին, իսկ արձանի բազայի կառուցումը՝ 2023 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիսուս Քրիստոսի արձանը Հատիս լեռան վրա կառուցելու գաղափարը ներակայցվել է գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից[2], որի ֆինանսավորումն իրականացվում է նրա հիմնադրամի միջոցներով[3]։ Նախագծի գլխավոր քանդակագործն է Արմեն Սամվելյանը, ճարտարապետական և ինժեներական լուծումներն իրականացվում են մի քանի տեղական ընկերությունների կողմից։
Տեսաուղերձում Գագիկ Ծառուկյանը, որպես նախաձեռնող, հիմնավորել է նախագիծը։ Ծառուկյանը նշել է, որ Հայաստանը դժվար ժամանակներում է ապրում և ընդգծել, որ հայերը, որոնք առաջին ժողովուրդն են, որ 301 թվականին ընդունել են քրիստոնեությունը որպես պետական կրոն, անցյալի բոլոր մարտահրավերները միշտ հաղթահարել են իրենց հավատքի միջոցով։ Հետևաբար, հիմա ճիշտ ժամանակն է կրկին միավորվելու հավատքի շուրջ[4]։
Ըստ Ծառուկյանի՝ այս արձանը կակտիվացնի և կզարգացնի Հայաստանի զբոսաշրջությունը[5]։
2024 թվականի օգոստոսին տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ արձանը գրեթե պատրաստ է. «Արձանը պետք է լինի յուրահատուկ, այն չպետք է համեմատելի լինի աշխարհում եղած որևէ բանի հետ»[6]։
Արձանի բացման ամսաթիվը դեռևս հայտարարված չէ։ Հայկական լրատվամիջոցների տվյալներով՝ բացումը պետք է կայանա 2025 թվականի ավարտին[5][3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոսի քանդակը պետք է ունենա խորհրդանշական 33 մետր բարձրություն, որը Հիսուսի ապրած տարիների քանակն է[4]։ Պատվանդանը պետք է ունենա 68 մետր բարձրություն։ Հուշարձանը, որի ընդհանուր բարձրությունը լինելու է 101 մետր, թեպետ սկզբում նախատեսվում էր 77,7 մետր[7], պետք է տեղադրվի 2528 մետր բարձրություն ունեցող Հատիս լեռան վրա։ Հայկական աղբյուրների համաձայն՝ կառուցումից հետո այն կլինի Քրիստոսի ամենաբարձր արձաններից մեկը[2][3]։ Արձանը կշռելու է 17-20 տոննա[7]։ Քանդակի հեղինակն է ճարտարապետ, քանդակագործ Արմեն Սամվելյանը[8][5]։
Հնագիտական ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հունվարի 8-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք արձանը տեղադրվելու է Հատիս լեռան գագաթին, նշել է, որ այն չի տեղադրվելու հուշարձանի տարածքում[1]։ Նախարարը հայտնել է, որ լեռան գագաթին իրականացված հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են կիկլոպյան ամրոցի հետքեր[1]։ Նրա խոսքով՝ հիմնադրամի հետ կնքված հուշագրի շրջանակներում կատարվել են պեղումներ, որոնց արդյունքում հուշարձանի տարածքը ամբողջությամբ առանձնացվել է և ճանաչվել որպես նորահայտ հուշարձան[1]։ Տարածքից հայտնաբերվել են մի շարք գտածոներ՝ ներառյալ հին մետաղադրամներ, որոնք հնարավորություն են տալիս հստակեցնել հուշարձանի սահմանները և դրա մշակութային արժեքը[1]։ Նախարարը հավելել է, որ տարածքը կարող է դառնալ զբոսաշրջային հետաքրքրության վայր[1]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանի տեղադրումը խառը արձագանքներ է առաջացրել Հայաստանի սոցիալական ցանցերում[4][9]։
Որոշ հայ օգտատերեր քննադատել են որոշումը՝ այն անվանելով «դեգրադացիա» կամ «հիվանդ մտքի արդյունք»։ Քննարկումների մեջ կային նաև մեղադրանքներ, որ գումարներ են ծախսվում կրոնական հուշարձանների վրա՝ գիտությունն ու տեխնոլոգիաները խթանելու փոխարեն, և դա համարել են վերադարձ միջնադար[4]։
Բացի այդ, կասկածի տակ է դրվել ֆինանսական առաջնահերթությունների սահմանումը, հատկապես այն պայմաններում, երբ երկրում շարունակում է պահպանվել մոտ 30 տոկոսի մակարդակով աղքատությունը։ Ֆեյսբուքի օգտատերերից մեկը ենթադրել է, որ միջոցները կարող էին այլ կերպ օգտագործվել, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան և ընչազուրկ մնացած հազարավոր փախստականներին օգնելու համար[4]։
Թեև ՀՀ կառավարությունը հաստատել է նախագիծը, Հայ Առաքելական Եկեղեցին քննադատաբար է տրամադրված ծրագրի նկատմամբ՝ ընդգծելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցումը «հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»[10][9][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Չգիտեմ՝ Հիսուսի արձանը որտեղ է տեղադրվելու, բայց ոչ Հատիս լեռան հուշարձանի տարածքում. ԿԳՄՍ նախարար». news.am. 2025 թ․ հունվարի 8. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Siranush Ghazanchyan (2024-08-26). «Armenia on track to welcome world's tallest statue of Christ» (անգլերեն). Armradio. Վերցված է 2024-10-07-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «World's Tallest Statue of Jesus to Be Erected in Armenia» (անգլերեն). Armenianexplorer. Վերցված է 2024-10-07-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Tigran Petrosyan (2022-01-26). «Gottessohn der Superlative». taz. Վերցված է 2024-10-07-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 ««Հիսուսը» պատրաստ սպասում է». mediafactory.am.
- ↑ «Giant Armenian Statue Of Christ 'Almost Ready'». Վերցված է 2024-10-09-ին.
- ↑ 7,0 7,1 Technologies, Peyotto. «Քրիստոսի արձանը կկառուցվի Հատիս լեռան գագաթին, շինթույլտվություններն արդեն կան. Տոնոյան». Վերցված է 2025 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Հիսուսի արձանը պատրաստ է, այն կդրվի Հատիսի գագաթին․ արդյոք Ծառուկյանը վերականգնել է ենթադրյալ վնասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ». factor.am. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 9,0 9,1 «Construction of massive Jesus statue in Armenia suspended». Վերցված է 2024-10-08-ին.
- ↑ Civilnet (2022 թ․ մարտի 24). «Մայր Աթոռն ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը». CIVILNET. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 26-ին.


