Հին աստվածներ (դրամա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հին աստվածներ (այլ կիրառումներ)
Հին աստվածներ
ՀեղինակԼևոն Շանթ
Ժանրդրամա
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Աբեղա, Սեդա, Հովհաննես վանական, Մարիամ իշխանուհի
Ստեղծման տարեթիվ1909
Հրատարակում(ներ)1912 թվական
Հրատարակման տարեթիվ1909

Հին աստվածներ, Լևոն Շանթի դրամաներից, որ գրել է 1909 թվականին և տպագրել 1912 թվականին։ Բեմադրվել է և մինչև օրս ընդգրկված է Հայաստանի տարբեր թատրոնների խաղացանկերում[1]։ Պիեսի հիման վրա Գևորգ Արմենյանն ստեղծել է համանուն օպերան։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության ենթավերնագիրն է «Հազարամյակ մը մեզմե առաջ»։ Միջավայրը Սևանի հինավուրց կղզին է, ջրի կապույտ շերտով մեծ աշխարհից անջատված անապատը, որտեղ չկան կյանքի լույսերն ու ստվերները, չկան իսկական կրքեր ու բախումներ։ Այստեղ ծվարել են մարդիկ, որոնք հանուն անդրաշխարհային երանության դատապարտված են մաքառելու իրենց մարդկային էության դեմ։ Բայց ջերմեռանդ աղոթքներով և խնկի բույրով արտաքին աշխարհը չի մոռացվում, մարդու մեջ չի մեռնում մարդկայինը, աշխարհիկ կյանքը հարատևում է Կույր վանականի կրոնական մոլեգնության, Աբեղայի հիվանդ ու անարատ սիրո և վանականների գիշերային տեսիլներում։ «Հին աստվածների» կերպարները ապրում են երկու աշխարհում՝ իրականության և մտապատրանքի։ Առաջինը աղքատ ու խեղճ անապատն է. երկրորդը՝ այդ խեղճությունից ծնված շքեղ ու հոգեթով երազը, մարդկային կյանքով ապրելու անհուն կարոտը։

Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցի է կառուցվում։ Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը։

Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։

Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը. իշխանի դուստրը՝ Սեդան, արթմնի, թե երազում, որպես տեսիլք հաճախ հայտնվում է աբեղային և կանչում դեպի աշխարհիկ կյանք։ Իրական Սեդային ընթերցողը չի տեսնում։ Դրամայում հայտնվող Սեդան Աբեղայի երևակայության ծնունդն է, նրա երկրորդ էությունը, ինչպես Վանահոր երկրորդ էությունն է Ճերմակավորը։

Աբեղան մոլորված է։ Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ և «հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի, ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից խոտորվելն ու տառապելը մեծ ցավ է պատճառում նրան»։ Վանահոր վիճակն ավելի է ծանրանում, երբ իշխանուհին խոսում է սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարված սիրո մասին, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել։ Վանահայրը դժվարությամբ խոստովանում է իրեն, որ իրոք, այդ եկեղեցին նվիրված է իր՝ Հովհաննես անունով նախկին երիտասարդին և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում էլ, ինչպես մոխրի տակ թաքնված կրակ։ Կամքի մեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրո շունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն՝ քանդելով մեղավոր սիրո հիշատակի համար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը՝ ազատ հոգու և ազատ մտքի հիմքով։

Սակայն զուր են վանահոր ջանքերը։ Նրա ողբերգությունն ավելի է թանձրանում, երբ չկարողանալով դիմադրել աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհու կանչերին՝ գնալ դեպի արևը, աբեղան իրեն նետում է լիճը, իսկ մինչ այդ իրեն հավատարիմ վանականները հրաժարվել էին քանդել արդեն կառուցված եկեղեցին ու կառուցել նորը։

Հուսահատ ու մերժված, սակայն իր ոգեղեն մտքերից չհրաժարվող վանահայրը հեռանում է կղզուց, գնում փնտրելու այն վայրը և մարդկանց, որոնք կհասկանան և կօգնեն կառուցելու իր եկեղեցին, որի «Հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները՝ իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու է հավատս»։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Տանջանքն է, որ կը բարձրացնէ հոգին, տառապանքն է, որ կը մաքրէ։ Եվ կեանքի ամենէն խոր բանը մահն է։

• Կեանքը խաչ մըն է, որդի՛ս, որ պիտի կրենք մեր ուսին, մինչեւ Տէրը կանչէ մեզի։

• Աշխարհիս երեսին, եթէ տեսնել կ՚ուզես, ինչ որ սրտիդ ուզածն է՝ պէտք է նայիս փակ աչքերով։

• Ո'վ մարդ, ի՞նչ ես գտեր այդ ձախութիւններու, այդ տաժանակիր աշխատանքի, այդ կարօտութիւններու, այդ կռուի ու դառնութեան հովտին մէջ, որուն աշխարհք անունը կուտան։ Այդպէս ալ յիմար հաշիւ։ Քանի մը խղճուկ վայելքներու, քանի մը չնչին հաճոյքներու համար մարդ առնէ ու զոհէ իր հանդերձեալ կեանքի յաւիտենական երանութիւնը։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Հետահայաց». Մայր թատրոնի հին ու նոր մարտահրավերները». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]