Հին Լիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիոնի պատմական շրջան
Հին Լիոն
ֆր.՝ Vieux Lyon
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՔաղաքԼիոն
Առաջին հիշատակումմ. թ. ա. 1-ին դար
Մակերես0,3 կմ²
Բնակչություն7000 մարդ
Հին Լիոն (Ֆրանսիա)##
Հին Լիոն (Ֆրանսիա)
Հին Լիոն (Լիոն)##
Հին Լիոն (Լիոն)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 872
ռուս..անգլ..ֆր.

Հին Լիոն (ֆր.՝ Vieux Lyon), միջնադարյան թաղամաս Ֆրանսիայի Լիոն քաղաքի արևմտյան մասում։ Տեղակայված է Ֆուրվիեր բլրի ստորոտին, Սոն գետի աջ ափին՝ դրա գետաբերանից ոչ հեռու։ Հին Լիոնը Եվրոպայի մինչ օրս պահպանված ամենամեծ միջնադարյան թաղամասերից մեկն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. ա. 50 թվականին Գալիայի տարածքը միացվում է Հռոմեական հանրապետությանը (շուտով այն դառնում է կայսրություն)։ Հուլիոս Կեսարի զորահրամանատարներից մեկը՝ Լուցիուս Մունացիուս Պլանկուսը մ. թ. ա. 43 թվականին Ֆուրվիեր բլրի գագաթին հիմնում է մի բնակավայր, որն անվանում է Լուգդունում (Colonia Copia Felix Munatia Lugdunum)[2][3]: Ըստ 1997-2004 թվականներին իրականացված պեղումների տվյալների՝ բլրի ստորոտին դեռ մ. թ. ա. 1-ին դարում (այսինքն՝ մինչև Լուգդունումի հիմնումը) գտնվել է արհեստավորների բավականին նշանակալի բնակավայր[4]։

Մի քանի դարերի ընթացքում բլրի վրա գտնվող քաղաքը բարգավաճել է, ընդհուպ մինչև՝ 197 թվականը, երբ Սեպտիմիուս Սևերուսի և Կլոդիուս Ալբինուսի միջև տեղի ունեցած մարտերի արդյունքում Լուգդունումը[2], այդ թվում նաև բլուրը սնուցող ջրանցույց կամուրջները (ակվեդուկ), ավերվել են։ Նույն տեղում ապրելն անհնար է դարձել․ բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները։ Նրանց մի մասը տեղափոխվել է բլրի ստորոտ՝ Սոն գետի ափ, որտեղից հնարավոր էր ջուր վերցնել։ Դա այն վայրն էր, որը հետագայում անվանել են Հին Լիոն[5]։

Հետագա մի քանի դարերի ընթացքում քաղաքը կորցրել է իր նշանակալիությունը։ Այստեղ բնակչության թիվը զգալիորեն ավելացել է միայն Կարոլինգների ժամանակաշրջանում (մոտ 800 թվական)[6]։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Լիոնը հին փորագրանկարի վրա

Միջին դարերում Հին Լիոնի տարածքը գտնվել է կաթոլիկ եկեղեցու տիրապետության տակ, այն անվանում էին աղոթող քաղաք (ֆր.՝ la ville qui prie): Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարը շրջապատող թաղամասի տարածքում՝ 4 հեկտար տարածության վրա, ստեղծվում է իսկական քաղաք քաղաքի մեջ, որը ներառում էր Սուրբ Էթիեն (ֆր.՝ église St Etienne) և Սուրբ Խաչ (ֆր.՝ église Ste Croix) եկեղեցիները, արքեպիսկոպոսական պալատը, հոգևորականների տներ և նույնիսկ բանտ։

Եկեղեցու տիրապետությունը բացասական ազդեցություն է ունենում քաղաքի զարգացման վրա։ Լիոնը սկսում է հետ մնալ իր հարևաններից. արքեպիսկոպոսներին բավարարում էր տեղային հարկերից և հողային ռենտաներից ստացած հասույթը և չէին հետաքրքրվում այլ շրջանների հետ ապրանքաշրջանառությամբ[7]։

1245 թվականին Լիոնում՝ Հովհաննես Մկրտչի տաճարում, տեղի է ունենում Լիոնի առաջին եկեղեցական ժողովը, որին մասնակցություն են ունենում ավելի քան 140 եպիսկոպոս։ Հռոմի պապ Ինոկենտիոս IV-ը հայտարարում է Ֆրիդրիխ II կայսրի բանադրման և նրան գահընկեց անելու մասին։ Այս քայլից հետո պապը զգուշանում է տուն վերադառնալ և մնում է Լիոնում՝ ընդհուպ մինչև մահը (1251 թ.)՝ այդ մի քանի տարիների ընթացքում Լիոնը փաստացիորեն վերածելով կաթոլիկ աշխարհի մայրաքաղաքի։ 1274 թվականին նույն կառույցում տեղի է ունենում Լիոնի երկրորդ եկեղեցական ժողովը, որի ժամանակ Գրիգոր X պապն ընդունում է քավարանի մասին ուսմունքը, դատապարտում վաշխառությունը և փորձում պայմանավորվել ուղղափառ եկեղեցու հետ միավորվելու համար։ 1305 թվականին Սեն Ժյուստի եկեղեցում (ֆր.՝ église Saint-Just) տեղի է ունենում Կլեմենտ V պապի թագադրումը[7]։

XIII դարի ընթացքում եկեղեցու և առավել շատ ազատություններ պահանջող քաղաքացիների միջև լարվածությունն աճում է։ Ֆրանսիայի արքա Ֆիլիպ IV-ը, իրավիճակից օգտվելով, քաղաքը միացնում է Ֆրանսիայի թագավորությանը։ Լիոնը դառնում է սենեշալություն, որը գլխավորում են համքարությունների ղեկավարների կողմից ընտրված 12 քաղաքացիներ[7]։

Փոքրիկ փողոց Հին Լիոնում

XIV դարը Լիոնի պատմության բարդ ժամանակաշրջանն է։ Քաղաքում տարածվում է ժանտախտը, որի արդյունքում բնակչության թիվը մեկ երրորդով պակասում է. 15 կամ 18 հազարից դառնալով 10 հազար։ Հարյուրամյա պատերազմը մեծ ազդեցություն չի ունեցել Լիոնի վրա, այստեղ նշանակալի մարտեր տեղի չեն ունեցել, սակայն Լիոնը բազմիցս ենթարկվել է փողոցներում թափառող դասալիքների ավազակախմբերի հարձակմանը՝ հատկապես 1356-1368 և 1417-1444 թվականներին[7]։

Վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

XV դարը Լիոնի համար դառնում է ծաղկման ժամանակաշրջան։ Քաղաքն աստիճանաբար ընդարձակվում է արվարձաններով, դարի վերջին արդեն շրջանի և ամբողջ քաղաքի պատմությունների միջև հավասարության նշան է դրվում։ Հին Լինոը դառնում է աշխարհիկ (այստեղ էր գտնվում նահանգապետի պալատը), կրոնական (արքեպիսկոպոսի նստավայրը) և տնտեսական կյանքի (առևտրային կենտրոններ, այստեղ տարին 4 անգամ տոնավաճառներ էին կազմակերպվում) կենտրոնը։ Ժամանակի խոշոր բանկիրների Գադան և Մեդիչի ընտանիքները Լիոնում բացում են իրենց բանկերը։ Նրանք գնում են հին տների ամբողջ թաղամասեր։ Համեստ բնակատեղիների տեղում բանկիրները կառուցում են ֆլորենտինյան ոճի շքեղ առանձնատներ[6][8]։

Գադան ընտանիքի առանձնատան ներքին բակը

Լիոնը գրավիչ վայր է դառնում հայտնի ֆրանսիացիների համար, այդ թվում արքայի, ով 1494 թվականից բազմիցս այստեղ է եկել, քանի որ քաղաքը մոտ էր Իտալիային, որի դեմ թագավորը պատերազմում էր, բացի դրանից, այստեղ ապրում էին այդ պատերազմը ֆինանսավորող բանկիրները։

Հին Լինում, արքեպիսկոպոսական պալատից ոչ հեռու՝ թագավորական նստավայրի ներքևում, առանձնանում է մի յուրահատուկ շինություն. այժմ դրա տեղում Արդարադատության տունն է[8][9]։

1528 թվականին Պիեմոնտից գաղթած Էտիեն Տյուրքեն քաղաքում հիմնում է մետաքսի արտադրություն։ Նա Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ից ստանում է այդ արտադրության մեջ արտասահմանյան աշխատուժի օգտագործման իրավունքի արտոնագիր։ Էտիեն Տյուրքեն մեծ հաջողության է հասնում․ այլ ձեռներեցներ ևս սկսում են կազմակերպել համանման արտադրություններ։ 1540 թվականին 800-1000 մարդ քաղաքում զբաղվում էր մետաքսի արտադրությամբ[8]։

100 տարվա ընթացքում (1597-ից մինչև 1690 թվականը) քաղաքի բնակչությունը մոտ 3 անգամ ավելանում է. 30 հազարից դառնալով 100 հազար։ Միևնույն ժամանակ՝ XVIII դարի կեսերին արդեն գործվածքների արտադրությունը արհեստանոցներից անցնում է մանուֆակտուրաներ և Հին Լիոնից տեղափոխվում Սոնի մյուս ափ՝ Կրուա Ռուս (ֆր.՝ La Croix-Rousse)[6][10]:

1789 թվականին տեղի է սկսվում է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ Սկզբում Լիոնը բավականին հանդարտ էր։ Սակայն 1793 թվականին՝ յակոբինյան ահաբեկչության ժամանակ, քաղաքն ապստամբում է Մարի Ժոզեֆ Շալյեի ղեկավարած մունիցիպալիտետի դաժանությունների դեմ։ Ապստամբությունը դաժանաբար ճնշվում է Ազգային կոնվենտի զորքերի կողմից։ Ռեպրեսիաները ղեկավարում էին Ժոզեֆ Ֆուշեն և Կոլլո դ’Էրբուան։ 1793 թվականին հոկտեմբերի 12-ի դեկրետի համաձայն՝ Լիոնը լիովին ոչնչացման է դատապարտվում, սակայն կործանումից հաջողվում է փրկել Պիեր Սիզ ամրոցը, ինչպես նաև Պրեսքիլ շրջանի Բելկուրի հրապարակը շրջապատող շինությունները[10][11]։

XIX-XX դարասկզբի անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարադատության պալատը Հին Լիոնում

Արդեն XVIII դարի վերջից սկսում է բնակչության միգրացիան Հին Լիոնից դեպի քաղաքի այլ շրջաններ։ XIX դարում այդ գործընթացն արագանում է։ Մանածագործական դազգահի գյուտը, որը պահանջում էր բարձր տանիքներով տարածքների առկայություն, արագացնում է ջուլհակների հոսքը դեպի Կրուա Ռուս թաղամաս։ Դրա հետ մեկտեղ բուրժուազիան տեղափոխվում է Սոնի մյուս ափին գտնվող Պրեսքիլ շրջանի նոր ժամանակակից տները։ Հին Լիոնն աստիճանաբար անկում է ապրում և բնակեցվում աղքատներով[11]։

Երկրորդ կայսրության ժամանակներից քաղաքում զարգանում են արդյունաբերական նոր արտադրություններ. քիմիա, մետաղագործություն, էլեկտրոտեխնիկա։ Հին Լիոնում տեղ չկար նոր գործարանների կառուցման համար, այդ իսկ պատճառով արտադրամասերը կառուցվում էին այդ ժամանակվա քաղաքի ծայրամասերում։ Բարձր վարձատրվող մասնագետները ձգտում էին բնակվել աշխատավայրին մոտ. հին քաղաքը աստիճանաբար դատարկվում է և բնակեցվում բնակչության առավել քիչ ապահովված հատվածով[11]։

Չնայած սրան՝ միջնադարյան թաղամասին նոր շունչ ու կենդանություն հաղորդելու փորձեր արվում էին. այստեղ կառուցվում է երկաթուղային կայարան, անցկացվում են տրամվայի գծեր, կազմակերպվում է աշխարհում առաջին ֆունիկուլյորներից մեկը, որը ձգվում է Հին Լիոնից մինչև Ֆուրվիեր բլրի գագաթը։ 1830-ից 1881 թվականներին Սոնի վրա կառուցվում են մի քանի նոր կամուրջներ։

Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ շրջանի աստիճանական անկումը շարունակվում է։ XX դարի սկզբին, թվում էր, որ Հին Լիոնին նոր կյանք հաղորդելն այլևս անհնար է. տները կիսավեր վիճակում էին, այստեղ ապրում էին ծայրահեղ աղքատ մարդիկ։ 1930 թվականին նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Տրամասակ փողոցում տեղի ունեցած սողանքի զոհ է դառնում 40 մարդ։ Այս ամենը քաղաքի ղեկավարությանը հարկադրում է լուրջ միջոցներ ձեռնարկել. 1958 թվականին ընդունվում է «Քաղաքային բարեփոխման նախագիծը», որը գործնականում նախատեսում էր Հին Լիոնի ամբողջական քանդում[6][12]։

Սեն Ժյուստ ֆունիկուլյորը

Համաշխարհային նշանակության հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի մշակույթի նախարար Անդրե Մալրոյի ջանքերի շնորհիվ 1964 թվականի մայիսի 12-ին օրենք է ընդունվում, համաձայն որի Հին Լիոնը դառնում է պետության կողմից վերահսկվող առաջին քաղաքային շրջանը[6]։ Մալրոյի օրենքը գրեթե անհնարին է դարձնում պատմական ժառանգության ոչնչացումը։ Դրանով նախատեսվում էր հատուկ կազմակերպության ստեղծում, որը պետք է գներ պատմական շինությունները, ռեստավրացներ և նոր միայն դրանք վաճառեր նոր գնորդներին։ SEMIRELY կոչվող այդ կազմակերպությունը գործում է մինչև 1976 թվականը՝ նախկին հետնախորշերը վեածելով զբոսաշրջային մարգարիտների[6][12]։

2011 թվականի հուլիսի 7-ին 35-րդ համագումարի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարահյին ժառանգության կոմիտեն քաղաքի ողջ պատմական մասը՝ այդ թվում Հին Լիոնի շրջանն ամբողջությամբ, համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառելու մասին որոշում է ընդունում[13][14][15]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պողոսի եկեղեցին և Լիոն-Սեն Պոլ կայարանը

Հին Լիոնի պատմական շրջանը զբաղեցնում է 30 հեկտար տարածք, դրա կազմի մեջ են մտնում 500 շինություն՝ 3000 բնակարաններով, ուր ապրում է 7000 մարդ[16]։ Ավանդաբար շրջանը բաժանվում է 3 թաղամասի. հյուսիսում գտնվում է ֆինանսական և առևտրային կենտրոն Սեն Պոլը՝ խոշոր բուրժուազիայի թաղամասը, մեջտեղում՝ Սեն Ժանը՝ բարձրաստիճան հոգևորականության և արիստոկրատիայի թաղամասը, հարավում՝ Սեն Ժորժը՝ արհեստավորների թաղամասը[17]։

Հնէաբանական պեղումները ցույց են տվել, թե ինչպես է ընթացել քաղաքային այս թաղամասերի զարգացումը։ Առաջինը կառուցվել են փողոցի երկայնությամբ տները, իսկ հակառակ կողմի բակերը թողնվել են տնտեսական շահագործման նպատակով։ Որոշ ժամանակ անց այդ շինությունների հակառակ կողմում ևս կառուցվել են տներ։ Մի տնից մյուսին անցումը իրականացվել է ծածկված անցուղիներով։ Դրանցից որոշները միացնում էին մի փողոցը մյուսին և կոչվում տրաբուլներ. դրանք բնորոշ էին միայն Լիոնին։ Տները փողոցի կողմից բավականին համեստ էին երևում, բայց դրանց դիմացի մասը՝ բակի կողմից հաճախ զարդարված էր լինում շքեղ զարդաքանդակներով և արձանիկներով[6]։

Սեն Պոլ թաղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնդիի պալատը (Լիոնի կոնսերվատորիա)

Սեն Պոլ թաղամասը (ֆր.՝ Saint-Paul) գտնվում է Հին Լիոնի հյուսիսային մասում։ Ինչպես և մյուս երկու թաղամասերը, սա ևս կառուցված է համանուն եկեղեցու շուրջը։ Միջնադարում սկզբում բնակեցվել է հոգևորականներով, իսկ XII-XIII դարերում վերածվել է քաղաքի գործարարական կենտրոնի։ 1872-1876 թվականներին թաղամասում կառուցվում է երկաթուղային կայարան, փորվում է թունել Ֆուրվիեր բլրի միջով։

Հին Լիոնի երեք թաղամասերից Սեն Պոլը ամենից շատն է տուժել ավերումներից և վերակառուցումներից[18][19]։

Լիոնյան հենց այս թաղամասում են կատարվում Բերտրան Տավեռնիեի «Ժամագործը Սեն Պոլից» ֆիլմի իրադարձությունները, որը նկարահանվել է Ժորժ Սիմենոնի դետեկտիվ վեպի մոտիվներով (1974)[19]:

Սուրբ Պողոսի եկեղեցի (Սեն Պոլ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պողոսի եկեղեցին (Սեն Պոլ, ֆր.՝ Église Saint Paul) քաղաքի հնագույն եկեղեցիներից մեկն է։ Հիմնադրվել է Լիոնի եպիսկոպոս Սուրբ Սակերդոսի կողմից 549 թվականին։ Հետագայում եկեղեցին բազմիցս վերակառուցվել է։ Նեոգոթական ոճով կառուցված ժամանակակից շինությունը վերաբերում է XIX դարի երկրորդ կեսին[20]։

Բոնդիի պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնդիի պալատը (ֆր.՝ Palais de Bondy) կառուցվել է 1902-1904 թվականներին Բոնդիի ափին՝ Լիոնի կոնսերվատորիայի համար։ Այն բաղկացած է երկու համերգասրահներից՝ Մոլիեր և Վիտովսկի, և Գինյոլի թատրոնից։ Շինության մեջ առանձնացված է նաև ցուցադրություններ կազմակերպելու համար նախատեսված 600 մ2 տարածք[21]։

Ժյուիվերի փողոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիբեր Դելորմի պատկերասրահ

Ժյուիվերի փողոցը (ֆր.՝ La Rue Juiverie, թարգմ․՝ Հրեական փողոց) հիշեցնում է քաղաքի այդ հատվածում XIII և XIV դարերում գոյություն ունեցած հրեական շրջանի մասին։ XV դարում փողոցում բնակություն են հաստատել հարուստ առևտրականներ, ովքեր գեղեցիկ տներ են կառուցել իրենց համար[22]։ Այդ տներից ամենահայտնին Բյուլյուի տունն է (№ 8), որն աչքի է ընկնում իր անցուղով՝ կառուցված այդ ժամանակ 26-ամյա ճարտարապետ Ֆիլիբեր Դելորմի նախագծով։ Անցուղին կառուցվել է 1536 թվականին մի քանի շենքեր իրար կապելու համար[23]։

Սեն Ժան թաղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Ժան (ֆր.՝ Saint-Jean) թաղամասը տեղակայված է Հին Լիոնի միջնամասում։ Հենց այս թաղամասում է գտնվում շրջանի ճարտարապետական հուշարձանների մեծ մասը՝ ներառյալ մայր տաճարը, որի անունով էլ կոչվել է թաղամասը[18][24]։

Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար (Սեն Ժան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար (Սեն Ժան տաճար, ֆր.՝ Cathédrale Saint-Jean-Baptiste), 1079 թվականից հանդիսանում է Գալիայի (Ֆրանսիա) պրիմասի նստավայրը։ Ժամանակակից շինության հիմքեը դրվել են դեռևս 1165 թվականին, բայց կառուցումն ավարտվել է միայն XIV դարում։ Կառուցման ժամանակ օգտագործվել են հռոմեական ժամանակաշրջանի կառույցի աղյուսներ։ Այստեղ անց է կացվել եկեղեցական երկու ժողով. 1245 թվականին և 1274 թվականին, 1316 թվականին այստեղ իրականացվել է Հովհաննես XXII պապի թագադրությունը, իսկ 1600 թվականին Հենրի IV-ի և Մարիա Մեդիչիի պսակադրությունը։

Տաճարի շենքը կառուցված է գոթական ոճով և ունի 80 մետր երկարություն, 26 մետր լայնություն և 32,5 մետր բարձրություն[25]։ Այստեղ է գտնվում XIV դարի աստղագիտական ժամացույց՝ 9,35 մետր բարձրությամբ և 2,2 մետր լայնությամբ. այն ցույց է տալիս ամսաթիվը, լուսնի, արեգակի և երկրի դասավորությունը։ Ժամացույցը ճիշտ ամսաթիվը ցույց կտա մինչև 2019 թվականը[26]։ Սեն Ժան հրապարակում՝ տաճարի դիմաց, գտնվում է 1844 թվականին կառուցված շատրվան, որը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից (հեղինակները Ժան-Մարի Բոնասիոն և Ֆելիքս Բերնասկոնին են)[27][28]։

Մանեկանտերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանեկանտերի

Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարից հարավ գտնվում է Մանեկանտերին (ֆր.՝ Manécanterie, լատին․՝ mane cantare բառից, թարգմանաբար նշանակում է «երգել առավոտից»)։ Սա Լիոնում պահպանված ամենահին շենքներից մեկն է, վերակառուցվել է XI դարում՝ VIII դարի շինությունից, որի հիմքը դրվել դեռևս II դարում։ Ի սկզբանե շինությունը օգտագործվել է որպես սեղանատուն հարևան տաճարի հոգևորականների համար։

«Մանեկանտերի» անվանել են տղաների համար նախատեսված՝ երգի եկեղեցական դպրոցը։ Նախկին սեղանատունը դպրոցի վերածվել է XIV դարում։ Վերածննդի ժամանակաշրջանում մանեկանտերիները համարվել են հեղինակավոր ուսումնական հաստատություններ, ուր երեխաները ոչ միայն երգել էին սովորում, այլև հոգևոր կրթություն ստանում, այնպես, որ դպրոցն ավարտելուց հետո կարող էին եկեղեցական կարիերա ստեղծել։

1930 թվականից սկսած Մանեկանտերիում բացվել է եկեղեցական արժեքների թանգարան[29]։

Հնագիտական այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական այգին (ֆր.՝ Jardin archéologique) գտնվում է Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարից հյուսիս։ Այն իրենից ներկայացնում է Լիոնի հնագույն եկեղեցիների ավերակներ, որոնք հայտնաբերվել են 1970-ական թվականների պեղումների ժամանակ։ Պարտեզի հարավային մասում գտնվում է Սուրբ Ստեփանոսի (ֆր.՝ Saint-Etienne) եկեղեցին, հյուսիսային մասում՝ Սուրբ Խաչը (ֆր.՝ Sainte-Croix): Այստեղ են գտնվում նաև IV դարում կառուցված, մոտ 30 մետր գետի երկայնությամբ ձգվող պարսպի ավերակները։ Պարսպից դեպի արևմուտք գտնվում են 2 դահլիճների մնացորդներ. մեծը (14х23 մետր), ամենայն հավանականությամբ նախկինում եղել է արքեպիսկոպոսների ընդունելության սրահ, փոքրը՝ (9,4х12,3 մետր) իրենից ներկայացնում է V դարի վաղքրիստոնեական ութանկյունանի մկրտարան[30][31]։

Բորսա (Լոժ դյու Շանժ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոժ դյու Շանժ

Բորսան (ֆր.՝ Loge du Change) գտնվում է, այժմյան Շանժի հրապարակում, որը միջնադարում եղել տոնավաճառային հրապարակ։ Հրապարակից ոչ հեռու գտնվում էր մաքսատունը (քանդվել է 1848 թվականին, այժմ դրա տեղում գտնվում է Արդարադատության պալատը)։ Այդ իսկ պատճառով հենց այստեղ է 1631-1653 թվականներին գործել, Սիմոնա Գուրդեի նախագծով կառուցված բորսայի շենքը, որտեղ գտնվել են բանկիրների գրասենյակները։

Ժամանակակից շինությունը վերակառուցվել և ընդարձակվել է 1748-1750 թվականներին Ժակ Ժերմեն Սուֆլոյի նախագծով. նորոգվել է շենքի ճակատային մասը, ավելացվել է սյունաշարը, կառուցվել երկրորդ հարկ։ Սակայն վերակառուցված տեսքով բորսան աշխատել է կարճ ժամանակահատված. Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ այն վերածվել է վառոդի գործարանի, իսկ 1803 թվականից տրամադրվել է բողոքական համայնքին և հայտնի դարձել Temple du Change անունով։ Հենց այս շենքում է 1938 թվականին տեղի ունեցել 4 բողոքական եկեղեցիների միավորումը Ֆրանսիայի ռեֆորմատորական եկեղեցու մեջ[32][33]։

Արդարադատության պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարադատության պալատը (ֆր.՝ Palais de Justice) (անվանվում է նաև Արդարատության պատմական պալատ, որպեսզի տարբերվի Պար Դյո շրջանում կառուցված արդարադատության ժամանակակից շենքից) գտնվում է բորսայի շենքից ոչ հեռու՝ Սոնի ափին։ Հին ժամանակներում այդ տեղում գտնվել է, այսպես կոչված Ռոանյան տունը, որը նախկինում միաժամանակ և՛ դատարան է եղել, և՛ բանտ։ Ժամանակակից շենքը կառուցվել է 1835-1844 թվականներին կլասիցիզմի ոճով՝ Լուի Պիեր Բալտերի նախագծով[34]։

Թոմասենի տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասենի տունը

Թոմասենի տունը (ֆր.՝ maison Thomassin) Լիոնում պահպանված ամենահին բնակելի տներից մեկն է։ Այն կառուցվել է 1298 թվականին ժամանակի ամենահարուստ ընտանիքներից մեկի՝ Ֆյուերների պատվերով։

Տան սկզբնական տեսքից գրեթե ոչինչ չի պահպանվել, միայն երկրորդ հարկի սենյակի առաստաղը։ Տան ճակատային մասը վերակառուցվել է 1493 թվականին գոթական ոճով՝ նոր տանտիրոջ՝ առևտրական Կլոդ Թոմասենի պատվերով։ Ավելի ուշ տունը ռեստավրացվել է XVIII և XX դարերում[35]։

Գադանների տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գադանների տունը (ֆր.՝ Maison Gadagne) կառուցվել վերածննդի ժամանակաշրջանում (XIV դար)։ Ի սկզբանե այն կառուցվել է Պյերվիվ վաճառական ընտանիքի համար, իսկ XVI դարի կեսերին անցել է Գվադան կամ Գադան իտալական բանկիրների ընտանիքի տիրապետության տակ, ում անունով և կոչվել է այն։ Բաղկացած է միմյանց հետ անցուղով կապվող մի քանի շենքերից։

1902-1941 թվականներին Լիոնի քաղաքային վարչությունը գնել է այդ շինությունը, և այնտեղ այժմ գործում է 2 թանգարան. Լիոն քաղաքի թանգարանը և Մարիոնետների թանգարանը։ Այդ իսկ պատճառով շինությունը հաճախ անվանում են «Գադան թանգարաններ» (ֆր.՝ Les Musées Gadagne)[4]:

Կուր դե Լոժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուր դե Լոժ

Կուր դե Լոժ (ֆր.՝ Cour des Loges) անվանում են Բյոֆ (ֆր.՝ Rue du Bœuf) փողոցի № 2, 4, 6 և 8 տները։ Սրանք մի քանի պատմական շինություններ են, որոնք կառուցվել են 1341 թվականին (№ 2 և № 4 տները), XV (№ 6 տունը) և XVI (№ 8 տունը) դարերում։ 4 տները միացված են ներքին բակերով և կամարաձև անցուղով։ Ի սկզբանե տները կառուցվել են իտալացի վաճառականների համար, որոնք 4 լիոնյան մեծ տոնավաճառների ժամանակ տարվա մեջ ամենաքիչը 4 ամիս անց էին կացնում քաղաքում։ Ավելի ուշ շինությունները եղել են բուրգունդյան իշխանների նստավայր, ճիզվիտների դպրոց, բնակելի տներ։ XIX դարի վերջին № 6 տանը գործել է լաբորատորիա և այստեղ ապրել է մոգ և մեդիում «դոկտոր Ֆիլիպը» (Ֆիլիպ Նիզիեն), ով եղել է Նիկոլայ II-ի հովանավորյալը մինչև վերջինի ծանոթությունը Գրիգորի Ռասպուտինի հետ։ Այժմ շինությունները միավորված են և շահագործվում են որպես հյուրանոց[36]։

Փաստաբանների տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաբանների տունը (ֆր.՝ Maison des Avocats) միջնադարյան բնակելի բազմահարկ տուն է՝ եռահարկ կամարաձև սրահներով։ Ամենահին մասը՝ արևելյանը, կառուցվել է XIV դարում Անդրե Բերշեի պատվերով։ 1406 թվականից շինությունը վերածվել է հյուրանոցի։ Հետագայում դրան ավելացվել են նոր կառույցներ, որոնցից վերջինը՝ 1528 թվականին։ 1968 թվականին ծրագրվել էր քանդել շենքը, սակայն այն գնվեց քաղաքային վարչության կողմից, ռեստավրացվեց, և 2005 թվականից այնտեղ գործում է Մանրաերկի և կինոյի թանգարանը[37]։

Շամարիեի տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամարիեի տունը

Շամարիեի տունը (ֆր.՝ Maison du Chamarier) միջնադարյան բնակելի տուն է։ Շամարիե անվանում էին մայր տաճարի ֆինանսների կառավարչին, այդ իսկ պատճառով, զարմանալի չէ, որ տունը գտնվում էր Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարի պարիսպներից ներս։ Տունը կառուցվել է XIII դարում։ Շենքը վերակառուցվել է 1496-1516 թվականներին, և համարվում է Լիոնի հազվագյուտ տներից մեկը, որը կրում է հեռացող գոթական ոճի վերածննության ոճով փոխարինման ազդեցությունը։ 1672-1673 թվականներին այս տանն ապրել է մարկիզուհի դը Սևինյեն։ 2004 թվականից սկսած տունը ենթարկվել է լուրջ ռեստավրացիայի[38]։

Տրաբուլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրաբուլ (ֆր.՝ Traboule) անվանումն առաջացել է trabouler (կտրել-անցնել) բայից, որն էլ իր հերթին առաջացել է ժողովրդական խոսակցական լատիներենի trabulare և դասական լատիներենի transambulare բառերից, նշանակությունը նույնն է։ Հին Լիոնի Սեն Ժան թաղամասը հայտնի է մի փողոցը մյուսին միացնող իր գաղտնի անցումներով՝ տրաբուլներով[39]։

Սեն Ժորժ թաղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գեորգի եկեղեցին

Սեն Ժորժ թաղամասը (ֆր.՝ Saint-Georges) գտնվում է շրջանի հարավային մասում։ Այն Հին Լիոնի ամենաքիչ հայտնի և զբոսաշրջիկների կողմից ամենաքիչը այցելվող թաղամասն է։ Անտիկ ժամանակներից մինչև վաղ միջնադար այստեղ գտնվել են նավահանգստային շինություններ։ XI-XII դարերում թաղամասը սկսում է աստիճանաբար բնակեցվել՝ հիմնականում չքավոր խավի կողմից։ XV-XVI քաղաքը վերածվում է արհեստավորական կենտրոնի, ամենից առաջ ջուլհակության (և մնում է այդպիսին մինչև XVIII դարի վերջը և XIX դարի սկիզբը, երբ ջուլհակները տեղափոխվում են Կրուա Ռուս)։ Հենց այս թաղամասում է ծնվել տիկնիկագործ Լորան Մուրգեն՝ Գինյոլի տիկնիկների ստեղծողը[18][40][41]։

Սուրբ Գեորգի եկեղեցի (Սեն Ժորժ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գեորգի եկեղեցի (Սեն Ժորժ եկեղեցի, ֆր.՝ Église Saint Georges), քաղաքի ամենահին եկեղեցիներից մեկը, ի սկզբանե անվանվել է Սուրբ Եվլալիայի եկեղեցի (ֆր.՝ Église Sainte Eulalie) և հիմնադրվել է Լիոնի եպիսկոպոս Սուրբ Սակերդոսի կողմից 547 թվականին։ VIII դարում եկեղեցին ավերվել է սարակինոսների արշավանքների ժամանակ, վերականգնվել 802 թվականին եպիսկոպոս Լեյդրադի կողմից՝ Սուրբ Գեորգի եկեղեցի անվանումով։ XIV դարում եղել է Հիվանդախնամների միաբանության նստավայրը՝ միևնույն ժամանակ մնալով ծխական եկեղեցի։ Նեոգոթական ոճով կառուցված ժամանակակից շենքը կառուցվել է 1844 թվականին՝ ճարտարապետ Լուի Բրեսոնի նախագծով և զարդարվել է Շառլ Դյուֆրենի քանդակներով[42]։

Տրինիտեի հրապարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգիյոնի զառիվերը և Գինյոլի թատրոնը

Տրինիտեի հրապարակը (ֆր.՝ Place de la Trinité) կառուցվել է 1820 թվականին։ Հրապարակին են նայում 5 հինգհրականի տների ճակատամասերը, այստեղ հատվում են 5 փողոցներ[43]։

Գուրգիյոնի զառիվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգիյոնի զառիվերը (ֆր.՝ Montée du Gourguillon) Տրինիտե հրապարակից ելնող 5 փողոցներից մեկն է, տանում է դեպի Ֆուրվիեր բլրի գագաթին գտնվող անտիկ թատրոն։ Փողոցի սկզբնամասում տեղակայված է Գինյոլի տիկնիկային թատրոնը։ Տրինիտե հրապարակից մոտ 100 մետր հեռավորության վրա, ձախ կողմում գտնվում է Էթիեն Տյուրկեի փակուղին։ Այստեղ գտնվող XIV դարի երկու տները իրենց տեսակով միակն են Լիոնում[44]։

Սուրբ Լավրենտիոսի եկեղեցի (Սեն Լորան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Լավրենտիոսի եկեղեցու (ֆր.՝ Vestiges de l'Église Saint-Laurent) ավերակները գտնվում են Հին Լիոնի հարավային ծայրամասում։ Դրանք վաղքրիստոնեական եկեղեցու հիմքի մնացորդներն են, երբ Լիոնը դեռ բուրգունդների մայրաքաղաքն էր։ Եկեղեցու 50х20 չափի սեղանակերպ հիմքը 1947 թվականին պեղել են Ամաբլեմ Օդենը և Պիեր Վյուիերմեն. այն այժմ թանգարան է[45]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Հին Լիոնը մինչ օրս պահպանված միջնադարյան ամենամեծ շրջաններից մեկն է, ժամանակակից քաղաքի համեմատությամբ դրա չափերը բոլորովին մեծ չեն. ոչ ավելի քան 2 կմ երկարություն և 250 մետր լայնություն։ Այդ իսկ պատճառով այստեղ ներշրջանային հասարակական տրանսպորտ չկա, բառացությամբ ավտոբուսների, որոնք անցնում են Սոնի ափով։ Շրջանի կենտրոնում տեղակայված է D գծի «Vieux Lyon - Cathédrale Saint-Jean» մետրոյի կայարանը, որով իրականացվում է փոխադրումը դեպի ֆունիկուլյորի զույգ գծեր, որոնք տանում են Ֆուրվիեր բլրի գագաթ։ Հին Լիոնի հյուսիսային մասում տեղակայված է քաղաքամերձ գնացքների Լիոն-Սեն Պոլ կայարանը[18][46]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Le quartier di Vieux Lyon» (ֆրանսերեն). Only Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 «Lyon» (ֆրանսերեն). Archives Musagora. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «Fourvière». Histoire - Architecture (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 «Les Musées Gadagne». Saint-Jean (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «L'histoire des traboules» (ֆրանսերեն). Les Traboules de Lyon. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «Histoire. Architecture». Vieux Lyon (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Le Vieux Lyon au Moyen Age : De la cité religieuse à la cité commerçante» (ֆրանսերեն). Le Vieux Lyon : 20 siècles d'Histoire !. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. 8,0 8,1 8,2 «L'apogée du Vieux Lyon : la Renaissance» (ֆրանսերեն). Le Vieux Lyon : 20 siècles d'Histoire !. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. «Le Palais Royal ou Maison de Roanne» (ֆրանսերեն). Le Vieux Lyon : 20 siècles d'Histoire !. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. 10,0 10,1 «Du XVI au XVIIIème siècle : le triomphe de la soie» (ֆրանսերեն). Le Vieux Lyon : 20 siècles d'Histoire !. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Le XIXème siècle» (ֆրանսերեն). Le Vieux Lyon : 20 siècles d'Histoire !. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  12. 12,0 12,1 «Le XXème siècle : un siècle de rebondissement !» (ֆրանսերեն). Le Vieux Lyon : 20 siècles d'Histoire !. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. UNESCO Décisions adoptées par le Comité du patrimoine mondial à sa 35e session(ֆր.) // WHC-11/35.COM/20. —Paris, 7 juillet 2011.
  14. UNESCO Clarifications des limites et des superficies des biens par les Etats parties en réponse à l’Inventaire rétrospectif(ֆր.) // Patrimoine mondial. 35COM 8D. —Paris, 6 mai 2011. — С. 7.
  15. UNESCO Site historique de Lyon: délimitation du bien et de sa zone tampon lors de son inscription sur la liste en 1998(ֆր.).
  16. «Quartier Renaissance Vieux-Lyon» (ֆրանսերեն). Lyon. Site officiel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  17. «Vieux-Lyon» (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Lyon agglomération. — Montreuil: Blay-Foldex.
  19. 19,0 19,1 «Saint-Paul» (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  20. «L'Église Saint Paul». Saint-Paul (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  21. «Le Palais de Bondy». Saint-Paul (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  22. «La Rue Juiverie». Saint-Paul (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  23. «La Galerie Philibert de L'Orme». Saint-Paul (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  24. «Saint-Jean» (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  25. «Արխիվացված պատճենը». Archidiocèse de Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2 avril 2015-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն).
  26. «La Cathédrale Saint-Jean». Saint-Jean (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  27. «Fontaine Sculpture Place Saint Jean Baptême du Christ». Le Guichet du Savoir — Bibliothèque municipale de Lyon. 2013. Վերցված է 30 juin 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |jour= ignored (օգնություն)
  28. Séverine Penlou 2008, Deuxième partie : les « acteurs » de la sculpture religieuse. — I. Statuts et métiers de la sculpture : conséquences sur l’élaboration des œuvres. — 1. Des différents statuts de « sculpteurs » au xixe siècle. — Note 78., p. 57
  29. «Musée du trésor de la Cathédrale St-Jean». Mairie de Lyon. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 29 décembre 2016-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  30. «Jardin archéologique». Saint-Jean (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  31. «Jardin archéologique». Parcs et Jardins (ֆրանսերեն). Lyon. Site officiel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  32. «La Loge du Change». Saint-Jean (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  33. «La Place du Change» (ֆրանսերեն). Le Vieux Lyon : 20 siècles d'Histoire !. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  34. «Le Palais de Justice». Saint-Jean (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  35. «La Maison Thomassin». Saint-Jean (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  36. «La Cour des Loges». Saint-Jean (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  37. «La Maison des Avocats». Saint-Jean (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  38. «La Maison du Chamarier» (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  39. «Les traboules du Vieux Lyon» (ֆրանսերեն). Lyon. Site Officiel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  40. «Saint-Georges» (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  41. «Le quartier St Georges» (ֆրանսերեն). Le Vieux Lyon : 20 siècles d'Histoire !. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  42. «L'Église Saint Georges». Saint-Georges (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  43. «La Place de la Trinité». Saint-Georges (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  44. «La Montée du Gourguillon». Saint-Georges (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  45. «Les Vestiges de l'Église Saint-Laurent». Saint-Georges (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  46. «Vieux Lyon – Cathédrale Saint-Jean» (ֆրանսերեն). Ferro-Lyon. 2013-21-01. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • André Latreille, Histoire de Lyon et du Lyonnais, Privat, 1975, avec Richard Gascon & al. 2-7089-4701-X
  • André Pelletier, Jacques Rossiaud, Françoise Bayard et Pierre Cayez, Histoire de Lyon : des origines à nos jours, Éditions Lyonnaises d'Art et d'Histoire, 2007, Lyon, 955p. 978-2-84147-190-4
  • André Pelletier, Histoire de Lyon ; De la capitale des Gaules à la métropole européenne ; De -10 000 à + 2007., Éditions lyonnaises d'Arts et d'Histoire, 2007, Lyon, 143p. 978-2-84147-188-1
  • Bruno Benoit et Roland Saussac, Histoire de Lyon
  • Jean-Pierre Gutton, Histoire de Lyon illustrée, Toulouse, Le Pérégrinateur éditeur, 2008, 2-910352-48-X
  • Patrice Béghain, Bruno Benoit, Gérard Corneloup, Bruno Thévenan, Dictionnaire historique de Lyon, Stéphane Bachès, 2009, Lyon, 1054p. 978-2-915266-65-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Լիոն» հոդվածին։