Հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա, հիմնական ֆոնդերի արժեքի մաս առ մաս փոխանցումը (մաշվելու համեմատ) դրանց միջոցով արտադրվող արդյունքին և այդ արժեքի օգտագործումը՝ աշխատանքի միջոցների մաշվածքը փոխհատուցելու համար։ Հիմնական ֆոնդերի ամորտիզացիան աշխատանքի միջոցների այն մասն Է, որը մաշվելուն համեմատ նրանցից անջատվում Է, փոխանցվում արդյունքի մեջ՝ նախապես գոյություն ունենալով որպես անավարտ արտադրության, այնուհետև՝ պատրաստի ապրանքային արտադրանքի արժեքի մաս, իսկ վերջինիս իրացումից հետո դրամական գումար՝ նախատեսված մաշումը փոխհատուցելու համար։

Անհրաժեշտություն և գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա անհրաժեշտությունը բխում է վերարտադրության պրոցեսում հիմնական ֆոնդերի մասնակցության առանձնահատկություններից հիմնական ֆոնդերը գործում են արտադրության մի շարք պարբերաշրջանների ընթացքում՝ պահպանելով իրենց բնաիրային ձևը։ Արդյունքի յուրաքանչյուր միավորի արժեքը պարունակում է հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա, սւյսինքն՝ հիմնական ֆոնդերի սկզբնական (եթե կատարվել է վերագնահատում, ապա վերականգնման) արժեքի մի մասը։ Համապատասխանաբար, որոշակի մեծության հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա է պարունակում և ձեռնարկության տարեկան հասույթը։ Հիմնական ֆոնդերի օգտագործման ժամկետը լրանալուց հետո նրանց յուրաքանչյուր տարրի արժեքն ամբողջությամբ վերադառնում է դրամական ձևով, այսինքն՝ ավարտում է իր պտույտը, և հիմնական ֆոնդերը փոխհատուցվում են արժեքային արտահայտությամբ։ Բնաիրային ձևով հիմնական ֆոնդերը վերարտադրվում են մասնակիորեն (կապիտալ նորոգում) և ամբողջովին (նորացում)։ Հիմնական ֆոնդերի արժեքային մաշվածքին զուգընթաց գոյանում է փոխհատուցման ֆոնդ, որը կոչվում է ամորտիզացիոն ֆոնդ։ Այդ ֆոնդը ստեղծվում է ամենամսյա ամորտիզացիոն մասհանումների միջոցով՝ պետության սահմանած նորմաներով։ Գիտականորեն հիմնավորված ամորտիզացիոն նորմաների սահմանումը ենթադրում է հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն ժամանակ աշրջանի (ծառայության ժամկետի) որոշումը՝ հաշվի առնելով ինչպես դրանց ֆիզիկական, այնպես էլ բարոյական մաշումը։ Գործող նորմաների կարևորագույն առանձնահատկությունն այն Է, որ գրեթե լրիվ հաշվի են առնում սարքավորումների բարոյական մաշումը, ինչպես նաև միջին նորոգման ծախսերը, որ տարեկան կատարվում են մեկ անգամից ոչ ավելի և իրենց տնտեսական բնույթով չեն տարբերվում կապիտալ նորոգումից։ Ամորտիզացիոն մասհանումները մտնում են արտադրանքի ինքնարժեքի մեջ՝ բաժանվելով երկու մասի՝ հիմնական ֆոնդերի լրիվ փոխհատուցման և դրանց մասնակի նորոգման համար։ Ընդ որում, առաջանցիկ տեմպերով աճում են հիմնական ֆոնդերի նորացման մասհանումները։

ԽՍՀՄ մասշտաբով հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մասշտաբով դրանց բաժինն ամբողջ ամորտիզացիոն մասհանումների մեջ 1950-ի 24%-ից 1968-ին հասել է 49%-ի (արդյունաբերության մեջ համապատասխանաբար՝ 32 և 51%)։ Այդ կապակցությամբ նվազում է կապիտալ նորոգման մասհանումների բաժինը, թեև դրանց գումարը բացարձակորեն աճում Է։ Պլանավորման և տնտեսական խթանման նոր համակարգով նորացման համար ամորտիզացիոն մասհանումների զգալի բաժինը (շատ ճյուղերում 30—45%) թողնվում է ձեռնարկություններին՝ որպես չկենտրոնաց– ված կապիտալ ներդրումների ֆինանսավորման աղբյուր։ Այդ միջոցները մտնում են ձեռնարկության զարգացման ֆոնդի մեջ։ Կապիտալ նորոգման ամորտիզացիոն մասհանումների վերաբաշխումը սահմանափակ Է, առավելագույնը՝ 10%։ Կապիտալ նորոգման ամորտիզացիոն ֆոնդը թույլատրվում է օգտագործել նոր հիմնական ֆոնդեր ձեռք բերելու համար, երբ այն ավելի արդյունավետ Է, քան հների նորոգումը։ Հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիաի տնտեսական բովանդակությունը հիմնական ֆոնդերի պարզ վերարտադրության ապահովումն Է, բայց պարունակում է նաև ընդլայնված վերարտադրության տարր։ Ամորտիզացիան արտացոլում է հիմնական արտադրական ֆոնդերի մաշումը և օգտագործվում կապիտալ ներդրումների, կապիտալ նորոգման ու արդիականացման նպատակով։ Այն կարևոր է հասարակական արդյունքը, արտադրանքի ինքնարժեքը, գները, կապիտալ ներդրումների արդյունավետությունը հաշվարկելու, հիմնական ֆոնդերի ռացիոնալ օգտագործումը խթանելու, տնտեսական հաշվարկն ամրապնդելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 327 CC-BY-SA-icon-80x15.png