Հին Մոնրեալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հին Մոնրեալ
ԵրկիրԿանադա Կանադա
Պաշտոնական կայքvieux.montreal.qc.ca
Հին Մոնրեալ (Կանադա)##
Հին Մոնրեալ (Կանադա)

Հին Մոնրեալ ( ֆր.՝ Vieux-Montréal), պատմական թաղամաս Մոնրեալ քաղաքի Վիլ-Մարի շրջանում, Կանադայի Քվեբեկ նահանգում ։ 1964 թվականին Քվեբեկի մշակույթի նախարարությունը (Ministère des Affaires culturelles du Québec) Հին Մոնրեալի հիմնական մասը հռչակել է պատմական ժառանգություն[1]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Մոնրեալ պատմական շրջանը տարածվում է հին պարսպի սահմաններում, որոնք անցնում են արևմուտքից՝ Մաքգիլլ փողոցով, հյուսիսից՝ Ֆորտիֆիկասիոն նրբանցքով, արևեքից՝ Բերրի և հարավից՝ Քոմմյուն փողոցներով։ Վերջերս իրականացված ընդլայնման արդյունքում տարածքն ընդգրկում է նաև արևմուտքից Սյոր-Գրիզ, հյուսիսից՝ Սեն Անտուան և արևելքից՝ Սեն Յուբեր փողոցները։ Հին Մոնրեալի կազմում է գտնվում նաև Հին Նավահանգիստը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուենտ-ա-Կալյեր թանգարան
Մոնրեալի առաջին հիվանդանոցը՝ the Hôtel-Dieu de Montréal

Մոնրեալի սկզբնական տեղակայումը, որն այդ ժամանակ կոչվում էր Վիլ-Մարի (Մարիայի քաղաք), ճշգրտորեն հայտնի է։ Դա Պուենտ-ա-Կալյերն է, որտեղ ներկայումս գործում է համանուն թանգարան։ Իրենից ներկայացնում է հրվանդան, որտեղ միախառնվում են Սուրբ Լավրենտիոս և Փոքր գետերը (Petite Rivière, որը երբեմն ոչ ճիշտ կերպով անվանում են Սուրբ Պետրոսի գետ)։ Այստեղ 1642 թվականին Պոլ դե Շոմեդի Մեզոննյովը հիմնում է քաղաք-ամրոց, ինչը «Մոնրեալի Աստվածամոր կազմակերպության» պատվերն էր։ Վերջինս ստեղծել էին վանականներ Ժան-Ժակ Օլյեն և Ժերար Լե Ռուայեն։ Այստեղ 1643 թվականին կառուցվել է առաջին ամրոցը, որը կոչվում էր Վիլ Մարի։ Վերոհիշյալ կազմակերպությունը ստանձնում է հողատիրության իրավունք Մոնրեալ կղզում և այստեղ է բերում առաջին բնակիչներին, որպեսզի նրանք զբաղվեն տեղի հնդկացիների կրթությամբ և դաստիարակմամբ։ Քանի որ այստեղ հաճախակի ջրհեղեղներ էին լինում, նրանք ստիպված եղան տեղափոխվել Փոքր գետի մի ափից դեպի հյուսիսային ափ։ Նոր վայրում Ժաննա Մանսի գլխավորությամբ երկու քույրեր հիմնում են Մոնրեալի առաջին հիվանդանոցը՝ the Hôtel-Dieu de Montréal։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրեալի քաղաքապետարան
Մոնրեալի Աստվածամոր տաճար

Հին Մոնրեալը զբոսաշրջային վայր է։ Տեղի որոշ կառույցներ թվագրվում են 17-րդ դարին։ Դա Հյուսիսային Ամերիկայի ամենահին բնակավայրերից մեկն է։ Պատմական քաղաքի արևելյան մասում՝ Ժակ Կարտիե հրապարակի մոտ են գտնվում Մոնրեալի քաղաքապետարանը, Բոնսեկուր շուկան, Բոնսեկուրի Աստվածամոր տաճարը, Շատո Ռեմզեյ պատմական հուշարձանն ու Ժորժ Էտիեն Կարտիեի տուն թանգարանը։ Այստեղից դեպի արևմուտք Պլաս դ'Արմս հրապարակն է, որի հարավային մասում վեր է խոյանում Մոնրեալի Աստվածամոր տաճարը։ Նրան կից Սուրբ Սալփիս ճեմարանի շենքն է, որը համարվում է Մոնրեալի երկրորդ ամենահին կառույցը։ Հրապարակի մյուս կառույցներն առևտրական շինություններ են, հարավային կողմում Մոնրեալի Բանկն է, իսկ արևմտյան մասում՝ Ալդրեդ Բիլդինգ ու Նյու Յորք Լայֆ գրասենյակային շենքերը։ Վերջինս Կանադայի ամենահին երկնաքերն է։ Պատմական քաղաքի հարավարևմտյան մասում է գտնվում Պուենտ-ա-Կալյեր թանգարանը, որտեղ առկա են Մոնրեալի առաջին բնակավայրերի հնագիտական կարևոր ցուցանմուշներ։ Հին Մոնրեալի ճարտարապետությունն ու սալարկված փողոցները պահպանվել են և վերականգնվել, որպեսզի պահպանվի քաղաքի տեսքը այնպիսին, ինչպիսին եղել է այն նախկինում, և դրան են լրացնում ձիակառքերը։ Հին Մոնրեալի ափային հատվածում Հին Նավահանգիստն է, որն իրենից ներկայացնում է հանգստի գոտի՝ շրջապատված տարբեր կառույցներով և թանգարաններով։ Իբերվիլ տերմինալը ծառայում է հանգրվան ծովային շրջագայության նավերի և տարեկան շուրջ 50000 ուղևորների համար։

Մոնրեալի Հին Նավահանգիստ
Մոնրեալի Հին Նավահանգիստ


Մարսի դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսի դաշտը ընդարձակ հասարակական զբոսայգի է, որը տարածվում է Մոնրեալի քաղաքապետարանի և Վիլ-Մարի մայրուղու միջև։ Այն կարևորվում է իր հնագիտական մնացորդներով։ Երկու զուգահեռ քարե ուղիները ներկայիս Մոնրեալի այն սակավ տեղերից մեկն են, որտեղ դեռևս տեսանելի են գաղութային ժամանակաշրջանի ամրաշինությունները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Old Montreal». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Մոնրեալ» հոդվածին։